կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 14:47
Քաղաքական

Սահակ եպս. Մաշալյանը ոչ պաշտոնապես Պոլսո 85-րդ Հայոց պատրիարք

Սահակ եպս. Մաշալյանը ոչ պաշտոնապես Պոլսո 85-րդ Հայոց պատրիարք

Երեկ՝ դեկտեմբեր 8-ին վերջապես տեղի ունեցավ պոլսահայ կյանքի վերջին 13 տարիների ամենակարևոր իրադարձությունը. պոլսահայերը ընտրում էին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք:

«Ակօս» շաբաթաթերթը, հենվելով Նախաձեռնարկ մարմնի հայտնած տվյալների, նշում է, որ  պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը ստացել է 9008 քվե, իսկ նախկին փոխանորդ Արամ արք. Աթեշյանը 3529 քվե: Ընդհանուր առմամբ քվեարկել է 13704 մարդ, որն ավելի քիչ է, քան 1998 թ. ընտրողների քանակը՝  15807: 744 քվե անվավեր է ճանաչվել, 377-ն էլ դատարկ ծրարներ են գցել: Նշվում է, որ ոչ վավեր քվեները ցույց են տալիս մի շարք ընտրողների բոյկոտել են ընտրությունները:

Ընտրությունների նախօրեին էլ՝ դեկտեմբերի 7-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել էր, որ ընտրված անձին չի համարելու իր պատրիարք. «Վաղը կայանալիք պատրիարքական ընտրութեան համար պիտի չքուէարկեմ։ Ընտրեալը պիտի չճանչնամ որպէս իմ պատրիարքը։ Պատմութիւնը իր սեւ էջերուն վրայ պիտի արձանագրէ այն պետական պաշտօնեաները, որոնք մեր պատիւը խաղալիքի վերածեցին, այն հոգեւորականներն ու վարիչները, որոնք գործակցեցան անոնց հետ». - նշել էր Փայլանը:

Հիշեցնենք նաև, որ այս ընտրությունները միանշանակ չէր ընդունվել համայնքում: Խնդիրը Թուրքիայի Ներքին գործերի նախարարության ուղարկած կանոնադրությունն էր, որում սահմանափակվում էր թեկնածուների քանակը՝ 12-ից հասցվելով 2-ի: Խոսվում է, որ այս ամենն արվել էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի հավանական հաղթանակը խոչընդոտելու համար՝ մեծ թվով աջակիցներ ունենալու պատճառով: