կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 14:25
Տարածաշրջան

Պոլսո պատրիարքի տեղապահի թեկնածու Մաշալյանը հանում է իր թեկնածությունը

Պոլսո պատրիարքի տեղապահի թեկնածու Մաշալյանը հանում է իր թեկնածությունը

Կ.Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ մարտի 15-ին կայանալիք` տեղապահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու է: Նա կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականններին` իրենց ձայնը տալ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Ակoս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով, որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած կոշտ գնահատականները հնարավոր է որոշ հոգևորականների բարկացրած լինեն: Ըստ նրա՝ այդ հանգամանքը կարող էր ազդել քվեարկության վրա՝ Արամ Աթեշյանին հնարավորություն տալով տեղապահ ընտրվել:

«Այդ պատճառով ասում եմ, որ տեղապահի ընտրություններում ինձ չընտրեն, այլ ինձ ընտրել ցանկացողները թող իրենց ձայները Գարեգին Բեքչյանին տան: Ժողովրդի մասին թող մտածեն: Մի քիչ էլ թող իրենց պատիվը փրկեն»,- ասել է Մաշալյանը: 

Հաշվի առնելով անցյալի դառը փորձը՝ նա կասկածում է, որ Արամ Աթեշյանի տեղապահ ընտրվելու դեպքում պատրիարքի մյուս թեկնածուների համար քարոզչության հավասար պայմաններ կստեղծվեն, ուստի, Գարեգին սրբազանն այդ պաշտոնում ավելի արդար, անկողմնակալ թեկնածու է դիտվում:

Մաշալյանը նշել է, որ իր թեկնածությունը հանելու մասին կհայտարարի մարտի 15-ին կայանալիք կրոնական ժողովում, որի ընթացքում էլ պետք է ընտրվի տեղապահը:

Հիշեցնենք, որ փետրվաի 13-ին Մաշալյանը հրաժարական էր տվել պատրիարքարանում զբաղեցրած բարձր պաշտոններից՝ որոշումը բացատրելով պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի վարքագծով:

Մաշալյանը Աթեշյանին մեղադրել էր պատրիարքի ընտրությունները արհեստականորեն ձգձգելու մեջ:  Իրավիճակը հարթելու համար, համայնքային կառույցների ղեկավարների միջնորդությամբ, փետրվարի 16-ին Մաշալյանի և Աթեշյանի մասնակցությամբ ժողով է անցկացվում, որի ընթացքում պատրիարքի ընտրությունները կազմակերպելու մասին համաձայնագիր է ստորագրվում: Սակայն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը չեղարկում է համաձայնագիրը եկեղեցական կանոնակարգին չհամապատասխանող կետի առկայության պատճառով: Այդ կետը նախատեսում էր, որ Աթեշյանը տեղապահի ընտրությունից հետո շարունակելու էր մնալ փոխանորդի պաշտոնում:

Խնդիրը հանգուցալուծվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ Գարեգին 2-րդի նախագահությամբ և Արամ Աթեշյանի, Սահակ Մաշալյանի, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանի մասնակցությամբ 2-օրյա ժողով անցկացվեց: Արդյունքում` կազմվեց արձանագրություն, համաձայն որի` մինչև մարտի 15-ը պետք է անցկացվեն տեղապահի ընտրություններ, որից հետո Աթեշյանը պետք է հրաժարական ներկայացնի: