կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 20:50
Հասարակություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հիմնականում արծարծվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածությունը, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարություններն ու Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխատանքները՝ ի զորակցություն հայկական պետականության ու բանակի:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակները տարբեր պետություններում անմիջապես բարձրաձայնել են Ադրբեջանի սադրանքներին Թուրքիայի մեղսակցության մասին․ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և որոշ շրջանակներից կան դրական արձագանքներ հայկական մտահոգությունների վերաբերյալ։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին լինելու կուսակցության հանձնառությունը:

Այս հեռախոսազրույցի մասին, իր ֆեյսբուքյան գրառման մեջ Արցախի նախագահը արձանագրել է. «Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ»:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
15 հուլիսի 2020 թ.