կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 09:53
Առանց Կատեգորիա

Ցանկալի թեկնածուի համար ամեն միջոցի կարելի՞ է դիմել. ԿԳՄՍՆ-ն որոշել է գնալ խատումների. «Փաստ»

Ցանկալի թեկնածուի համար ամեն միջոցի կարելի՞ է դիմել. ԿԳՄՍՆ-ն որոշել է գնալ խատումների. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման թնջուկը նոր փուլ է թեւակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ընկերոջ` Վահրամ Դումանյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացել, որոնք վերացնելու համար անհրաժեշտ է խախտել ԵՊՀ կանոնադրությունը։ 

Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ չի ձեւավորվում, ինչը ոչ միայն օրենքի եւ ԵՊՀ կանոնադրության խախտում է, այլեւ մայր բուհը զրկված է ֆինանսական կառավարման բարձրագույն մարմին ունենալու եւ ռազմավարական զարգացման հնարավորությունից։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, խուսափելով այս պատասխանատվությունից` ԿԳՄՍ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի եւ շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը, այն է` հոգաբարձուների խորհուրդ ընդգրկել միայն այնպիսի գործարարների, որոնք նախապես պատրաստակամություն կհայտնեն կուրորեն քվեարկել ԿԳՄՍ վիճելի թեկնածուի օգտին։ 

Մինչդեռ ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետի համաձայն, լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի եւ տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ։ 

Այսինքն, նախարարությունը որպես խորհրդի անդամ պարտավոր է առաջադրել վերոնշյալ հինգ կատեգորիայի անձանց` տարբեր համամասնությամբ։ Սակայն կարեւոր է ոչ միայն այդ ոլորտներից առնվազն մեկական ներկայացուցիչների առաջադրումը, այլեւ որպեսզի նրանք լինեն ճանաչված` հասարակությանը հայտնի եւ հեղինակավոր։ 

Մինչդեռ, ըստ տեղեկությունների, ԿԳՄՍ-ին դեռեւս չի հաջողվել գտնել ճանաչված եւ հեղինակավոր այնպիսի անձանց, որոնք կհամաձայնեն քվեարկել Դումանյանի օգտին, որի թեկնածության ոչ պատշաճ լինելու վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ 

Ըստ ոլորտի փորձագետների, նախարարությունը կարող է ստիպված գնալ կանոնադրության խախտման ճանապարհով, որն ի դեպ, պետք է հաստատվի կամ լեգիտիմացվի կառավարության կողմից։ 

Սակայն դեռ հարց է՝ արդյո՞ք կառավարությունը կհաստատի խախտումով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդը։ Ի դեպ, մասնագետների կարծքով, այդպիսի խախտման նախադեպ արդեն իսկ եղել է, երբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել «Մետրիկա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Մուրադյանը, որը ո՛չ տնտեսության, գիտության, կրթության կամ մշակույթի ոլորտի ճանաչված ներկայացուցիչ է, ո՛չ էլ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատու։ 

Հիմա ԵՊՀ-ում տարակուսած են թե՛ Սամվել Կարաբեկյանի թեկնածուով, թե՛ նախարարության կողմից առաջադրվող խորհրդի անդամներով: «Առաջադրվող անդամների հեղինակությունից ու որակական հատկանիշներից երեւում է, թե նախարարությունն ինչպես է վերաբերվում մայր բուհին»,-մեզ հետ զրույցում մասնավորաբար ասացին համալսարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում