կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 16:43
Հասարակություն

Հայեցակարգային հակասություններ կամ հայագիտության «հինգերորդ շարասյունը» (մաս 1-ին)

Հայեցակարգային հակասություններ կամ հայագիտության «հինգերորդ շարասյունը» (մաս 1-ին)

Հանրակրթության հայագիտական բլոկին առնչվող տխրահռչակ չափորոշիչների շուրջ ծավալվող բանավեճ-քննարկումները վերջին շրջանում նոր դրսևորումներով են վերաբացահայտում որոշ գաղափարներ, որոնք այս կամ այն չափով հնչել են նաև նախկինում: Այժմ դրանք ձեռք են բերում առանձնահատուկ հնչեղություն, որովհետև ավելի պարզորոշ են դառնում դրանց աղբյուրը, շարժառիթներն ու նպատակները: Մենք նկատի ունենք, մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հակիրճ, բայց հայեցակարգային նշանակության խոսքում տեղ գտած որոշ մտքեր, որոնք ոչ միայն պատմագիտական, այլև, ավելին, գոյաբանական որոշակի հայեցակարգի բաղադրիչներ են, հետևաբար առանձնահատուկ կարևորություն ունեն ինչպես մեր պատմական անցյալի արժևորման, այնպես էլ ապագայի համազգային տեսլականի առումով:

Դրանք են.

1) Հայոց պետականությունը 2500 տարեկան է, այսինքն՝ սկիզբ է առնում Երվանդունիների թագավորական հարստության շրջանից:
2) Արդի հայ պատմագիտությունը «հայդատական» է և ոչ մի աղերս չունի ակադեմիական, այսինքն՝ իրապես գիտական պատմագիտության հետ, որի արժեքների կրողներն էին Ն. Ադոնցը, Հ. Մանանդյանը, Ս. Երեմյանը և Գ. Սարգսյանը: Որպես այդպիսին՝ արդի հայ պատմագիտությունը նույն հարթության վրա է խորհրդային ժամանակների «գռեհիկմատերիալիստական» պատմագիտության հետ:

Նշված հարցերի շուրջ արդեն իսկ հնչել են մի շարք ծանրակշիռ հակադարձումներ, որոնք, մեր կարծիքով, ՀՀ առաջին նախագահի կողմից բարձրաձայնված հարցադրումները շոշափել են միայն պատմագիտական տեսանկյունից, այնինչ, ինչպես նշեցինք, դրանք ունեն նաև այլ հայեցակերպեր, որոնց վերաբերյալ գրեթե ոչինչ չի ասվել: Ուստի ավելորդ չենք համարում մեր տեսակետի շարադրումը վերոհիշյալ հարցադրումների կապակցությամբ:

Ըստ առաջին նախագահի՝ խորհրդային պատմագիտությունը «գռեհիկմատերիալիստական» էր: Թեպետև խորհրդային ողջ պատամագիտությանը տրվող այդպիսի կտրուկ գնահատականի հետ դժվար է համաձայնվել, բայց նրանում կա ճշմարտության բաժին, ուստի հակադրվելն անիմաստ ենք համարում: Սակայն պիտի նկատի ունենալ, որ խորհրդային (այդ թվում՝ խորհրդահայ) պատմագիտությունը հայ ժողովրդի և հայկական պետականության կազմավորման ժամանակի հարցերում պաշտպանել է նույն տեսակետը, որն ընդունում է նաև ՀՀ առաջին նախագահը: Ինչպես որ վերջինս է հայկական պետականությանը վերագրում 2500-ամյա կենսագրություն՝ նրա կազմից դուրս թողնելով ոչ միայն մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում ձևավորված հնագույն հայկական պետությունը՝ Արատտան, նրան հաջորդած համեմատաբար փոքր տարբեր պետական կազմավորումները (Գուտի, Հայասա-Ազզի, Արմե-Շուպրիա), այլև Արարատյան (Վանի/Բիայնայի) թագավորությունը կամ Ուրարտուն, այդպես էլ վարվում էր նաև «գռեհիկմատերիալիստական» հորջորջված խորհրդային պատմագիտությունը, այդ թվում՝ այն, հիրավի, վաստակաշատ պատմաբանները, որոնց մասին հիշատակում է առաջին նախագահը: Այդ ցանկից մենք, այնուամենայնիվ, բացառություն կանեինք Ն. Ադոնցի և Հ. Մանանդյանի համար, որոնցից հատկապես առաջինի գիտական կենսագրությունը որևէ կերպ չի առնչվում խորհրդային պատմագիտությանը: Ուստի այն կաշկանդումները, որ հայտնի պատճառներով ունեին խորհրդահայ պատմագիտության ներկայացուցիչները, չունեին Ն. Ադոնցն ու Հ. Մանանդյանը:

Գիտական յուրաքանչյուր դրույթ զգալի չափով իր ժամանակի ծնունդն է, եթե նույնիսկ իր ժամանակից առաջ է անցնում և նոր հուն է բացում գիտության տվյալ բնագավառում: Ասվածը վերաբերում է հատկապես հումանիտար գիտություններին, այդ թվում՝ պատմագիտությանը: Ըստ այդմ, եթե խորհրդահայ պատմագիտությունը հայ ժողովրդի կազմավորման ավարտի և հայկական առաջին պետականության կազմավորման ժամանակի հարցերում, մի կողմից, կաշկանդված էր նախկին ԽՍՀՄ պատմագիտության մեջ ձևավորված կարծրատիպերով, որոնց հիմքում ընկած էին բազմազգ կայսրությանը բնորոշ գաղափարախոսական նկատառումներ, մյուս կողմից, սակայն, նա կրողն էր դեռևս նախախորհրդային շրջանում ձևավորված գիտական պատկերացումների՝ ի դեմս նաև ադոնցյան, մանանդյանական, իսկ եթե ավելի հեռուն գնանք, կրեչմերյան պատմալեզվաբանության: Վերջինի համաձայն նույնպես, ինչպես և ըստ խորհրդային պատմագիտության, հայ ժողովուրդը եկվոր էր իր պատմական հայրենիքում. նա փոքրասիական տարածաշրջանում հայտնվել էր մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին՝ «ծովի ժողովուրդների»՝ փռյուգացիների, թրակացիների, խեթերի, թերևս՝ նաև հունական առանձին ցեղախմբերի հետ միասին: Հայ ժողովրդի ծագումնաբանության այդպիսի ըմբռնման հիմքում հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության եվրոպական վարկածն էր, որն ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերն ընդունել է ժամանակի նշանավոր լեզվաբանների ու պատմաբանների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ հայագետները (Հ. Հյուբշման, Ա. Մեյե, Հ. Պեդերսըն, Հ. Աճառյան, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան և ուրիշներ): Այդ առումով բացառություն էր Գ. Ղափանցյանը, որը, լինելով Ն. Մառի դպրոցի ներկայացուցիչ, ի սկզբանե մերժողական դիրք ընդունեց պատմահամեմատական հնդեվրոպական լեզվաբանության և լեզվաբանական այդ ուղղության հետ «համագործակցող» պատմագիտության նկատմամբ (հմմտ. «… հայոց լեզուն իր գերակայող ծագումնաբանական բովանդակությամբ գտնվում է այդ ասիանիկ լեզուների խուռի-ուրարտական, խեթա-լուվիական և վրացական լեզվական խմբերի միջև … Հայերենը խիստ հագեցած է հնդեվրոպական լեզվական բաղադրիչներով, որոնք այդ լեզվին տալիս են խառն ծագումնաբանական բնույթ»): Հնդեվրոպական նախահայրենիքի եվրոպական վարկածն այսօր էլ հետևորդներ ունի հնդեվրոպաբանության մեջ: Հետևապես հայ ժողովրդի հնագույն պատմության վերաբերյալ գիտական պատկերացումները, 19-րդ դարի վերջերից սկսած, զգալի չափով ձևավորվել են հնդեվրոպական համեմատական լեզվաբանության ազդեցությամբ: Ասվածի ուղղակի հաստատումն են Ն. Ադոնցի հետևյալ տողերը. «Այնուամենայնիվ, անժխտելի է, որ էթնիկական մեծ շարժումները, սեմականներից բացի, ուղղված են եղել հյուսիսից դեպի հարավ»: Ավելի որոշակի. «Որ հայերն իսկապես եկել են Արևմուտքից, դրա լավագույն ապացույցն է նրանց լեզուն, որը պատկանում է հնդեվրոպական լեզուների մեծ ընտանիքին և հատկապես նրա արևմտյան կամ եվրոպական ճյուղին (ընդգծ. իմն են՝ Վ. Պ.)»: Եթե ընդգծված առաջին միտքը հնդեվրոպական նախահայրենիքի եվրոպական վարկածի ուղղակի հաստատումն է, ապա երկրորդը, որ սկիզբ է առնում թերևս Հ. Հյուբշմանից, վաղուց հնացած պատկերացում է, որովհետև դեռևս 20-րդ դարի սկզբներից՝ Մեյե-Պեդերսընի ժամանակներից, հայերենը դասվում է հնդեվրոպական լեզուների արևելյան՝ սատըմ խմբի մեջ, իհարկե, նկատի առնելով, որ այդպիսի խմբերի տարբերակումը բացարձակ չէ: Հնդեվրոպական նախահայրենիքի տեղորոշման հարցում Ն. Ադոնցի հետ համամիտ է նաև Հ. Մանանդյանը. « … այժմյան հայերի նախահայրերը հնդեվրոպական արմեններն են, որոնք Փոքր Ասիայից գաղթել են Հայաստան, հավանորեն, յոթերորդ դարում կամ վեցերորդ դարի սկզբներում մեր թվականությունից առաջ»: Իսկ Փոքր Ասիայում, այդ տեսության համաձայն, հնդեվրոպական արմենների նախնիները, ինչպես արդեն նշեցինք, հայտնվել էին Եվրոպայից «ծովի ժողովուրդների» մեծ գաղթի ժամանակ:

20-րդ դարի առաջին կեսին ինչպես առհասարակ լեզվաբանության, այնպես էլ, մասնավորապես, համեմատական լեզվաբանության նոր ձեռքբերումները նախադրյալներ ստեղծեցին ավանդական հնդեվրոպաբանության մեջ ամրագրված մի շարք պատկերացումների վերանայման, այդ թվում՝ համեմատական լեզվաբանությունը «դասական» հռչակված լեզուների՝ հին հնդկերենի, հին հունարենի և լատիներենի պատանդի կարգավիճակից ազատագրելու համար, որում նա հայտնվել էր դեռևս Ֆ. Բոպի ժամանակներից՝ պատմահամեմատական լեզվաբանության ձևավորման սկզբնական փուլում: Հնդեվրոպական նախաձևերը վերականգնելիս նախկինում լուսանցքային համարված լեզուների (հայերենի, ալբաներենի, փռյուգերենի, խեթա-լուվիական, թոխարական, դարդյան /իմա՝ հնդիրանական – Վ.Պ./ լեզուների և այլն) տվյալների կարևորումը հ.-ե. նախալեզվի հնչույթային և քերականական համակարգերի ճշգրտման առումներով հանգեցրին նաև լեզուների միջև մերձավոր ցեղակցական կապերի մասին ձևավորված պատկերացումների վերանայման և հ.-ե. նախահայրենիքի տեղորոշման հարցերը այլ մեկնակետերով քննելու գաղափարներին: Ամենևին չհետապնդելով հարցի քննությունը համեմատական լեզվաբանության դաշտ տեղափոխելու նպատակ, քանզի սույն հոդվածը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, միայն ասենք, որ ինչպես առհասարակ հնդեվրոպաբանության, այնպես էլ հայ ժողովրդի նախահայրենիքի տեղորոշման և որպես էթնիկական հանրույթ՝ կազմավորման ժամանակի առումներով, պատմագիտական, հնագիտական, մշակութաբանական և մարդաբանական նոր նվաճումների կողքին, շրջադարձային նշանակություն ունեցավ խորհրդային լեզվաբաններ Թ. Գամկրելիձեի և Վյաչ. Իվանովի հեղինակած «Հնդեվրոպական լեզուն և հնդեվրոպացիները» (1984) մեծարժեք աշխատությունը, որում առաջին անգամ փորձ արվեց հայեցակարգային մոտեցումով հիմնավորել հնդեվրոպական նախահայրենիքի առաջավորասիական վարկածը: Իհարկե, նրանք այդ վարկածը պաշտպանող առաջին գիտնականները չէին: Հ.-ե. նախահայրենիքի ասիական վարկածն իր տարբերակներով առաջադրվել էր դեռևս պատմահամեմատական լեզվաբանության ձևավորման փուլում՝ 19-րդ դ. առաջին կեսին: Երկրորդ անգամ նույն դարի վերջերին այդ վարկածին վերադարձավ գերմանացի լեզվաբան Ի. Շմիդտը, իսկ 20-ի առաջին կեսին՝ Զ. Ֆայստը: Իսկ Եվրոպան հնդեվրոպացիների նախահայրենիք համարող վարկածը առաջադրել է Ռ. Լեթեմը 1862 թ.:

Դեռևս 1967-ին լույս տեսած «Ակնարկներ հայերենի նախագրային շրջանի պատմության» գրքում հօգուտ հ.-ե. նախահայրենիքի ասիական վարկածի արտահայտվել էր նաև ակադ. Գ. Ջահուկյանը: Իհարկե, հետագայում էլ, ընդհանուր առմամբ լինելով նախահայրենիքի ասիական վարկածի կողմնակից, նա ձեռնպահ մնաց այդ տեսակետը լրացուցիչ փաստարկներով հիմնավորելու փորձերից:

Բնական է, որ հայոց պետականությանը 2500-ամյա կենսագրություն վերագրողները չճանաչեն նաև Արարատյան (Վանի/Բիայնայի) թագավորության կամ Ուրարտուի հայկականությունը:

Հայագիտությունը վաղուց է նկատել, որ Բեհիսթունի եռալեզու՝ էլամերեն, հին պարսկերեն, աքադերեն (ավելի ստույգ՝ ասուրաբաբելերեն) արձանագրության մեջ, որ կազմվել է մ.թ.ա. 520 թ. Աքեմենյան տերության հիմնադիր Դարեհ I-ի թելադրանքով, աքադական «Ուրաշտու/Ուրարտու» (Uraštu/Urartu)-ին հին պարսկերեն տարբերակում փոխարինում է «Արմինա/Արմինիա» (Armina/Arminia)-ն, այսինքն՝ Արմենիան: Այդպես Հայաստանն անվանել են օտարները, այդ թվում՝ պարսիկները, դեռևս հին ժամանակներից: Հետևաբար Ուրարտուն, որ Արարատի աքադական տարբերակն է, Հայաստան է, իսկ ուրարտացին էլ՝ հայ: Պիտի ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ Բեհիսթունի արձանագրության ժամանակն ընդամենը 6-7 տասնամյակով է հաջորդում ուրարտական պետության կործանմանը (590-585 թթ.), իսկ դա նշանակում է, որ մարդկանց գիտակցության մեջ դեռևս թարմ էին հիշողությունները Ուրարտուի՝ որպես տարածաշրջանի պետական կազմավորման և ուրարտացու՝ որպես այդ պետության բնակչի մասին:

Ամենևին ցանկություն չուենալով հանդես գալու խորհրդահայ պատմագիտության պաշտպանի դերում՝ այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ «գռեհիկմատերիալիստական» որակված այդ պատամագիտության էջերում ուշադիր ընթերցելու դեպքում առնվազն 60-ական թթ. հետո կտեսնենք նաև իրական գիտության և ազգային մտածողության ոչ քիչ դրսևորումներ: Որքան էլ զարմանալի թվա, ասվածը վերաբերում է նաև Ուրարտուի և ուրարտական քաղաքակրթության մեկնաբանություններին: Հմմտ. «… հայ ժողովուրդը կազմավորվել է Հայկական լեռնաշխարհում դեռևս այն ժամանակաշրջանից, երբ այդ տերիտորիայի վրա և նույնիսկ նրա շուրջը գոյություն չունեին հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղեր և ժողովուրդներ (1): Հայ ժողովուրդը իր ֆիզիկական կերպարանքով պատկանում էր արմենոիդ մարդաբանական տիպին, որին պատկանում էին Հայկական լեռնաշխարհի ամբողջ տերիտորիայով տարածված տեղաբնակ խուրրի-ուրարտական ցեղերը (2): Նույնը պիտի ասել հայերի մշակութային ավանդույթների մասին: Սակայն լեզվի խնդրում մեծ ներդրում են արել եկվոր հնդեվրոպական տարրերը : Սրանց ցեղային լեզուներն են, որ Հայկական լեռնաշխարհում սկիզբ են դրել հայոց լեզվի ձևավորմանը» (ընգդծ. իմն է՝ Վ.Պ.): Այս տողերի հեղինակը Ս. Տ. Երեմյանն է, իսկ դրանց համար պատասխանատվություն է ստանձնել հատորի խմբագրակազմը, այդ թվում՝ Գ. Սարգսյանը, եթե չասենք՝ նաև «բազմահատորյակի խմբագրական կոլեգիան», որի գոնե մի մասը ժամանակի հայ պատմագիտության երևելիներն էին: Մեր կողմից համարակալված (1) և մտքերը, որոնցում ամրագրվում է Հայկական լեռնաշխահում հայերի բնիկ լինելու դրույթը, վերաբերում են մի հայեցակարգի (պայմանականորեն անվանենք «ազգային»), իսկ (3)-ը՝ մեկ այլ հայեցակարգի (պայմանականորեն անվանենք «ոչ ազգային»):

Ըստ իս՝ առաջին երկու մտքերն արտահայտում են հեղինակների՝ հայկականի և այսպես կոչված ուրարտականի նույնական լինելու համոզումը, իսկ (3)-ը տուրք է Հայկական լեռնաշխարհում հայերի եկվորության վարկածին: Պիտի նկատի ունենալ, որ այդ հատորի ստեղծման ժամանակներում Գամկրելիձե-Իվանով տանդեմի՝ հնդեվրոպական նախահայրենիքի առաջավորասիական վարկածը նույնիսկ իր նախնական տեսքով դեռևս առաջադրված չէր: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ խորհրդային լեզվաբանության և պատմագիտության մեջ բացարձակ տիրապետող էր նախահայրենիքի եվրոպական վարկածը: Եթե նույնիսկ Թ. Գամկրելիձե-Իվանովի վարկածը առաջադրված լիներ, մյուս տեսակետի կրողները հեշտությամբ չէին հրաժարվելու իրենց համոզումներից: Առաջիններից մեկը հ.-ե. նախահայրենիքի նրանց հայեցակարգը, որը նույնիսկ այդ տեսակետին ընդդիմացողների գնահատմամբ ունի «համալիր» բնույթ, քննադատեց Ի. Դյակոնովը:

«Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 1-ին հատորի հեղինակները, մեր կարծիքով, տվյալ դեպքում գնացել են անհաշտելիները միմյանց հետ հաշտեցնելու և, ըստ էության, կիսաճշմարտություն ասելու ճանապարհով, որը հավանաբար միակ հնարավորն էր իրենց ժամանակներում: Պարզապես դոնքիշոտություն կլիներ բացահայտորեն դեմ գնալ պաշտոնականի կարգավիճակի բարձրացված տեսակետին, ըստ որի՝ Ուրարտուն հայկական պետություն չէր և ուրարտացին հայ չէր, ու պաշտպանել մի հայեցակետ, որը ապացուցելու ամենից մեծ դժվարությունը «ուրարտական» կոչված արձանագրությունների լեզվի բնույթի հարցն էր:

Մանավանդ, երբ դեռևս չկային նաև օտար հեղինակավոր մասնագետների՝ ի նպաստ հ.-ե. նախահայրենիքի առաջավորասիական վարկածի արտահայտված կարծիքներ: Ուստի ոչ պատահականորեն այնպիսի մեծ գիտնական, որպիսին է Գ. Ղափանցյանը, որը հետևողականորեն պաշտպանել է իրենց պատմական հայրենիքում հայերի բնիկ լինելու վարկածը և իր ժամանակի ճանաչված ուրարտագետներից էր, Ուրարտուի էթնիկ նկարագրի, ավելի ստույգ՝ ուրարտացու ծագումնաբանության և ուրարտերենի՝ հայերենի հետ առնչությունների հարցերում նույնպես մնում է ընդհանուր տարածում ունեցող ըմբռնման շրջանակներում:

Վերոշարադրյալից բխում են հետևյալ տրամաբանական հարցադրումները. 1) եթե հայերը հնդեվրոպացիներ են (առնվազն հայոց լեզվի հնդեվրոպական բնույթը այդ մասին է վկայում), իսկ հնդեվրոպացի հայերը ինչ-որ ժամանակ (ընդունված կարծիքի համաձայն՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին) փոքրասիական տարածք են ներթափանցել Եվրոպայից, ապա նրանք միաժամանակ չեն կարող բնիկ լինել Հայկական լեռնաշխարհում, 2) եթե, այնուամենայնիվ, հայերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է և նրանք խուռի-ուրարտական ցեղերի հետ պատկանում են մարդաբանական նույն՝ արմենոիդ տիպին, ապա եկվորության հնդեվրոպաբանական տեսության համաձայն նրանք չեն կարող հնդեվրոպացի լինել, որովհետև «պաշտոնական» վարկածը ուրարտացիներին չի համարում հնդեվրոպական ժողովուրդ: Այսինքն՝ ուրարտացիները հայեր չէին, այլ բոլորվին ուրիշ ծագման ժողովուրդ: Ակնհայտ է, որ նշված երկու պատկերացումները անհամատեղելի են, որովհետև դրանք վերաբերում են տարբեր հայեցակարգերի՝ «ազգային» և «ոչ ազգային»:

Ինչպես նշեցինք, այդ անհամատեղելի պատկերացումները փորձել են համատեղել «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական (խորհրդային) հրատարակության 1-ին հատորի հեղինակները, որոնք առաջին նախագահի գրառման տրամաբանության համաձայն պիտի դասվեին «գռեհիկմատերիալիստական» պատմագիտության ներկայացուցիչների կարգում, սակայն նրանցից երկուսին՝ Ս. Երեմյանին և Գ. Սարգսյանին, այնուամենայնիվ, նա համարում է ակադեմիական, հետևաբար՝ իրական գիտության ներկայացուցչիներ:

Վերոհիշյալ հակասությունը, սակայն, բնորոշ էր ոչ միայն խորհրդահայ պատմագիտությանը: Ըստ էության՝ այն բնորոշ էր նաև նախախորհրդային շրջանի պատմագիտությանը, այդ թվում՝ Ն. Ադոնցի և Հ. Մանանդյանի ուրարտագիտական հայացքներին, իսկ խորհրդահայ պատմագիտությունը զգալի չափով նախախորհրդայինի շարունակությունն էր:

Վարդան Պետրոսյան
ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.