կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 13:06
Տնտեսական

Ադրբեջանը սպառնում է ռուսաստանյան գազին

Ադրբեջանը սպառնում է ռուսաստանյան գազին

Ադրբեջանը բավական ցավագին հարված է հասցրել Թուրքիայում «Գազպրոմ»-ի դիրքերին: Անկարան դադարել է լինել Արևմուտքում ռուսաստանյան գազի ամենախոշոր գնորդը: Ներկայումս Բաքուն է թիրախավորել ԵՄ գազի մատակարարումները: Ինչո՞ւ է Ռուսաստանը կորցրել է առաջնորդությունը թուրքական գազային շուկայում, կկարողանա՞ վերադարձնել դիրքերը և ինչպե՞ս պետք է առաջ անցնի եվրոպական շուկայում իր հակառակորդներից. ըստ yerkir.am-ի` վերլուծում է «Վզգլյադ»-ը:

Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս սեփական գազը մատակարարել Եվրոպա և այդպիսով դուրս մղել ռուսաստանյան վառելիքն այնտեղից: «Մոտ 15 տարի է`Ադրբեջանը նավթի հուսալի մատակարար է եվրոպական շուկաներում: Մոտ ժամանակներս մենք կսկսենք ԵՄ երկրներ բնական գազ մատակարարել» ,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Գազի նոր մատակարարի համար եվրոպական շուկան ներկայումս, մեղմ ասած, ամենալավը չէ: ԵՄ-ում գազի գները տապալվել են մինչև պատմական նվազագույնները՝ կարանտինի և ճգնաժամի ֆոնին սպառման կտրուկ նվազման պատճառով: Սակայն Ադրբեջանն այլևս ընկրկելու տեղ չունի. նոր հանքավայրերի շահագործման և Կասպից ծովից Թուրքիա, ապա՝ Եվրոպա գազատարների կառուցման որոշումն ընդունվել է վաղուց, երբ գազի գները դեռևս բարձր էին: Բոլոր ներդրումները և՛ արդյունահանման աճի, և՛ խողովակների տեղադրման համար արդեն կատարվել են: Հետդարձի ճանապարհ չկա:

Ադրբեջանական գազը Եվրոպա է տեղափոխվելու Հարավային գազային միջանցքով, որի երկարությունը 3500 կմ է: Նախագծի արժեքը 40 մլն դոլար է: Միջանցքը ներառում է Հարավկովկասյան միջանցքը (Վրաստանով), TANAP-ը (անցնում է Թուրքիայով) և մայրուղային TAP գազատարը (գազն այնուհետև տեղափոխում է Բուլղարիա, Հունաստան և Իտալիա): Այդ գազատարների հումքային բազան ադրբեջանական Շահ  Դենիզ գազակոնդենսատային հանքավայրի շահագործման երկրորդ փուլն է:

Ադրբեջանական գազն արդեն հասել է Թուրքիա 2018-ին, իսկ 2020-ի աշնանը պետք է գործարկվի TAP-ը: Վերջնական ժամկետները հստակեցվում են: Հենց այդ գազատարն էլ կբացի ադրբեջանական գազի ճանապարհը դեպի Եվրոպա:

Բաքվի այդ նախագիծը ռուսաստանյան գազային նախագծերի՝ «Երկնագույն հոսք»-ի, «Հարավային հոսք»-ի, իսկ հետո նաև «Թուրքական հոսք»-ի վաղեմի մրցակիցն է: Հատկանշական է, որ ադրբեջանական նախագիծը, ի տարբերություն ռուսականի,  Եվրոպայում որևէ խնդրի չի բախվել, որովհետև Հարավային գազային միջանցքին աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ը: Այդ պատճառով եվրոպական տարածքով անցնող TAP-ը եվրոպական կարգավորողներից ստացել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և ԵՄ Երրորդ էներգափաթեթի նորմերից բացառությունները: «Հարավային հոսք»-ը նման արտոնությունների չի արժանացնել, ընդհակառակը՝ նախագիծը ստիպված եղան չեղարկել եվրոպական օրենսդրական նորմերի պատճառով: Ռուսաստանն այդ` առանց տարանցման և շահավետ նախագիծը ձևափոխեց «Թուրքական  հոսք»-ի, որի հզորությունները ստիպված կրճատեցին, բացի դրանից` որպես տարանցիկ երկիր Թուրքիան էլ հնարավոր չէ պլյուսների շարքը դասել: Էլ չխոսենք «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ սանձազերծված իսկական պատերազմի մասին. այդ գազատարը ոչ միայն ԱՄՆ-ի ուղիղ պատժամիջոցների տակ է, այլ նաև, ըստ էության, Եվրահանձնաժողովի, թեև Բրյուսելում դա կոչում են գազային հրահանգի լրացումներ:

Ադրբեջանական գազի մուտքը Թուրքիա արդեն իսկ վնաս է հասցրել «Գազպրոմ»-ի դիրքերին: Մինչև վերջերս Անկարան ռուսական գազի խոշորագույն սպառողն էր Եվրոպայում: Հիմա իրավիճակը փոխվել է: Անցյալ տարի թուրքերը գնեցին 35 տոկոսով  քիչ ռուսաստանյան գազ՝ 15,5 մլրդ խմ: Թեև Ռուսաստանը 2019-ին մնաց երկրի գազի խոշորագույն մատակարարը, նրա մասնաբաժինը շուկայում կրճատվեց 2018-ի 74 տոկոսից մինչև 34 տոկոս 2019-ին (Թուրքիայի տվյալներն են): Այս տարի Թուրքիան շարունակում է նվազեցնել ռուսաստանյան գազի գնումները: Առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են  17 տոկոսով՝ մինչև 3,8 մլրդ խմ: Մարտի արդյունքներով Ռուսաստանը կորցրել է առաջնորդությունը թուրքական շուկայում և իջել 5-րդ տեղը. «Գազպրոմ»-ը զիջել է Ադրբեջանին, Քաթարին, Իրանին և Ալժիրին:  Ի դեպ, խողովակներով Թուրքիա է հասնում ռուսաստանյան, ադրբեջանական և իրանական գազը, իսկ Քաթարից ու Ալժիրից բերվում է հեղուկացված բնական գազ (ՀԲԳ):

Մի կողմից՝ Թուրքիայում առաջին տարին չէ, որ գազի սպառումը նվազում է տեղական արժույթի արժեզրկման և թուրքական տնտեսության խնդիրների պատճառով, որոնք ի հայտ էին եկել դեռևս համավարակից առաջ: Մյուս կողմից՝ Ադրբեջանն ուժեղացրել է մրցակցությունը շուկայում. Անկարան ակտիվորեն գնում է ադրբեջանական գազը, ընդ որում՝ անցյալ տարի պայմանագրով սահմանված 6 մլրդ խմ-ից ավելի: Չի բացառվում, որ դա քաղաքականություն է:

«Հնարավոր է՝ Թուրքիայի ղեկավարությունից «Գազպրոմ»-ից գազ չգնելու ցուցում է ստացվել, որովհետև Ռուսաստանի հետ Թուրքիան բավական մեծ տարաձայնություններ ունի Սիրիայի ու Լիբիայի  հարցերում»,- ենթադրում է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի և Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը:

Իր դերն է խաղացել նաև անցյալ տարվանից հեղուկացված բնական գազի գների նվազումը: «ՀԲԳ-ն հիմա ամենուր էժան է, այդ պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են այն: Կարծում եմ՝ ինչ-որ պահի ՀԳԲ-ն ավելի էժան է եղել, քան ռուսաստանյան գազը՝ պայմանագրով»,- հավելում է Յուշկովը:

Եվս մի տհաճ նորություն՝ թուրքական շուկայում ԱՄՆ-ը գործնականում հասել է Ռուսաստանին ՀԲԳ-ի մատակարարումներով՝ այս տարվա մարտին դրանք ավելացնելով 300 տոկոսով՝ մինչև 370 մլն խմ: Ռուսաստանը մարտին մատակարարել է ընդամենը 390 մլն խմ: Տարբերությունն աննշան է: Համեմատության համար՝ 2019-ի մարտին Թուրքիան գնել է 1,4 մլրդ խմ ռուսաստանյան գազ, այսինքն՝ 3,5 անգամ նվազում է տեղի ունեցել:

«Սակայն թուրքական շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի նվազման գլխավոր գործոնը, այնուամենայնիվ, ադրբեջանական գազի մուտքն է: Թուրքիան ակտիվորեն սկսել է նոր գազն ընտրել կոշտ պայմանագրի շրջանակում, որը պետք է կատարել»,- ասում է Յուշկովը:

Այլ բան է, որ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածություններն էլ են կոշտ: «Գազպրոմ»-ի հետ պայմանագրերում նույնպես գրված է «Վերցրու կամ վճարիր» պայմանը, ըստ որի` թուրքերը պարտավոր են վճարել պայմանագրով նշված ծավալների 80 տոկոսի համար, նույնիսկ եթե այդքան գազ չեն վերցրել: Սակայն թուրքերն իրենց պարտավորությունները չեն կատարում: Թուրքական 7 մասնավոր ընկերություններ «Գազպրոմ»-ին 2 մլրդ դոլարի պարտք ունեն: 2019-ին նրանք վերցրել են պայմանագրով սահմանված ծավալների 15 տոկոսից պակաս և չեն վճարել  «Վերցրու կամ վճարիր» պայմանով: Այդ հարցը, հավանորեն, լուծում պետք է գտնի պետական մակարդակով:

««Գազպրոմ»-ի դժգոհությունը թուրքական ընկերություններից, կարծում եմ, պայմանավորած է նրանով, որ նրանք  ոչ թե կրճատել են ռուսաստանյան գազի գնումները՝ խախտելով «Վերցրու կամ վճարիր» պայմանը, այլ գազ են գնել մյուս մատակարարներից: Եթե Թուրքիայում ֆորս- մաժոր լիներ, և նրանց այդքան գազ հարկավոր չլիներ, դա այլ բան է: Սակայն այդպես չէ»,- պարզաբանում է Յուշկովը:

 Թուրքիայում Բաքվի հաջողությունները բացատրում են Ադրբեջանի նախագահի հավակնություններով՝ դուրս մղել ռուսաստանյան գազը նաև Եվրոպայից, թեև ադրբեջանական գազն ամբողջ Եվրոպային չի բավարարի: Ենթադրվում է, որ 1-ական մլրդ խմ կստանան Հունաստանն ու Ալբանիան, ևս 8 մլրդ՝ Իտալիայի հարավը:

 Սակայն «Գազպրոմ»-ի՝ իտալական շուկայում իր մասնաբաժինը պահպանելու շանսերն ավելի մեծ են, քան Թուրքիայում, թեև, ըստ Յուշկովի, մրցակցությունը մատակարարների միջև նույնպես մեծ է: «Նախ՝ պարզ չէ, թե երբ Ադրբեջանից Իտալիա կհասնի խոստացված ամբողջ 8 մլրդ խմ գազը: Իտալացիներն այնքան էլ միանշանակ չեն ասել այն գնելու հեռանկարների մասին: Երկրորդ՝ ադրբեջանական և ռուսաստանյան գազերի մրցակցությունն Իտալիայում այլ կերպ է դասավորվելու: Բանն այն է, որ Թուրքիայի հետ գազպրոմյան պայմանագրերում գազի գնի բանաձևը, որպես կանոն, կապված է նավթայինի հետ: Իսկ Իտալիայի հետ պայմանագրերում ռուսաստանյան գազի գինն ավելի շատ կախված է սփոթային բաղադրիչից, այսինքն՝ գազի գնից, որը ձևավորում է  գազային հաբում: Ի՞նչ է դա նշանակում: Նավթային կախվածությամբ դասական պայմանագիրը ենթադրում է, որ նավթի այսօրվա գինը կսահմանի գազինը 6-9 ամիս հետո, մինչդեռ սփոթային շուկայում գազի գինը փոխվում է զգալիորեն արագ: Այդ պատճառով այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում Թուրքիային քիչ ձեռնտու էր ռուսաստանյան գազ գնելը: Դրա գինը սահմանվում էր նավթի աշնանային գնումներով: Այն ժամանակ նավթն արժեր զգալիորեն թանկ, քան մարտին տեղի ունեցած անկումից հետո: Այդ պատճառով Թուրքիան գազ է գնում այլ պայմանագրերով, որոնք կապված են գազի սփոթային շուկային: Սփոթային գազն  էժան է ռուսաստանյանից»,- պարզաբանում է Յուշկովը:

Մինչդեռ իտալացիները, ըստ փորձագետի, հայտնի են այն բանով, որ հենց նրանց հետ է «Գազպրոմ»-ը կնքել իր առաջին՝սփոթային շուկայի հետ կապված պայմանագիրը, և իտալացիների համար ռուսաստանյան գազի գինը ներկայումս ավելի ցածր է, քան թուրքերի համար, հետևաբար՝ Իտալիայում ռուսաստանյան գազի մրցունակությունը մեծ է:

«Կա մի տարբերություն` Թուրքիայի մատակարարների թիվն աճում է, մինչդեռ Իտալիայում այլ իրավիճակ է՝ կրճատվում են Ալժիրից մատակարարումները, որը համարյա նույն ծավալի վառելանյութ է արդյունահանում, սակայն ներքին սպառման մեծացման պատճառով Ալժիրից արտահանումը նվազել է, և Ալժիրից Իտալիա գազատարները թերբեռնված են»,- նշում է փորձագետը:

Նրա կարծիքով՝ ադրբեջանական գազի նոր ծավալները կարող են փոխարինել ալժիրականին: «Հնարավոր է՝ «Գազպրոմ»-ն Ալժիրի տեղը զբաղեցնելու հավակնություն ուներ, սակայն եթե թխվածքի ազատված կտորը վերցնի Ադրբեջանը, դա ամենավատ տարբերակը չի լինի, որովհետև նոր խաղացողը չի վերցնի իտալական շուկայում «Գազպրոմ»-ի ընթացիկ բաժինը»,- նշում է Յուշկովը:

Իտալիան, ի տարբերություն Թուրքիայի, նաև պարտքային խնդիրներ չունի «Գազպրոմ»-ի հետ:

«Իտալիայում նույնպես ուժեղ մրցակցություն է, սակայն այստեղ «Գազպրոմը» համարյա հավասար է շուկայի մյուս մասնակիցներին: Բացի դրանից՝ Իտալիայում գազի շուկայի վրա քաղաքական հարաբերությունները չեն ազդում: Այդ պատճառով «Գազպրոմ»-ի՝ իր դիրքերը պահպանելու շանսերն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ են, քան թուրքական շուկայում»,- ենթադրում է Յուշկովը:

Ճգնաժամից դուրս գալուն զուգահեռ, գազի գներն էլ պիտի կայունանան: Իսկ դա նշանակում է, որ «Գազպրոմ»-ի համար սև փուլը երբևէ ավարտվելու է : «Դրական սցենարն այսպիսին է` Ասիայում ՀԲԳ-ի գներն աճելու են, և այդ ժամանակ այդ գազի ամբողջ հոսքը կուղղվի այնտեղ: Միաժամանակ, Եվրոպայում գներն այնքան էլ բարձր չեն լինի` 200 դոլարի կարգի` խորանարդ մետրի համար, որպեսզի այդտեղ հեղուկացված գազ չբերվի: Այդ ժամանակ «Գազպրոմ»-ը Եվրոպայում կմրցակցի միայն գազատարներով մատակարարների հետ: Այդպիսի պայմաններում նա կարող է հետ գրավել շուկայի` իր մասնաբաժինը»,- կարծիք է հայտնում Յուշկովը:

Ի տարբերություն «Գազպրոմ»-ի, Եվրոպա գազ մակատարարողներն այս կամ այն խնդիրն ունեն. Նորվեգան պատրաստվում է նվազեցնել արդյունահանումը, Ալժիրը կրճատում է արտահանումը, Ադրբեջանը դեռևս կարող է տալ առավելագույնը 16 մլրդ խմ գազ` Թուրքիային ու Եվրոպային միասին, իսկ դա ոչինչ է ռուսաստանյան ծավալների համեմատ: Բաքվի հաշվարկը` ապագայում մատակարարումները մեծացնել մինչև 30 մլրդ խմ և ավելի, կարող է  չարդարանալ:  Շահ Դենիզ-2-ի շահագործումը բավականին թանկ արժեցավ: Ցածր գների պարագայում ադրբեջանական գազի մատակարարումների ավելացումը կարող է դեռ երկար հետաձգվել: