Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։
Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ես խորապես ցավում եմ հայտնի չեխ լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա թողեց ճշմարտության և արդարության քարոզի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»։
2020թ. սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։
Դանան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին չեխական Օպատով քաղաքում, ուր եւ ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան։ Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այնուհետեւ անցել էր ակտիվ լրագրողական գործունեության, աշխատել էր «Մլադա Ֆրոնտա», «Ռեֆլեքս» պարբերականներում, ապա՝ 1990-ականների սկզբին՝ իբրեւ Չեխական հեռուստատեսության սեփական թղթակից Մոսկվայում, որտեղից էլ մեկնել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ լուսաբանելու նորանկախ Հայաստանի առօրյան ու Արցախի հիմնախնդիրը։
Դեռեւս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին նա ոչ միայն մի խումբ չեխ եւ հայ ակտիվիստների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլեւ «Արմենիա» ակումբի հետ համատեղ կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում։
Դանան ակտիվ դեր խաղաց չեխական մամուլում ու հեռուստատեսությամբ Արցախի խնդրի լուսաբանման հարցում։ Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։
Անցած տարիներին Դանան շարունակեց պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարը՝ լինի չեխական խոհրդարանում, թե Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում։ Հանդես եկավ բազմաթիվ հարցազրույցներով թե՛ չեխական մամուլում, թե՛ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրում, թե՛ Հայաստանի ու Սփյուռքի լրատվամիջոցներում։
Դանա Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաեւ Հայ Դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր միջոցառումների ընթացքում՝ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին բարձր է գնահատել Դանա Մազալովայի` Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցությունը եւ պարգեւատրել նրան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով։ Չեխական լրատվամիջոցների կողմից Դանան արժանացել է «Լավագույն լրագրող» մրցանակին։