Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմական սադրանքների, դրանց պատճառների և միջազգային հանրության արձագանքի մասին Yerkir.am-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։
-Պարո'ն Աբովյան, թեև Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքները մեզ համար նորություն չեն, բայց ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանն այս անգամ։
-Այստեղ մենք պետք է երկու հիմնական դրույթ դիտարկենք․ առաջինը՝ Ադրբեջանն այս պարագայում փորձում է հերթական անգամ իր շեղելու քաղաքականությունը տանել, որովհետև այնտեղ բավականին ծանր սոցիալական իրավիճակ է, և, ըստ էության, Ադրբեջանի քաղաքական վերնախավը հասկանում է, որ այս կամ այլ կերպ սոցիալական ծանր իրավիճակը բերելու է լուրջ ընդվզումների իրենց ժողովրդի կողմից։ Իսկ ամենահարմար պատրվակը կրկին սադրանքներ հրահրելն է հայկական կողմի հետ, որովհետև ըստ արդբեջանական պաշտոնական գաղափարախոսության՝ հայերը եղել են, կան և կմնան իրենց բոլոր խնդիրների մեղավորը։ Ադրբեջանը մեզ որպես թշնամի է ընկալում, ոչ թե որպես հակառակորդ։ Երկրորդ՝ բավականին լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, և, ինչու ոչ, արդեն Թուրքիայի ականջներն են երևում այս ամենի մեջ, որովհետև այն օպերատիվ և սինխրոն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի կողմից, բավականին ցայտուն են և այս աշխարհաքաղաքական իրավիճակին համապատասխան։
-Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը երեկ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մտադրություն ունի քննարկելու փոփոխություններ, որոնցից մեկով նախատեսվում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին՝ զսպելու համար վերջինիս ագրեսիաները։ Նման սցենար հավանական համարո՞ւմ եք։
-Ինչու ոչ։ Չեմ կարող կանխատեսումներ անել, բայց կարծում եմ՝ հնարավոր է, որովհետև գոյություն ունի շատ պարզ մի իրողություն՝ տարածաշրջանային լարվածությունը։ Երկու պետություն բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկան՝ ՌԴ-ն, երբ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Թուրքիան իրավունք չունի խառնվել այս խնդիրներին և տեղը դրեց թուրքերին, երկրորդը՝ Միացյալ Նահանգները։ Պարզ է, որ գերպետություններին այս ծանր իրավիճակում, երբ տարածաշրջանաին զարգումների մասով իրենց հետաքրքրությունները բախվում են, լարածությունն ընդհանուր առմամբ ձեռնտու չէ։
-Տեսնում ենք, որ որոշ կոչեր հնչում են, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանն ականջալուր չի լինում դրանց։ Ի՞նչն է պակասում այդ կոչերում, որ Ադրբեջանը շարունակում է նման պահվածք որդեգրել։
-Միջազգային հանրությունը պետք է շատ հստակ մատնանշի սադրիչին։ Հաշվի առնելով մեծ դիվանագիտության կանոնները՝ ցավոք դա առայժմ տեղի չի ունենում։
-Այսօր Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չի տեսնում, այդուհանդերձ, ի՞նչ արձագանք արժի ակնկալել ՀԱՊԿ-ից։
-Թույլ տվեք առայժմ այս հարցի շուրջ մեկնաբանություններ չտամ, քանզի որոշակի պրոցեսներ են ընթանում։ Սպասենք դրանց ավարտին։
-Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի արձագանքը այս շրջանում տեղեկատվական դաշտում աշխատելու առումով։
-Ունենք խնդիրներ, իհարկե։ Լայնածավալ տեղեկատվական գրոհ գնաց դեպի մեր կողմ, բայց կարծում եմ, որ հնարավոր է խնդիրը շտկել, պարզապես պետք է դուրս գալ շինծու մարդասիրական կեցվածքից, որովհետև, երբ պատերազմ է, մարդասիրության մասին ավելորդ է խոսել։ Խոսքը ոչ թե ընդդիմության կամ իշխանության մասին է, այլ կիսագլոբալիստական տենդենցների, որոնք այս օրերին արտահայտվեցին։