Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից հնագիտական պեղումները վերսկսվել են: Աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարի և դադարեցվել 44-օրյա պատերազմի պատճառով:
Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել»,-տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:
Միջնաբերդի պարսպի հարակից հատվածում բացվել են սենյակներ:
Տիգրան Ալեքսանյանի խոսքով՝ հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:«Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը (հավանաբար 12-13-րդ դդ): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,-նշել է նա:
Գիտաշխատողների սպասելիքները մեծ են:«Պետք է նշեմ, որ տարածքում նաև ամրակայման աշխատանքների անհրաժեշտություն կա: Մենք ներկայացրել ենք խնդիրը: Մասնակի ամրակայման աշխատանքների դեպքում կարող ենք ընդլայնել նաև պեղման աշխատանքները: Եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր պատկերացումներն ամրոցի մասին էականորեն կփոխվեն, կհամալրվեն նոր տեղեկություններով»,-հավելել է Տիգրան Ալեքսանյանը:
Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ: