կարևոր
5305 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-12 16:47
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի շարք քաղաքական դեմքերի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի շարք քաղաքական դեմքերի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում  նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ  պատգամավորներ, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի, Հայաստանի հետ Եվրոպական խորհրդարանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի և Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Ռոբերտ Հայշելի հետ, ով հանդիպմանը մասնակցում էր քաղաքական խմբի ղեկավարության անունից։

Հիշյալ հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձրացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների վերացման անհրաժեշտությունը, խոսել ադրբեջանական վերջին ագրեսիան հասցեական դատապարտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ԵՄ ղեկավար կառույցների կողմից հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ Տեր-Խաչատուրյանը կարևորել է Արցախի անկլավացման բացառումը և նկատել, որ այդ գործընթացը չպետք է սպառնա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, և դրա արդյունքում Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի մաս, որպիսին երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պատմության մեջ։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում ՀՀ իշխանությունների մոտեցումների անընդունելի լինելը՝ հատկապես երբ դրանք ուղեկցվում են Հայաստանին պարտադրվող նախապայմաններով։

Առանձնապես կարևորվել է ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների առավել զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակում՝ ի դեմս Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ համագործակցության, այնպես էլ եվրոպական երկրներում գործող սոցիալիստական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

 

ՀՅԴ hանրային կապերի գրասենյակ

12.11.2022 թ.