Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում գրել է․
«Խորը վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրի մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»։
Հիշեցնենք, որ 2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։
Դանա Մազալովան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին չեխական Օպատով քաղաքում, ուր եւ ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան։ Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այնուհետեւ անցել էր ակտիվ լրագրողական գործունեության, աշխատել էր Մլադա Ֆրոնտա, Ռեֆլեքս պարբերականներում, ապա՝ 1990 ականների սկզբին՝ իբրեւ Չեխական հեռուստատեսության սեփական թղթակից Մոսկվայում, որտեղից էլ մեկնել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ լուսաբանելով նորանկախ Հայաստանի առօրյան ու Արցախի հիմնախնդիրը։
Դեռեւս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին նա ոչ միայն մի խումբ չեխ եւ հայ ակտիվիստների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլեւ «Արմենիա» ակումբի հետ համատեղ նա կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում։
Դանան ակտիվ դեր խաղաց չեխական մամուլում ու հեռուստատեսությամբ Արցախի խնդրի լուսաբանման հարցում։ Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։
Անցած տարիներին Դանան շարունակեց պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարը՝ լինի դա չեխական խոհրդարանում, թե Բրյուսելում ՝ Եվրոխորհրդարանում։ Հանդես եկավ բազմաթիվ հարցազրույցներով թե՛ չեխական մամուլում, թե ՛ ՕՐԵՐ եվրոպական ամսագրում, թե Հայաստանի ու սփյուռքի լրատվամիջոցներում։
Դանա Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաեւ Հայ Դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքում՝ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին բարձր է գնահատել Դանա Մազալովայի` Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցությունը եւ պարգեւատրել է նրան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով։ Չեխական լրատվամիջոցների կողմից Դանան արժանացել է «Լավագույն լրագրող» մրցանակին։