կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 00:22
Քաղաքական

Ակցիա՝ վրաց-ադրբեջանական սահմանին. Ադրբեջանը փորձում է սադրանքների մեջ ներքաշել նաև Վրաստանին

Ակցիա՝ վրաց-ադրբեջանական սահմանին. Ադրբեջանը փորձում է սադրանքների մեջ ներքաշել նաև Վրաստանին

Հուլիսի 16-ին Վրաստան-Ադրբեջան պետական սահմանային անցակետի մոտ, «Կարմիր կամրջի» մերձակայքում մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Ադրբեջանի. այս մասին տեղեկություններ և լուսանկարներ է տարածել նաև կայքը: Ակցիայի պատճառը, ըստ վերոհիշյալ հրապարակման, Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի Տավուշի մարզի հատվածում հուլիսի 12-ից սկսված ռազմական բախումներն են: Այդուհանդերձ, պարզորոշ է, որ Վրաստանի ադրբեջանցիներին բազմիցս որպես գործիք օգտագործած և Վրաստանում անկայություններ հրահրած Բաքուն այս անգամ ևս առիթը բաց չի թողնում՝ Վրաստանին ևս ներքաշելու իր սադրանքների մեջ։   

Ավելացնենք, որ վերոհիշյալ ուղղությամբ վարվող ադրբեջանական քաղաքականության մեջ այս անգամ կիրառվել են նաև Վրաստանին քծնելու կամ դուր գալու որոշ նուրբ գործիքներ. Վրաստանում ապրող ադրբեջանցիները, իրենց աջակցությունը հայտնելով  Ադրբեջանին, ակցիայի ժամանակ հայտարարել են, որ պատրաստ են ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի և Հարավային Օսիայի ազատագրման համար: Ակցիայի ընթացքում մասնակիցները վանկարկել են՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», «Շահիդները չեն մեռնում, հայրենիքը չի բաժանվում»:

Բաքուն, փաստորեն, փորձում է կիրառել կամ կրկնել 1990-ական թթ. իրականցրած գործողությունները, երբ, օգտվելով Վրաստանում առկա անկայուն իրադրությունից կամ հենց Վրաստանում ապրող ադրբեջանցիների ձեռքով հրահրելով սադրանքներ, մի քանի տարի անընդմեջ պարբերաբար կասեցնում էր դեպի Հայաստան իրականցվող բեռնափոխադրումների ընթացքը՝ Մառնեուլի տարածքում պարբերաբար պայթեցումներ իրականացնելու միջոցով։ Փաստենք, որ, միայն 1993-1995 թվականներին իրականացվել են նման 35 պայթեցումներ։