Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանությունը լրատվության ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, Արցախ է մեկնել Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։
Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվել է Արցախի եւ Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջեւ ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի իրենց առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծման վրա:
Օգոստոսի 28-ին Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը այցելել է նաեւ Արցախի Հանրապետության ոստիկանություն։ Հայկական երկու պետությունների ոստիկանության ղեկավարությունը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության եւ իրավակարգի պահպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին։
Այնուհետեւ Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանն ընդունել է Հայաստանի ոստիկանության պատվիրակությանը։ Աշոտ Հակոբջանյանը նշել է, որ Արցախի եւ Հայաստանի ոստիկանությունների միջեւ սերտ համագործակցությունը միշտ եղել է արգասաբեր եւ բարձր մակարդակի վրա, իսկ 2020 թվականի հուլիսի 24-ին ստորագրված հուշագրով այն խոստանում է լինել առավել ամուր, կայուն եւ արդյունավետ։ Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ առկա սերտ համագործակցությունը տեսանելի է եւ կլինի շարունակական։
Ելույթներին հաջորդել է պարգեւատրման արարողություն։
Արցախի Հանրապետության ոստիկանության հետ սերտ համագործակցելու, ոստիկանության առջեւ դրված խնդիրների իրականացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար Արցախի ոստիկանության պետը Վահե Ղազարյանին պարգեւատրել է «FABARM» մոդելի ողորկափող որսորդական երկփողանի հրազենով։ Աշոտ Հակոբջանյանի հրամանով «Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով պարգեւատրվել են Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։ Հայաստանի ոստիկանության պատվիրակության մյուս անդամները Արցախի ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» եւ «Օրենքի պատվար» մեդալներով։