կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 12:36
Հասարակություն

Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու ժամկետների շուրջ

Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու ժամկետների շուրջ

Էրդողանը կանխամտածված է ընտրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու թե՛ օրը, թե՛ տարին։ Ավելին, հուլիսի 10-ին, երբ Էրդողանը կոչով դիմեց ժողովրդին և հայտնեց, որ Սուրբ Սոֆիան որպես մզկիթ բացվելու է հուլիսի 24-ին, իր ելույթի մեկնարկի համար ընտրել էր ժամը 20:53-ը, որը խորհրդանշում էր 2053թ՝ օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը:

Որպես բացման օր՝ հուլիսի 24-ն ընտրվել էր երկու հիմնական պատճառով։ Առաջին պատճառն այն էր, որ 1999թ․ այդ օրն Էրդողանը դուրս էր եկել բանտից: Նա նշում էր, որ երբ օսմանները 1453թ․ Սուրբ Սոֆիան դարձրին մզկիթ, դա մեծ հաջողութուններ բերեց նրանց, և ընդգծում, որ նույնը պետք է տեղի ունենա ներկայում, երբ Սուրբ Սոֆիան վերստին վերածվեց մզկիթի, որ պատմությունը պետք է կրկնվի։ Բացի այդ, նա այդպիսով ակնարկում էր, որ 21 տարի առաջ հենց այդ օրն իր բանտից ազատվելն էլ Թուրքիային բերեց մեծ հաջողություններ։

Երկրորդ պատճառը Լոզանի պայմանագրի ստորագրման (1923թ․) 97-ամյակն է։ Շատերը հենց այս հանգամանքն են համարում թիվ մեկ դրդապատճառ, սակայն նշենք, որ Էրդողանը ժամանակին իրարամերժ հայտարարություններ է արել Լոզանի պայմանագրի վերաբերյալ՝ մե՛րթ այն որակելով որպես Թուրքիայի Հանրապետության ստեղծման հիմք, մե՛րթ՝ թուրքական կողմի պարտություն, նրան պարտադրված քայլ։ Սա որակվում է որպես Էրդողանի կողմից վրեժխնդրություն՝ Օսմանյան կայսրության ու խալիֆայության փլուզման համար։

Ինչ վերաբերում է տարեթվին, ապա այստեղ հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ Էրդողանը Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածեց ասենք 2019 թ․ կամ 2021 թ․ կամ էլ մեկ այլ տարվա հուլիսի 24-ին։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց 2020թ․։ Դա առավել ակնառու է դառնում այն պարագայում, երբ հաշվի ենք առնում, որ կորոնավիրուսը այս տարի կաթվածահար է արել Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը, որն այդ երկրին տարեկան բերում է 30-35 միլիարդ դոլարի եկամուտ։

Եվ ահա Թուրքիան նոր էր սկսել վերաբացել իր դռներն օտարազգի զբոսաշրջիկների առաջ, ավիաչվերթներ սկսել մի շարք երկրների հետ, և հենց այդ ֆոնին, երբ տուրիզմը պիտի սկսի վերականգնման առաջին քայլերը, մզկիթի է վերածվում Թուրքիայում ամենաշատ հաճախելիություն ունեցող զբոսաշրջային վայրը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը։ Վերջին 12 տարում այն ունեցել է 31 միլիոն այցելու, իսկ միայն նախորդ տարի՝ 3,7 միլիոն այցելու։ Մուտքավճարն էլ կազմում էր մոտ 10 դոլար, սակայն մզկիթի վերածվելով՝ նրա մուտքը դարձավ անվճար։

Կցանկանայինք այս ֆոնին հիշատակել նաև այն, որ Թուրքիան այդ օրերին խստապես քննադատում էր ԵՄ-ին նրա համար, որ վերջինս Թուրքիան ընդգրկել էր կորոնավիրուսի հետ կապված «սև ցուցակում»։ Եվրոպացի զբոսաշրջիկներից զրկված Թուրքիան բավական սուր էր արձագանքել այդ որոշմանը՝ ԵՄ-ին կոչ անելով իրեն դուրս բերել այդ ցուցակից։

Այստեղ հարց է առաջանում, թե զբոսաշրջային ոլորտի այս ֆոնին ինչո՞ւ Էրդողանը չսպասեց մեկ տարի, և Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածեց 2021թ․ հուլիսի 24-ին։

Մեր կարծիքով՝ գլխավոր պատճառն այն է, որ այս տարի համընկնում են հուլիսի 24-ն ու ուրբաթը։ Հայտնի է, թե ուրբաթ օրը որքան կարևոր է իսլամում (ուրբաթօրյա նամազ)։ Ստացվում է, որ Էրդողանը տարիներով սպասել է հենց 2020թ․ հուլիսի 24-ին։

Նախորդ անգամ հուլիսի 24-ն ու ուրբաթը համընկել են 2015թ., ինչը հարմարավետ տարի չէր թե՛ ներքաղաքական (Էրդողանի կուսակցությունը իր պատմության մեջ առաջին անգամ 2015թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չստացավ միակուսակցական կառավարություն հիմնելու իրավունք), թե՛ արտաքին քաղաքական առումներով (ԱՄՆ-ը Թուրքիայի փոխարեն ԻՊ-ի դեմ պայքարում հենվում էր Սիրիայի քրդերի վրա, որոնք հասել էին աննախադեպ հաջողությունների)։

Այդպիսով, Էրդողանը վտանգավոր «խաղ» է սկսել․ նա, Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելով, փորձում է ցույց տալ «իսլամի գերազանցությունը քրիստոնեության» նկատմամբ։ Նա մատնանշեց, որ թռև ողջ քրիստոնեական աշխարհը դեմ էր, որ Սուրբ Սոֆիան վերածվեր մզկիթի, սակայն նա գնաց այդ քայլին։ Էրդողանի այս քայլը թուրքական կառավարությունից սնվող ՀԿ-ները տարբեր տեղերում ու, հատկապես, Աֆրիկայում փորձում են ներկայացնել որպես «իսլամական աշխարհի» առաջնորդի քայլ։

*Հայկ Գաբրիելյանը թուրքագետ է, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ։ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող է, Թուրքիայի մասին մոտ 250 գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ։

Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ

Akunq.net