կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 16:59
Տարածաշրջան

Հույների պատասխանը Թուրքիային. Սալոնիկում Աթաթուրքի տուն-թանգարանը պետք է վերածել հունաց ցեղասպանության թանգարանի

Հույների պատասխանը Թուրքիային. Սալոնիկում Աթաթուրքի տուն-թանգարանը պետք է  վերածել հունաց ցեղասպանության թանգարանի

Հունական Սալոնիկ քաղաքում գտնվող թուրքական պետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի տունը պետք է վերածվի Պոնտոսի հույների ցեղասպանության թանգարանի: Նման առաջարկություն արվել է Հունաստանի խորհրդարանական «Հունական որոշում» կուսակցության կողմից՝ ի պատասխան Անկարայի մտադրությանը Ստամբուլում Սբ. Սոֆիայի մզկիթի կարգավիճակը վերականգնելու մասին:

Ըստ կուսակցության ներկայացուցիչ Տանասիս Միլոնասի, Թուրքիային անհրաժեշտ է ուժեղ արձագանք Հունաստանի կողմից: «Միայն այս կերպ բարբարոսները կկարողանան հասկանալ», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Միլոնասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողությունները համարել է սադրանք:

«Մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ սա համաշխարհային խնդիր չէ, զուտ երկկողմ հարաբերությունների խնդիր է, դա երկկողմանի թեմա է: Դա վերաբերում է ուղղափառությանը, դա վերաբերում է հույներին», - պարզաբանել է Միլոնասը ներկայացուցիչը:

Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց ավելի քան 350 հազար պոնտացի հույների: Անկարան իր հերթին մեղադրում է Աթենքին պատմական փաստերը աղավաղելու մեջ: Նաև Թուրքիան չի ընդունում իր մեղքը հայ ժողովրդի ցեղասպանության մեջ 1915-1917 թվականներին, երբ ոչնչացվել էր մոտ 1,5 միլիոն հայ. հայտնում է EADaily-ն։

Հիշեցնենք, որ այս տարի Կոստանդնուպոլսի անկման օրը՝ մայիսի 29-ին Սբ. Սոֆիայում, Ղուրանի ընթերցում է տեղի ունեցել: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել էր վերանայել տաճարը մզկիթի վերածելու հնարավորությունը: 1985 թվականից Յագիա Սոֆիան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր: Բազմաթիվ պետություններ կոչ են արել Թուրքիային զերծ մնալ տաճարը մզկթի վերածելու մտադրությունից։

Թուրքիայի բարձրագույն դատարանը հուլիսի սկզբին որոշել էր, որ Սբ. Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ վերաբացման որոշումը պետք է կայացվի երկրի նախագահի հայեցողությամբ։ Բազմաթիվ պետություններ, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են արել Թուրքիային տաճարը թողնել որպես թանգարան։

Նշենք, որ Սբ. Սոֆիան կառուցվել է 6-րդ դարում, 1453 թ. օսմանցիների կողմից Կ.Պոլսի գրավումից հետո այն վերածվում է մզկիթի, իսկ 1935 թ. Աթաթուրքի հրամանով այն դարձավ թանգարան և նման կարգավիճակում գործում է ցօրս։

Մուսթաֆա Քեմալը ծնվել է 1881 թ. Սալոնիկում։ 1930-ական թվականներին Հունաստանը, որպես բարի կամքի դրսևորում, տրամադրել էր Թուրքիային Սալոնիկում գտնվող Աթաթուրքի հայրական տունը, որն այնուհետ դարձավ տուն-թանգարան։