Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեդիա իրավունքի դասագիրք գրելու մտահղացումն իրականում բավական երկար, մոտ տասը տարիների պատմություն ունի, երբ իրավաբանական ֆակուլկտետին զուգահեռ սկսեցի դասավանդել նաեւ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում». օգոստոսի 27-ին տեղի ունեցած «Մեդիա իրավունք» խորագրով ուսումնական ձեռնարկի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Արփինե Հովհաննիսյանի և Մարիամ Այվազյանի համահեղինակությամբ օրերս լույս է տեսել «Մեդիա իրավունք» վերտառությամբ ուսումնական ձեռնարկը, որում պարզաբանվում են մեդիա իրավունքի հիմնական ինստիտուտների իրավական կարգավորման առանձնահատկությունները՝ վերհանելով և ուսումնասիրելով այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են լրագրության սահմանները, կեղծ լուրերի դեմ պայքարը, զանգվածային լրատվության միջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանությունը, անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանությունը, պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը, տեղեկատվության ազատությունը և մի շարք այլ հարցեր:
«Նաեւ իմ գործունեությամբ պայմանավորված՝ շատ էի առնչվում այդ ոլորտում առկա տարբեր խնդիրներին եւ անընդհատ ուսումնասիրում էի միջազգային փորձը, դատական պրակտիկան, մեր օրենսդրության խնդիրներին էի առերեսվում և քննարկում լրագրողների հետ։ Եվ, կարող եմ ասել, որ այս գիրքը իմ եւ իմ շատ լավ ընկերոջ, նախկին ուսանողի համատեղ ուղղու ամփոփումն է, եւ թող անհամեստ չհնչի, բայց սա միայն հայկական իրականությանը վերաբերող գիրք չէ։ Իհարկե, այստեղ արծարծված է հայկական մեդիա տիրույթում առկա հիմնական խնդիրները, բայց բացահայտված է ամբողջ միջազգային պրակտիկան»,- նշեց գրքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ձեռնարկում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ հեղինակավոր կառույցների փորձը. նորույթներ, որոնք լրագրողների համար պրակտիկ նշանակություն ունեն։
Լինելով կոնկրետ մասնագիտական (իրավական) ուղղվածության բազմաթիվ դասագրքերի հեղինակ և համահեղինակ՝ Արփինե Հովհաննիսյանն առաջին անգամն է, որ որոշում է կայացրել նման հրապարակային կերպով ներկայացնել աշխատանքը: Ըստ նրա՝ աշխատանքների իրականացման կարևոր պահին իրեն է միացել իր նախկին լավագույն ուսանողներից, ներկայումս իրավավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Մարիամ Այվազյանը, որի հետ էլ ավարտին են հասցրել աշխատանքը:
«Բավական հետաքրքրական է, որ թեև մենք գրքի վրա աշխատանքները սկսեցինք հարուստ պաշարաներով, նկատի ունենալով տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները և լրագրողների հետ անընդհատ քննարկումները, սակայն բուն գրքի վրա աշխատանքի արդյունքում պարզ դարձավ, թե դեռ ինչքան անելիքներ կան, ինչքան ոլորտներ առավել խոր ուսումնասիրության կարիք ունեն, որքանով լրագրողների իրավունքները առավել համապարփակ պաշտպանության կարիք ունեն», - փաստեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս ամբողջ աշխարհում մեծանում է հետաքրքրությունը մեդիա իրավունքի նկատմամբ, հիմնվում են կրթական ծրագրեր, գրվում են բազմաթիվ դասագրքեր` ամենատարբեր շեշտադրումներով ու կառուցվածքով:
Ի՞նչ կտա ձեռնարկը լրագրողին: Ըստ համահեղինակի՝ լրագրողը, ով կկարդա եւ կծանոթանա այնտեղ ներկայացված կարգավորումներին, ավելի պաշտպանված կլինի եւ, բերելով իր իմացությունը հանրային տիրույթ, հանրային դաշտ, կստիպի իրավապահ մարմիններին, դատարաններին՝ կիրառելու այդ պրակտիկան:
«Աշխատանքները սկսելիս մենք ի սկզբանե գիտակցում էինք, որ միանգամից մեկ դասագրքով հնարավոր չէ ծածկել բոլոր հնարավոր թեմաները, այդ իսկ պատճառով մեր աշխատանքների հիմքում դրեցինք այն գաղափարախոսությունը, որ պետք է ստանալ դասագիրք, որը ուղենիշային լինի և' լրագրողների, և' իրավաբանների համար, այսինքն` հնարավորինս պարունակի այն թեմաները ինչ իրավաբանները պետք է իմանան լրագրության մասին, իսկ լրագրողները՝ իրավաբանության։Յուրաքանչյուր թեմայի անդրադառնալիս փորձել ենք վերհանել միջազգային լավագույն պրակտիկան, ՄԻԵԴ պրակտիկան, հեղինակավոր կազմակերպությունների և կառույցների մոտեցումները, և դրանց լույսի ներքո՝ ներպետական կարգավորումները», - իր ելույթում նշեց Արփինե Հովհաննիսյանը և մի քանի գործնական օրինակ բերեց աշխատանքի մեջ բերված նորույթներից, որոնք, ըստ նրա, գործնական կիրառություն կունենան.
Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ նման ձևաչափով դասագիրքը նորություն է ոչ միայն մեր իրականության համար, այլ նաև տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով պատրաստվում են դասագիրքը թարգմանել նաև անգլերեն և ռուսերեն:
«Միաժամանակ մենք խորապես գնահատում ենք այն փաստը, որ նման դասագիրքը շարադրելն անհնար կլիներ առանց մեր գործընկերների և, առաջին հերթին, լրագրողների հետ տարիների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների, մտքերի փոխանակությունների, և հենց այդ պատճառով էլ մեզ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուրի արձագանքը դասագրքի, նրանում բարձրացված թեմաների վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ այդ դիտարկումները հիմք են դառնալու մեդիա իրավունքի վերաբերյալ դասագրքի նոր մասը գրելու և քննարկվող թեմաները ընդլայնելու համար»,- եզրափակելով ելույթը՝ նշեց արդարադատության նախկին նախարարը:
Շնորհանդեսի տեսանյութը՝ ստորև.