կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 22:01
Քաղաքական

Չպետք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաև հուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կա. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի կարծում, թե սահմանին Ադրբեջանի գործողություններն այս փուլում ավարտվեցին:

«4 օրվա մեջ 2 անգամ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը և Նախիջևանում իրենց զորքերի հրամանատարը գնացել են Թուրքիա, հանդիպումներ են ունեցել: Սա ինչ-որ ծրագրի մասին է խոսում: Չի նշանակում՝ անպայման վաղը պետք է անեն այն, ինչ պետք է անեն, բայց ինչ-որ բան դավադրում են: Առնվազն չպետք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաև հուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կա»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ արտաքին ճակատում ընդհանրապես այս փուլը չի ավարտվել. «Այսինքն՝ քարոզչական, քաղաքական  գրոհը, որ սկսել է Ադրբեջանը, և հակագրոհը, որ հայությունն է ցուցադրում, դա ընդհանրապես չի ավարտվել, և կարծում եմ՝ դեռ երկար կշարունակվի»:

Կիրո Մանոյանն ընդգծեց՝ մտահոգիչը Թուրքիայի հետ խնդիրներն են. «2016թ. ապրիլյան պատերազմին Ադրբեջանը պաշտպանության նախարարին ուղարկեց Մոսկվա, և մենք արդեն ունեցանք քառօրյա, զինադադար հաստատվեց: Այս դեպքում ոչ միայն Մոսկվա չուղարկեցին, 2 անգամ ուղարկել են Անկարա, և, ի վերջո, հեռախոսով խոսել են ՌԴ պաշտպանության նախարարի հետ: Այսինքն՝ իրենք 2016թ.-ից 2020թ. արտաքին իրենց հարաբերություններում բավական բան են փոխել, սա էլ պետք է հասկանանք, սա չի կարող մեզ հանգստացնել, հատկապես՝ Թուրքիայի հետ իրենց խոսակցությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում