կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 20:05
Քաղաքական

Հաջորդ շաբաթ ԵՄ-ն կհաստատի Հայաստանի հետ նոր փաստաթղթի մշակման համար բանակցային թիմի մանդատը

Հաջորդ շաբաթ ԵՄ-ն կհաստատի Հայաստանի հետ նոր փաստաթղթի մշակման համար բանակցային թիմի մանդատը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել խոսքով:

 «Ուրախ եմ ողջունել Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրին, ով Երևան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու համար: Մենք օգտվեցինք այս առիթից, որպեսզի հանդիպում անցկացնենք, քննարկենք մեր երկու երկրների՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև, ինչպես մենք կոչում ենք՝ առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Բնականաբար, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որովհետև, գիտեք, որ Ֆրանսիան եռանախագահող երկրներից մեկն է: Ես իմ զրուցակցին ներկայացրի այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման, սադրանքների հետևանքով թե Հայաստանի սահմանին, թե Ղարաբաղի հետ շփման գծում։ Իսկապես, իրավիճակը բավական սրվել է:

Ես վերահաստատեցի, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ միասին ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Քանի որ պարոն Դեզիրը Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարարն է, մենք անդրադարձանք նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, և մենք վերահաստատեցինք երկու կողմի ցանկությունը նոր իրավական հենք ստեղծել համագործակցության համար։ Այս կապակցությամբ հույս ունենք, որ մոտակա օրերս՝ հնարավոր է արդեն, որ հաջորդ շաբաթ ընթացքում, Եվրամիությունը կհաստատի իր բանակցային թիմի մանդատը, և մենք կսկսենք բանակցությունները Եվրամիության հետ համապատասխան փաստաթղթի մշակման և կնքման վերաբերյալ:

Իհարկե, մենք անդրադարձանք նաև բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային խնդիրների։ Խոսեցինք Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպման օրակարգի մասին։ Անդրադարձ կատարվեց տարբեր միջազգային կառույցների շրջանակներում մեր համագործակցությանը: