Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ողջունել է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած հանդիպումները, հայտնում է «Արմենպրեսը»:
ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում Շտայնմայերը նշել է, որ շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Ես խոր պես ցավում եմ զոհերի կապակցությամբ և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով:
Այս համատեքստում, ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իմ գործընկերների` մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նախաձեռնությունը:
Ինձ ուրախացնում է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը:
Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ:
Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում էր, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է մշտական ջանքեր` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը հանդիսանում է առաջնահերթ հարց, ոչ պակաս կարևորություն ունի նաև համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- ասված է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ: