կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 13:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրադադարի ռեժիմի ամրապնդումը մշտապես մնացել է խաղաղ գործընթացի օրակարգում․ Նաղդալյանը՝ մոնիթորինգի մեխանիզմների մասին

Հայաստանը մշտապես հանդես է եկել հրադադարի ռեժիմի ամրապնդման դիրքերից, որը ենթադրում է հակամարտության գոտում ԵԱՀԿ ներկայության ընդլայնում և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ՀՀ գործող իշխանությունների՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգին վերադառնալու, հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումները արձանագրող մեխանիզմների ներդրում պահանջելու մասին հարցին։

Նա նշեց, որ հրադադարի ամրապնդումը Հայաստանի առաջնահերթություններից է խաղաղ գործընթացում, մինչդեռ Ադրբեջանը հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած այս առաջարկությունների մերժմամբ։

«Սակայն հրադադարի ռեժիմի ամրապնդումը մշտապես մնացել է խաղաղ գործընթացի օրակարգում, և դրա մասին է վկայում, որ 2019 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում հղում է արվում հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 2016 թ.-ին ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, և ընդգծվում է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Այս ամենը վկայում է, որ այդ հարցը մեզ համար մշտապես եղել է օրակարգային, և մշտապես հետամուտ ենք եղել դրա իրականացմանը»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

Նա վստահեցրեց, որ ՀՀ ներկայացրած գործուն, իրական առաջարկները շարունակում են մնալ օրակարգային, և կարևորը դրանց իրականացումն է։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամկետն առայժմ անհայտ է։

Խոսելով Թուրքիայի՝ Արցախյան հակամարտության միջնորդ հանդես գալու նկրտումների մասին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և այդ երկրի հետ իր քաղաքականությունն իրականացնում է այս գնահատականի հիման վրա։

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է»,- արձանագրեց Աննա Նաղդալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: