կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 14:50
Հասարակություն

Վերանայենք հայագիտության վերաբերյալ նախորդ իշխանություններից մնացած հայեցակարգը, բայց՝ ոչ հօգուտ մեր թշնամու․ Թադևոս Տոնայան

Վերանայենք հայագիտության վերաբերյալ նախորդ իշխանություններից մնացած հայեցակարգը, բայց՝ ոչ հօգուտ մեր թշնամու․ Թադևոս Տոնայան

Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թադևոս Տոնայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

 Պատահաբար ֆեյսբուքում մի ռադիոհաղորդում լսեցի: Հյուրը այս  արտահայտություններն արեց` «կարիք չկա, որ Հայաստանում հայաստանցիները զբաղվեն հայագիտությամբ», «նախ պետք է հրաժարվենք Հայաստանում հայագիտությամբ զբաղվելու պարտականությունից», /16:26/, կամ «հայագիտություն եզրույթը խնդրահարույց է», ինքնությունը «կեղծ օրակարգ է»... Եվ պարզ է, որ այդքանից հետո իր ենթադրյալ ընդդիմախոսներին պետք է անվաներ «ՏՈՒՍՈՎԿԱ» անողներ /21:12/, «ՎԱՅՆԱՍՈՒՆ» բարձրացնողներ:

ԿԳՄՍ նախարարության պատվերով պատմության առարկայական չափորոշիչները գրող խմբի ղեկավարի առնչությամբ իմացանք, որ հայագիտության մի հատվածը՝ հայ ժողովրդի պատմությունը, իսկապես, այսօր ոչ թե Հայաստանում են գրում, այլ Թուրքիայում, ինչը հաղորդման հյուրին երևի ավելի ճիշտ է թվում: Ու երևի թե հայագիտությամբ զբաղված մարդիկ՝ Ա. Մեյե, Վ. Լանգլուա, Ֆ.Մակլեր, Հ. Հյուբշման, Ֆ. Կոնիբեր, Յո. Մարկվարտ և այլք, պարզապես «ՏՈՒՍՈՎԿԱ» անողներ են եղել:

Մի բան էլ, հյուրի՝ «ՏՈՒՍՈՎԿԱ» /21:12/, «ՎԱՅՆԱՍՈՒՆ» արտահայտությունները հիշեցրին  ԿԳՄՍ  նախարարության ղեկավարի «ԱՂՄՈՒԿ» արտահայտություն-գնահատականը՝ առարկայական չափորոշիչները ըստ էության քննադատող գիտնականների ելույթների վերաբերյալ:

Տարակուսանք հայտնեցի ֆեյսբուքյան մեկնաբանությունների հատվածում, ու հաղորդավարը ուղարկեց իր հյուրի ինչ-որ հոդված, որպեսզի երևի ավելի լավ հասկանամ հաղորդման մեջ հնչած այդ «տեսակետները»: Բայց ուղարկվածի մեջ ևս մի նմանատիպ արտահայտության հանդիպեցի՝ «հայագիտության հայեցակարգը հետևողականորեն օտարում է Հայաստանի բնակչությանը իր զբաղեցրած աշխարհագրական միջավայրից, լարում իր բնական կենսատարածքի դեմ՝ վանելով այս տարածաշրջանում խաղաղ համակեցության հեռանկարը, փակելով երկխոսության և հաշտության տարածքները»: Սրանից ինչ-որ ծանոթ ու տհաճ, ս-ով սկսվող մարդու անուն ունեցող նյութի հոտ էր գալիս: Մեր թշնամին մեզ ուզում է ոչնչացնել, դա ամեն օր բարձրաձայնում է, ասում է՝ Երևանը, Սևանը թուրքական տարածքներ են, իսկ հոդվածի երիտասարդ հեղինակն ու հաղորդման հյուրը ասում է՝ հաշտվենք մեր դահճի հետ, ու դա՝ այն դեպքում, երբ այդ դահիճը շարունակում է մեզ շրջափակել, չի զղջում իր ձեռքով 1․500․000 հայերի մորթելու համար, ու գոնե ինքը առաջինը հաշտության ձեռք չի մեկնում, զղջման մեկ խոսք չի արտաբերում: Հաշտվենք ու մեզ հանձնենք նրա յաթաղանի ողորմածությա՞նը:

Մեր թշնամու համար հոդվածագրի ասած «խաղաղ համակեցության» նախապայմանը Մեծամորի ատոմակայանը պայթեցնելն է, հայոց պետականությունը ոչնչացնելը. մեզ ասում են՝ վիզդ կտրելու ենք, մենք ասում ենք՝ ի՜նչ կլինի՝ երկխոսենք՝ գուցե կեսը կտրեք, կեսը թողնեք...:

Ոմանց, նաև հաղորդման հյուրին թվում է, թե եղածը միա՛յն, զու ՛տ թուրքի զոհը դառնալու վախն՝է, թե դա պարզապես միայն մեր ներքին վախն է, որը կապ չունի իրականության հետ, ու չկա կրկին զոհ դառնալու իրական, շատ շոշափելի վտանգը: Բայց նայենք Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի կողմը, ուր մտել են թուրքական զորքերն ու դուրս չեն գալիս... Այո, վերանայենք հայագիտության վերաբերյալ նախորդ իշխանություններից մնացած հայեցակարգը, բայց՝ ոչ հօգուտ մեր թշնամու, որի հետ «խաղաղ համակեցության», «խաղաղ գոյակցելու», «երկխոսության և հաշտության» պատրանքներ ունի հաղորդման հյուրը, որն ուզում է իր այդ պատրանքներով կերակրել նաև ուրիշներին, երբ այդ թշնամին սպասում է, որ այդ նույն պատրանքների թմբիրով մենք քուն մտնենք, ու ինքը մեզ քնած վիճակում կացնահարի: Միամիտ պատրանքնե՞ր... Ոչ: Սա մտածված, հովանավորություն վայելող գործունեություն է, ինչի ապացույցը «ՏՈՒՍՈՎԿԱ» /21:12/, «ՎԱՅՆԱՍՈՒՆ» արտահայտությունների և երկար անունով նախարարության ղեկավարի՝ առարկայական չափորոշիչներն ըստ էության քննադատող գիտնականների ելույթների վերաբերյալ «ԱՂՄՈՒԿ» արտահայտություն-գնահատականի համընկնումն է, ինչը և բացահայտում է սույն հաղորդման հյուրի հովանավորին:

Հաղորդման մնացած մասը պարզունակ մի բան է.  Էդ ո՜ր մի լուրջ գիտնականը չգիտի, որ գիտությունն ու հայրենասիրությունը տարբեր բաներ են: Բայց հյուրին թվում է, որ եթե զբաղվում ես հայագիտությամբ, ուրեմն շփոթում ես գիտական ճշմարտությունն ու հայրենասիրությունը, կամ ինչ-որ կողմնորոշում ունեցող, ինչ-որ տեղերից ուղղորդված գաղափարախոսությունը: Ավելորդ անգամ հյուրին չգովազդելու համար ուղղակի նշեմ, որ խոսքը Հայաստանի Հանրային ռադիոյի /armradio.am-ի/ օգոստոսի 24-ի «Վերնատուն» հաղորդման մասին է: