Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իհարկե, հիմնական աշխատավարձի, ընդհանուր վարձատրության և ընդհանրապես իրական եկամուտների ցանկացած բարձրացում ինքնին դրական է այդ եկամուտները ստացողների համար: Սակայն հավաքական գնահատման տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել առարկայական մի շարք հանգամանքներ և վերաբերելի ցուցանիշներ:
Նախ՝ տեղին է հիշեցնել, որ մեր երկիրը Սահմանադրությամբ հռչակված է՝ որպես սոցիալական պետություն, իսկ օրվա իշխանությունների սոցիալական հիմնական կարգախոսն է՝ «նպաստից դեպի աշխատանքը», որի համար էլ խոստանում են. «առաջին հերթին և միջինից բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»:
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2019թ. մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: 2020թ. առաջին կիսամյակում միջին աշատավարձն ունեցել է նվազման միտում, որի հետևանքով հունիսին՝ հունվարի համեմատ այն նվազել է շուրջ 5 տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում՝ շուրջ 8 տոկոսով:
Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019թ. չի բարձրացվել, իսկ 2020թ. այն բարձարացվեց շուրջ 24 տոկոսով և ներկայումս կազմում է 68000 դրամ: Պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը 2019-2020թթ չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված: 2019-2020թթ չի նվազել մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Նրանց շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են: Հիմա էլ համայնքային բյուջեներն ավելացնելու իրական նպատակադրմամբ՝ պատիկներ անգամ բարձրացվում է սոցիալապես անապահով խմբերի անշարժ գույքի հարկային բեռը՝ շքեղությունը հարկելու քողի տակ:
Պաշտոնական վերջին տվյալներով մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը: Չնայած իշխանական աննախադեպ խոստումների՝ 2019թ. կենսաթոշակների և անապահովության նպաստների միջին չափերը մնացին գրեթե անփոփոխ՝ աղքատության պահպանվող բարձր մակարդակի, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ֆոնին: Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին կարևոր ուղղություններով գրանցվեցին աննախադեպ թերակատարումներ, օրինակ՝ զբաղվածության պետական աջակցությունը, որի էական թերակատարումն արձանագրվեց գործազրկության պահպանվող բարձր մակարդակի ֆոնին: Իսկ 2020թ. կենսաթոշակների չափերը միջինում բարձրացան ընդամենը 7-8 տոկոսով:
Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019թ. բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունն առնվազն կրկնապատկվեց խնդրահարույց պարգևատրումներով և ինքնապարգևատրումներով: Խնդրահարույց այս գործընթացը 2020թ. շարունակվում և արմատավորվում է: Ավելին, 2020թ. էապես նվազել է բարձրաստիճանների եկամտային հարկի բեռը՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխություններով, որի արդյունքում նրանց իրական եկամուտներն աճել են շուրջ 13 տոկոսով:
Ակնհայտ են նաև բարձրաստիճան այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակն ու ձախողումները, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ: Եվ սա էլ այն դեպքում, երբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է. «պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»:
Այսինքն՝ պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով և կարող են փոխվել միայն օրենքով:
Իսկ գործող իշխանություննրի կողմից ձևակերպված «նոր ընկալմամբ».
- պետական բյուջեն հանրության համընդհանուր դրամապանակն է,
- հեևաբար՝ բոլորն ամբողջությամբ պետք է վճարեն հարկերը,
- իսկ որպես գործատու՝ ՀՀ քաղաքացին պետք է անվերապահորեն ցանկանա, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան ստանա բարձր վարձատրություն,
- չնայած, որ ՀՀ քաղաքացիների շուրջ 23,5 տոկոսն աղքատ է, այդ թվում՝ վարձու աշխատողների քառորդ մասը, որոնց իրական եկամուտներն այդպես էլ չեն ավելանում,
- իսկ COVID-19 նոր համավարակով պայմանավորված՝ նրանց մի մասը կորցնում է աշխատանքը կամ գտնվում է չվճարվող հարկադիր պարապուրդում:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ