|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարդան Պետրոսյանն այն մարդն է, այն մտավորականը, որը համընդհանուր հասարակական հուսահատության ժամանակ հազարավոր մարդկանց ժպիտ է պարգեւել, ստիպել ժպտալ, եւ մենք այսօր նրա հանդեպ բարոյական պարտավորություն ունենք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատերագետ Արա Խզմալյանը:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ մտավորականներ այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն: Մտավորականները պահանջում են անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը` անձնական երաշխավորությամբ` հաշվի առնելով այն, որ դերասանը գտնվում է առողջական եւ հոգեբանական ծանր վիճակում: Երաշխավորագիրը ստորագրել են շուրջ երեք տասնյակ մտավորականներ:
Խզմալյանը նշեց, որ իրավական մարմինը դերասանի հետ այնպես է վարվում, կարծես նա ամենավտանգավոր մարդը լինի հանրապետությունում, մինչդեռ մարդիկ օրերով սպառնալիքներ կարող են հնչեցնել, եւ երկրում անվտանգություն, ասես, չլինի:
«Հասարակության մեջ մեծ խախտում կա, շատ անհանդուրժող ենք մեկս մյուսի հանդեպ: Այդ ինչպե՞ս են խոսում վթարից տուժած երկու կողմերի մասին, այդ ինչպե՞ս է իրեն պահում քննիչը: Քննիչը մեր հասարակության մի մասն է, եւ նրա պահվածքը գալիս է մեզանում առկա չարությունից»,- ասաց Խզմալյանը` հավելելով, որ Վարդան Պետրոսյանի հետ վարվելով անհարգալից, դատական մարմինն իր վերաբերմունքն է ցույց տալիս առհասարակ մտավորականության, մարդու` արվեստագետ տեսակի հանդեպ: «Նախ` պետք է անհապաղ քննիչը փոխվի եւ պատասխանատվության ենթարկվի: Մենք ցանկանում ենք մարդասիրության կոչ անել, քանի որ դերասանին այս առողջական վիճակով ուղղակի անթույլատրելի է կալանավայրում պահելը»,- ասաց Խզմալյանը:
Նա նշեց նաեւ, որ Վարդան Պետրոսյանի հանդեպ եղածին քաղաքական ենթատեքստ տալը շատ կնեղացներ այն շրջանակը, ինչ կատարվում է: