Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
365news.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը:
– Պարոն Բալայան, երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց ղարաբաղյան բանակցությունների մասին՝ նշելով, որ «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում քննարկվել է երկու տարբերակ. առաջին տարբերակի համաձայն` հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում 5 շրջան, իսկ երկրորդ տարբերակի համաձայն` հանձնում է 7 շրջան՝ ճանաչման անորոշ հեռանկարով: Ինչո՞ւ է Ադրբեջանը, ըստ էության, իր համար ձեռնտու այս տարբերակներից հրաժարվել:
– Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը մեծ հավակնություններ ունի: Ադրբեջանի իշխանությունը մշտապես հայտարարում է, որ իրենք չեն հանդուրժի հայկական երկու պետությունների գոյությունը քարտեզի վրա, և նրանք, ըստ էության, ձգտում են ոչնչացնել Արցախի Հանրապետությունը՝ մշտապես սպառնալիքներ ու հավակնություններ ներկայացնելով: Իսկ ինչ վերաբերում է նախկինում առաջ քաշած տարբերակներին, ապա, կարծում եմ, դրանց մասին խոսք լինել չի կարող լինել, քանի որ դրանք արդեն անցած էտապներ են:
-Նշվում է, որ այսօր բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա: Ի՞նչ եք կարծում՝ երբվանի՞ց բանակցային սեղանին այլևս քննարկվող փաստաթուղթ չկա:
– Հստակ չեմ կարող ասել, թե ե՞րբ այդ ամենը տեղի ունեցավ: Արցախյան կողմն այդ բանակցություններից դուրս է մնացել, և մենք տեղեկատվություն ստանում էինք լրատվամիջոցներից ու ՀՀ մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում: Վերջերս ՀՀ արտգործնախարարն ԱՀ ԱԺ-ում մեզ հետ հանդիպեց և հանդիպան ընթացքում ևս մեկ անգամ նշեց, որ նման բանակցային գործընթաց չկա: Այդ իսկ պատճառով էլ ես հստակ չեմ կարող ասել, թե բանակցային գործընթացն ի՞նչ ընթացք է ունեցել և ե՞րբ են այդ գաղափարները հանվել բանակցություններից կամ մտցվել բանակցություններ:
– Այսինքն՝ Արցախը պետք է դառնա բանակցային կո՞ղմ:
– Ամեն ինչի մեջ կա որոշակի տրամաբանություն: Վերջիվերջո, արցախահայությունը դուրս եկավ պայքարի ու հայ ժողովրդի աջակցությամբ հասավ այս հաղթանակին ու «Արցախի մեծ պայմանագրի», այսինքն՝ բանակցային որևէ փաստաթղթի տակ պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանության ստորագրությունը: Ինչքան Ադրբեջանը սա անտեսի, այնքան հարցը մնալու է բաց ու չլուծված:
– Արայիկ Հարությունյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշեց, որ տասնամյակներում այս հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր հավանականություն ունի, պետք է ռեալիստ լինել՝ մտածելով ժողովրդի անվտանգության մասին: Ինչի՞ մասին է խոսում Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը:
– Կարծում եմ՝ նախագահը նկատի է ունեցել այն, որ բանակցություններն անարդյունավետ են: Ես միշտ ասել ու կցանկանամ կրկնել, որ մեր հարցը մենք պետք է ներսում լուծենք, այսինքն՝ երկիրը հզորացնելու, երկրի դիմադրողականությունն ուժեղացնելու, անվտանգային ռեժիմն ավելի կատարելագործելու ճանապարհով:
Սակայն ոչինչ չի խանգարում այս ամենի հետ միասին նաև փորձենք բանակցությունների միջոցով խնդիրը լուծենք, քանի որ աշխարհի համար այս տարբերակն ընդունելի է, և մենք չենք կարող երկրագնդից դուրս ապրել: Համակեցության այն կանոններով, որ ապրում են աշխարհի առաջադեմ երկրները, մենք ևս պետք է այդ կանոններով ապրենք, այսինքն՝ նստենք ու խոսենք: Մեր ժողովուրդը պատերազմից չի վախենում, ինչպես նաև չի վախենում հարևանի հետ խոսելուց ու խնդիրներին լուծում տալուց:
Մելինե Պետրոսյան