Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2013-ը շատ ծանր տարի էր` թե՛ որպես գրող եւ թե՛ որպես քաղաքացի, չեմ կարծում, որ Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունեցավ նախորդ տարի. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ժամանակակից գրող Արամ Պաչյանը:
Նրա հավաստմամբ` նախորդ տարի մեր գրականությունը լուրջ կորուստներ ունեցավ, եւ գրական դաշտն ինչ-որ առումով ամայացավ: Իսկ, որպես քաղաքացի, 2013-ը շատ բուռն տարի էր Պաչյանի համար:
«Ժողովրդի համար էլ ծանր տարի էր: Ես շատ եմ քայլում, շփվում մարդկանց հետ. մի տեսակ տխուր են, հուսահատ: Մարդկանց սոցիալական վիճակը ծանր է, եւ երբ դժվար ես ապրում, կյանքի ուրախությունների հանդեպ մի տեսակ անտարբեր ես դառնում: Ինձ թվում է` մարդիկ Հայաստանում ապագայի հեռանկար չեն տեսնում, ապրում են` այսօրվա օրը մթնեցնելով»,- ասաց Պաչյանը:
Նա խոստովանում է, որ 2013-ին իր մեջ էլ են շատ բաներ փոխվել` ոչ լավ իմաստով. ոչ հեշտ շրջան է նրա մոտ, քանի որ փորձում է ինչ-որ բաներ հասցնել, բայց, կարծես, չի կարողանում:
«Եթե ես չհասցնեմ` որպես մարդ ու Արամ Պաչյան, գոյություն չեմ ունենա, դրա համար ինձ համար կարեւոր է այն, թե գրականության ասպարեզում ինչ եմ անում` կա'մ լրիվ թողնում եմ, կա'մ շարունակում եմ: Փորձել եմ, որքան հնարավոր է, որքան ուժերս են ինձ ներում եւ որքան կենտրոնացել եմ, այն գիծը, որ ես ունեցել եմ, պահպանել: Պատմվածքներիս եւ էսսեներիս ժողովածուն եմ կազմել, որը փետրվարին լույս կտեսնի: Հիմա դրանով եմ ապրում, դա է ինձ պահում: Գիտե՞ս, գրողների մեջ ինքնախաբկանքի պես բան կա, եւ երբ ինչ-որ գիրք ես պատրաստում, քեզ թվում է, որ շնչելու առիթ կա»,- ասաց Պաչյանը:
Նրա համար գրողի գործունեությունն է կարեւոր, վատ, ծանր կյանքը, Պաչյանի հավաստմամբ, ստեղծագործողին շատ գործերից է կտրում` չթողնելով, որ մի շարք գաղափարներ կյանքի կոչվեն: Մյուս կողմից` Պաչյանը փորձում է սահմանափակել վատ սովորությունների շրջանակը, եւ եթե գրողին ժամանակին հետաքրքիր էր համացանցը, այժմ նա գրեթե չի օգտվում դրանից:
«Երբեմն քո ժամանակի համար էլ ես ափսոսում, շփումների համար, եւ հետո` չի կարելի ամեն օր բառեր գրել եւ չի կարելի ինչ-որ մտքերով ամեն օր կիսվել, դա տիեզերքին դեմ է, քանի որ հետագայում այդ բառերը դու չես ունենալու, չես կարողանալու հավաքել: Համացանցը ոտնձգություն է մարդու` մենակ մնալու դեմ: Այդ ամենը շատ սովորական սովորույթներ են, ինչպես մյուս վատ սովորույթները: Գալու է մի ժամանակ, որ բոլորը լուրջ հարցերի առաջ են կանգնելու»,- ասաց Պաչյանը:
Նրա կարծիքով, այնուամենայնիվ, պետք է ուժեղ լինել, քանի որ աշխարհում մարդը մենակ է, իսկ հանձնվելը միշտ էլ կա: