կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-05 19:04
Հասարակություն

Ամուլսարում 2-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ հանքի շահագործման

Ամուլսարում 2-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ հանքի շահագործման

Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ այսօր ևս Ամուլսարի պահապանները վերսկսում են բողոքի ակցիան։ 

Տարածքում մեծ բազմաթիվ ոստիկաններ կան:

Նախօրեին քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան ընդհատել էին այսօր այն շարունակելու մտադրությամբ: Նրանք պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն-տնակը 30 մետր հեռացվի տեղադրված տարածքից։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Երեկվա դեպքերին ներկա էին ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը, Ջերմուկի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստի առթիվ։

Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։