Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
«alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել:
Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով):
Այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը:
Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում: 07.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն:
Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող:
Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ: