կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 22:02
Հասարակություն

Պոլսո պատրիարք Մաշալյանը հանդիպել է պոլսահայ մամուլի ներկայացուցիչների հետ

Պոլսո պատրիարք Մաշալյանը հանդիպել է պոլսահայ մամուլի ներկայացուցիչների հետ

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խորհրդակցական հանդիպում է ունեցել Ստամբուլում գործունեություն ծավալող հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Ըստ պատրիարքարանի տարածած հայտարարության՝ հանդիպման գլխավոր թեման եղել է համաճարակի պայմաններում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները, գրում է Ermenihaber.am լրատվական կայքը:

Նշվում է, որ պատրիարքի նախագահությամբ տեղի ունեցած քննարկում-հանդիպմանը մասնակցել են պատրիարքարանի դիվանապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, պատրիարքական փոխանորդ Տ․ Գրիգոր ավագ քահանա Տամատյանը, «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Մարմարա» թերթից Արի Հադդելերը և Կարո Համամջյանը, «Փարոս» ամսագրից Մայդա Սարիսն ու Մկրտիչ Արծիվյանը, «Լույս» մեդիայից էլ Արամ Քուրանն ու Շահնուր Քազանջըն։

Հանդիպումը սկսվել է պատրիարքի աղոթքով ու ողջույնի խոսքով, ապա Արք․ Մաշալյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման գլխավոր նպատակն է քննարկել կորոնավիրուսի համավարակի շրջանում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։

Բոլոր ներկաները հանդես են եկել ելույթով՝ ներկայացնելով իրենց ներկայացրած կազմակերպությունների խնդիրները։ Նրանք նշել են, որ համայնքային կառույցների օժանդակության կարիքն ունեն։

Ավելի քան 2 ժամ տևած հանդիպման ավարտին պատրիարքն ամփոփիչ ելույթի է ունեցել և նշել, որ իրենք շատ են կարևորում հայալեզու մամուլի միավորների գործունեությունը համայնքային կյանքում և իրենց բարոյական աջակցությունն են հայտնում նրանց։ Մաշայլանը նշել է նաև արևմտահայերենի պահպանության գործում հայատառ մամուլի ունեցած կարևոր առաքելության մասին։ Ըստ պատրիարքի՝ այն պետք է թափանցի համայնքի բոլոր շերտերից ներս։ Այս առիթով պատրիարքը ներկաներին հորդորել է հանդիպում ունենալ նաև համայնքային պաշտոնյաների հետ։