կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-05 14:52
Քաղաքական

Երկրի մայր օրենքի հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան

Երկրի մայր օրենքի հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

1995 թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը միտված է մեր անկախ պետականության կայացմանը, մեր երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը:

Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Հենց այս սկզբունքից պետք է բխեն բոլոր պետական մարմինների և ՀՀ բոլոր քաղաքացիների քայլերն ու արարքները: Անհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև:

Երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է և կարող է հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով: Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ լիահույս եմ, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսի պետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները, որտեղ օրենքի գերակայությունը կլինի մեր հայրենիքի և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: