կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 16:10
Քաղաքական

Ձեզ մնացել է մեկ բան՝ զավթել ամբիոնը. Նաղդալյանը՝ Փոստանջյանին

Ձեզ մնացել է մեկ բան՝ զավթել ամբիոնը. Նաղդալյանը՝ Փոստանջյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր կառավարության ներկայացրած օրինագծերից մեկը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հերթագրվեց ելույթի համար:

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նախքան Զարուհի Փոստանջյանին խոսք տալը, նախ ասաց, որ, հաշվի առնելով պատգամավորի նախորդ ելույթները և դրանց հետևանքով ծագած վիճահարույց ու անհարմար իրավիճակները, խնդրում է Զարուհի Փոստանջյանին` խոսել ըստ քննարկվող հարցի բովանդակության, հարգել ու պահպանել կանոնակարգ-օրենքը և չստիպել անջատել խոսափողը:

«Խնդրում եմ, որպես պատգամավորի, որպես բարեկիրթ մարդու և կնոջ, խոսեք այնպես, որ հնարավորինս պահպանեք բարեկրթությունը, հուսով եմ, որ կարող ենք, որպես երկու կին, մեր աշխատանքային գործունեությունն այնպես կազմակերպել, որ անհարմար վիճակներ չլինեն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Չգիտեի, որ Հերմինե Նաղդալյանը նաև ուսուցչի տաղանդ ունի և դասեր է տալիս ինձ, բայց ես Ձեր խորհուրդների կարիքը չունեմ»: Նա կրկնեց նույն տեքստը, ինչ վերջին մի քանի ելույթների ժամանակ, որ պետք է քննարկել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների հարցը: Նա կրկին կոչ արեց բոլորին` լինել անհնազանդ, չվճարել հարկերը:

«Մենք փետրվարին ականատես եղանք, թե ինչպես ջախջախվեց ԲՀԿ-ն: Ինձ համար ափսոսանք է, որ այսպիսի վիճակում է հայտնվել ԲՀԿ-ն, չեմ համակերպվում այն մտքի հետ, որ այսպես կարելի է ջախջախել քաղաքական ուժին ու հայտարարել, որ մեկ հոգի կարող է որոշել` ով մնա քաղաքական դաշտում, ով դուրս գա»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի ելույթից հետո Հերմինե Նաղդալյանը որոշեց արձագանքել` ասելով. «Մեր բնակչությունը ևս մեկ անգամ տեսնում է ու համոզվում, որ այսպիսի ընդդիմությունից իրեն, վնասից բացի, օգուտ չկա: Ինչ խորհուրդ էլ, որ տալիս եք, սխալ ու վատ խորհուրդներ են, դեպի վատը տանող, էլի կես ճանապարհին կթողնեք, ու մարդկանց խնդիրները կավելացնեք, ինչպես միշտ է եղել: Ի՞նչ խորհուրդ եք տալիս՝ հարկերը մի վճարեք: Պարզ է, որ հրապարակներում Ձեր ելույթները չեն ստացվում, Ձեզ լսող մարդ այլևս չկա, որ ձեր հետևից գա: Հիմա խմբակցությունում էլ մենակ եք մնացել, խմբակցությունից որևէ մեկը Ձեր կողքին չի կանգնում: Ձեզ մնացել է միայն մեկ բան՝ զավթել ամբիոնը ու բոլորին աջ ու ձախ վիրավորել»: