կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 15:52
Հասարակություն

Արտահանման կոդեքսից բխող հայտարարություն է. ՍԱՊՏ-ն`«Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մասին

Արտահանման  կոդեքսից բխող հայտարարություն է. ՍԱՊՏ-ն`«Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մասին

Արդեն հայտնել ենք, որ«Ռոսսելխոզնադզոր»-ը հունվարի 20-ից ժամանակավորապես  արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ`արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթնամթերքների, կաշվի, մորթիների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող մշակում չեն անցել: Թեմայի վերաբերյալ ՀՀ սննդի անվտագնության պետական տեսչության տարածած պարզաբանման  մեջ նշվում է, որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի`Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև ԵՏՄ գործընկերներին:

Yerkir.am-ը Սննդի անվտանգության պետական տեսչությունից փորձեց ճշտել`միայն արտահանվո՞ղ սննդամթերքի  մասին է խոսքը, և հայկական սպառողին չի՞ սպառնում արդյոք այդ վտանգը: ՍԱՊՏ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում հիվանդ միս չի իրացվել: «Մեկ դեպք է եղել, նոր դեպք չի գրանցվել, և ժամանակը օգտագործվել է, որպեսզի տեսակը հաստատվի: Հիմա, որպես կանխարգելում, պատվաստանյութ պետք է բերվի: Միս վաճառքի դուրս չի գալիս, արտահանման  կոդեքսներից բխող հայտարարություն է: Անհրաժեշտ, կանխարգելիչ միջոցառում է, մինչև որ վարակազերծում լինի»,- ասաց խոսնակը:

Հարցին, թե ինչո՞ւ է միայն երկու օր հետո արձագանք լինում այս երևույթին, այն դեպքում, երբ արգելքը հունվարի 20-ից է, Առաքելյանը պատասխանեց, որ պաշտոնական գրություն երեկ երեկոյան է իրենց մոտ եկել, ամսի 20-ը պաշտոնական փաստաթղթի ամսաթիվ է, և ռուսական կողմը միայն երեկ երեկոյան է հրապարակել այդ նյութը: