կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 11:28
Աշխարհ

Գրեթե 1.4 միլիոն դոլար է հավաքվել HyeAid Lebanon հեռուստամարաթոնի ընթացքում

Արեւմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդը, շարունակելով Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո մեկնարկած հանգանակությունները, իրականացրել է եւս մեկ համասփյուռքյան հանգանակություն՝ հեռուստամարաթոն, որը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին և ուղիղ հեռարձակվել հայկական ARTN, Horizon, Pan Armenian TV եւ US Armenia հեռուստաընկերություններով, ինչպես նաեւ առցանց՝ «Ասպարէզ» օրաթերթի եւ «Հայ Էյտ Լիբանան»- ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Asbarez.com-ից:

«Մեկ ազգ, մեկ ապագա» կարգախոսի ներքո ընթացած հեռուստամարաթոնը բացառիկ հաջողություն է ունեցել, քանի որ  հայ համայնքի հավաքական ջանքերով հավաքագրվել է 1,375,555 ԱՄՆ դոլարի չափով գումար:

Հեռուստամարաթոնի բացման ժամանակ սրտառուչ խոսքով հանդես է եկել Արամ Ա Վեհափառը, որը, երախտագիտության խոսք ուղղելով հայ համայնքին, մեծապես գովաբանել է հայկական կազմակերպությունների տքնաջան աշխատանքը Լիբանանի հայությանն օգնություն ցուցաբերելու համազգային գործում: Միևնույն ժամանակ, նա ներկայացրել է բոլոր մարտահրավերները, որոնց լիբանանահայությունը դիմագրավում է այս օրերին:

Հեռուստամարաթոնի ժամանակ պատգամներով հանդես են եկել նաեւ Համահայկական խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթ են ունեցել Արեւմտյան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսյանը, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության վերապատվելի Պերճ Ճամպազյանը, ինչպես նաեւ Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Միքայել եպս. Մուրադյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 լիբանանահայ։

Տեսանյութը՝ ստորև: