Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս քաղաքագետների «փաղանգը» տարբեր խողովակներով հայկական լսարանին սկսել է ներշնչել, թե ԼՂ նոր պատերազմն անխուսափելի է դառնում, քանի որ չնայած ընթացող բանակցություններին` Հայաստանն ու Ադրբեջանը չեն հրաժարվում իրենց կարծր դիրքորոշումներից: Այդ միտքը կարմիր թելի նման անցնում է հայաստանյան լրատվամիջոցներում թեմայի շուրջ այսօր ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի, փորձագետ Անդրեյ Արեշևի արած մեկնաբանություններում: Ղարաբաղյան սահմանագծին մոտ տասնյակ ինքնաթիռների և ուղղաթիռների ներգրավմամբ Ադրբեջանի իրականացրած զորավարժությունները, շփման գծում օր օրի հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի ավելացման ֆոնին նման մեկնաբանությունները թվում են համոզիչ: Սակայն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր են կնքելու, ռուս քաղաքագետների այս պնդումները դարձնում է պարզագույն շովինիզմի դրսևորում: Պատերազմի վերսկսման վտանգն այսօր միանշանակ մեծացնում են ոչ թե կողմերը, այլ Ռուսաստանը՝ շարունակելով կողմերի միջև ուժային բալանսը միտունավոր թեքել Ադրբեջանի կողմը՝ թե Երևանի բացահայտ բողոքի պայմաններում Բաքվի հետ սպառազինության նոր խմբաքանակների տրամադրման շուրջ պայմանագրեր ստորագրելուն գնալու, թե Հայաստանի գնած՝ 200մլն դոլարի չափով զինտեխնիկայի մատակարարումները միտումնավոր ուշացնելու և թե Ադրբեջանին զսպաշապիկ հագցնելուն ուղղված` Վիեննայի պայմանավորվածությունները սրբագրելու, փաստացի չեզոքացնելու փորձերի միջոցով:
Ռուսաստանը զոհաբերում է Հայաստանի շահերը՝ ողջ ծավալով շահագործելով վերջինիս վրա ունեցած ազդեցության լծակները: Զրկված լինելով Ադրբեջանի վրա էական ճնշում գործադրելու հնարավորությունից՝ Մոսկվան փորձում է ցանկալի արդյունքի հասնել իր` այսպես կոչված ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու միջոցով: 1920-ականներին բոլշևիկյան Ռուսաստանը դա արեց քեմալական Թուրքիայի հետ, հիմա գրեթե նույն սցենարը պուտինյան Ռուսաստանը փորձում է կյանքի կոչել Ադրբեջանի հետ: Այն տարբերությամբ միայն, որ եթե 1920-ականներին զիջումները պարտադրվեցին Կարմիր բանակի սվինների ներքո, հիմա գործի են դրվել քաղաքական, տնտեսական լծակները՝ Հայաստանի պետականության և ինքնիշխանության հանդեպ գրեթե լիակատար արհամարհանքի, նվազագույն հարգանքի բացակայությամբ: Ինքնիշխանություն, որ նախորդ տարիներին մաս առ մաս հանձնվեց Ռուսաստանին՝ վերջինիս մոտ ընկալում ձևավորելով, որ ոտքերից ու ձեռերից զրկված անսեռ այդ օրգանիզմի հետ կարող է անել այն ամենը, ինչ ուզում է և ինչ թելադրում է սեփական այսրոպեական շահը:
Դորոխինի հայտարարությունները, որի ֆոնին Լավրովը Բաքվում Ալիևի հետ նաև Հայաստանի փոխարեն բանակցություններ էր վարում, առարկայորեն ցուցադրեցին, թե ինքնիշխանության այդ հանձնումն ինչպիսի աղետի առջև է կանգեցնում Հայաստանին՝ ավելորդ անգամ համոզելով, որ որքան էլ ուշացած, ընդհուպ գոյությունը պահելու կենսական և կրիտիկական խնդիրը լուծելու համար, Հայաստանը պարտավոր է վերականգնել իր ինքնիշխանությունը, անսեռ օրգանիզմից վերածվել գործոնի և եթե հնարավոր չէ նոր ձեռքեր ու ոտքեր աճեցնել, ապա գոնե պետք է շարժվելու և գործելու համար թեկուզ պրոթեզներ հագնել:
Առ այսօր ռուսական այս «կոպալային» քաղաքականությունից իր բողոքը, անհամաձայնությունը Երևանը համարձակվում էր արտահայտել միայն մերթ ընդ մերթ Մոսկվային ուղերձներ հղելով: Դորոխինի հայտարարությունը, Բաքվում Լավրովի «սեպարատ» բանակցություններն ավելորդ անգամ հաստատում են, որ լինեն այդ ուղերձները կիսաձայն, թե բղավոցով, Մոսկվան խորապես թքած ունի դրանց վրա: Անցած տարի «Էլեկտրիկ Երևան»-ի ծավալման ժամանակ Ռուսաստանի գերնյարդայնությունը, չեղած մայդաններ փնտրելու հիվանդագին մտասևեռումները և այդ վախերի ազդեցությամբ մի քանի ուղղություններով արած զիջումները՝ գազի սակագնի, Պերմյակովին` մասամբ հայաստանյան արդարադատությանը հանձնելու, զինտեխնիկա մատակարարելու պատրաստակամություն հայտնելու հետ կապված, շատ պարզ ցույց տվեցին, որ Մոսկվան նահանջում է միայն իր շահերի ուղեծրից դուրս կամ դեմ կոնկրետ գործողությունների, նախաձեռնությունների բախվելու պարագայում:
Ժամանակն է հրաժարվել լեզուն ատամների տակ սեղմելու, լավագույն դեպքում միայն ուղերձներով հաղորդակցվելու պրակտիկայից: Իսկապես որքան էլ ուշացած, այսուհանդերձ գործելու, ինքնիշխանության կորուստները վերականգնելու, այդպիսով Կրեմլի առջև ընկած մորթվելու պատրաստ հնազանդ գառան կեցվածքից հրաժարվելու ժամանակն է: Բայց գործողությունները չպետք է լինել հատվածական, որովհետև հատվածականությունը հանգեցնում է նրան, որ զգալով որևէ ուղղությամբ դիրքային կորուստներ ունենալու վտանգը, Մոսկվան շատ արագ սկսում է սեղմել Հայաստանի պարանոցը խեղդող շղթայի մյուս օղակները: Գործողությունները պետք է լինեն համակողմանի, համաչափ և զուգահեռ, որպեսզի Մոսկվան աստիճանաբար կորցնի հիմնական ուղղություններով Հայաստանին ճնշելու, Հայաստանի շահերը մանրադրամի վերածելու իրավունք ստանալու մեխանիզմները: Իսկ դա, եթե ժամանակը ների, հնարավոր է անել: Եվ մենք կվերլուծենք՝ թե ինչպես:
Գևորգ Դարբինյան