կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 10:46
Հասարակություն

Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում. Սերժ Սարգսյան

Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում. Սերժ Սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

 

Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը:

 

Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը: Ե՛վ առաջին գծում, և՛ պարտիզանական ջոկատներում, և՛ ընդհատակում, և՛ դիմադրական շարժումների մեջ հայորդիներն իրենց ավանդն են բերել նացիստական ուժերին վերջնականապես ջախջախելու գործում:

 

Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հակամարդկային գաղափարախոսության, բռնության ու բարբարոսության: Հերոսաբար կռվելով ամենատարբեր ճակատներում, գիշեր ու զօր աշխատելով թիկունքում, մենք պաշտպանել ենք նաև մեր հայրենիքը` Հայաստանը:

 

Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, վերաշինության, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ:

 

Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության:

 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ:

 

Խաղաղություն աշխարհին և խաղաղություն մեր երկրին: