կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-20 16:10
Քաղաքական

Քաղաքապետը կա՛մ ուզում է «ստվերային գումարներ» աշխատել, կա՛մ ընկել է իր կնոջ «կրունկի տակ»

Քաղաքապետը կա՛մ ուզում է «ստվերային գումարներ» աշխատել, կա՛մ ընկել է իր կնոջ «կրունկի տակ»

2018 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետի խորհրդական է նշանակվել  ոմն Արթուր Սարգսյան, ով նախկինում՝ 2012– 2017թթ., աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նախ որպես գնումների և պայմանագրերի կառավարման ղեկավար, 2013 թ․ ապրիլի 26-ից՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար,  այնուհետև 2013 թ. հուլիսի 23-ից՝ որպես նույն կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն:

Սարգսյանի նշանակումից հետո շուրջ յոթ ամիս Երևանի քաղաքապետարանի կայքը չէր հրապարակում որևէ տեղեկեւթյուն նրա նշանակման փաստի և կենսագրական տվյալների մասով։

Այժմ ուշադիր դիտենք նրա աշխատանքային գործունեության հիմնական հատվածները

2001– 2009թթ. աշխատել է ՀՀ Պետական գնումների գործակալությունում՝ սկզբում որպես գլխավոր մասնագետ, այնուհետև՝ 2007թ.-ից՝ որպես աշխատանքների ձեռքբերման բաժնի պետ: Ընդունվել է աշխատանքի Հակոբ Բեգլարյանի հովանավորությամբ։

2009–2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գնումների բաժնի պետի պաշտոնում՝ հիմնադրելով նշված բաժինը՝ վերջում վերակազմակերպելով այն վարչության: Ստացել է առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: Ընդունվել է աշխատանքի Հակոբ Բեգլարյանի եղբոր՝ այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հովանավորությամբ։

2011–2012 թթ. աշխատել է ՀՀ Պետական գնումների գործակալությունում՝ որպես էլեկտրոնային գնումների բաժնի պետ՝ հիմնադրելով նշված բաժինը: Մասնակցել է ՀՀ-ում էլեկտրոնային գնումների հիմնադրման գործընթացին: Վերադարձել է Հակոբ Բեգլարյանի տրամադրության տակ, քանի որ Գագիկ Բեգլարյանը ազատվել էր Երևանի Քաղաքապետի պաշտոնից։

2012 թվականի հուլիսին արդեն նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի Նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գնումների և պայմանագրերի կառավարման ղեկավար։ Նորից անցել է Գագիկ Բեգլարյանի տրամադրության տակ, քանի որ վերջինս 2012թ․ հունիսի 16 –ից նշանակվել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։ Ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2017 թ․ հունվարի 9 – ին, քանի որ Նախարար Գագիկ Բեգլարյանը 2016թ․ սեպտեմբերի 20 –ին հրաժարական էր տվել։

Նորանշանակ Նախարար Վահան Մարտիրոսյանը իրականացրեց վերակազմավորման գործընթաց և նոր ստեղծված ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կազմում գործող երկու Ճանապարհաշինարարական ՊՈԱԿ – ները միավորեցին իրար հետ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1304-Ա որոշմամբ` «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը դարձավ «Հյուսիս-հարավ  ճանապարհային  միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդը:

2017 – 2018 թվականներին Սարգսյանը նորից անցավ Բեգլարյանների հովանավորության տակ և 2017 թվականի հունվար – մայիս ամիսներին ղեկավարեց Հակոբ Բեգլարյանի տարածքային ընտրական շտաբերից մեկը։ Ի դեպ, Արթուր Սարգսյանը 2000 թվականից ՀՀԿ անդամ է և միշտ ակտիվորեն մասնակցել է նախընտրական քարոզարշավներին՝ ի աջակցություն ՀՀԿ – ի և Բեգլարյանների։

Այժմ դիտարկենք Երևանի քաղաքապետարանի կայքում եղած տեղեկատվությունը Արթուր Սարգսյանի մասին՝

2012– 2017թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի, այնուհետև՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններում նախ որպես Տրանսպորտային և ճանապարհաշինական ծրագրերի իրականացման կազմակերպության գնումների և պայմանագրերի կառավարման ղեկավար, այնուհետև 2013թ.-ից՝ որպես նույն կազմակերպության գլխավորգործադիր տնօրեն:

2018թ. նոյեմբերից Երևանի քաղաքապետի խորհրդականն է:

Ինչպես երևում է, յոթ ամիս մտածելուց հետո, քաղաքապետարանը որոշեց, այնուամենայնիվ, հրապարակայնացնել տեղեկատվությունը, քանի որ, ըստ օրենքի պարտավոր էր դա անել (տես հղումը)։ 

Ցավոք սրտի, կայքում տեղադրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կոպիտ մանիպուլյացիա է, բառախաղ և փաստերի աղավաղում․․․

2012 – 2017  թվականներին Հայաստանի Հանրապետությունում «Տրանսպորտային և ճանապարհաշինական ծրագրերի իրականացման կազմակերպություն» անվանմամբ հիմնարկ գոյություն չի ունեցել։ Գոյություն է ունեցել ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1304-Ա որոշմամբ ստեղծված` «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ անվանումով հիմնարկ, որտեղ Արթուր Սարգսյանը «իրավական տեսանկյունից» աշխատել է ընդամենը 25 օր՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2017 թ․ հունվարի 9 – ը։ Կարելի է ասել, որ «փաստացի» այս հիմնարկում նա չի աշխատել, քանի որ տվալ օրերը եղել են նախատոնական և տոնական ու հիմնարկը գտնվել է վերակազմավորման և նստավայրի տեղափոխման փուլում։ Ամանորի տոներից հետո «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման կազմակերպության ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը աշխատանքի դուրս չի եկել։ 

Ակնհայտ է, Երևանի քաղաքապետը իրականացրել է այս կեղծարարությունը, որպեսզի աճպարարության միջոցով ժողովրդին շեղի Արթուր Սարգսյանի իրական գործունեությունից և կոծկի «Հյուսիս – Հարավ» ծրագրում կատարված չարաշահումներում նրա դերը։ Այլ կերպ ասած «Հյուսիս – Հարավ» բառակապակցությունը հանվել է շրջանառությունից, հաշվի առնելով հասարակության խիստ բացասական ընկալումը այդ Ծրագրի նկատմամբ։

Հիշեցման կարգովՀՀ Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 2018 թվականի սեպտեմբերի 4-ին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուց­վել է քրեական գործ՝ 2009-2018 թվականների ընթացքում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում ներ­գրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներումպետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ: Հիշյալ քրեական գործում որպես մեղադրյալներ են ներգրավվել շինաշխատանքներում անմիջական ընդգրկված ընկերությունների տնօրեններ, աշխատակիցներ, խորհրդատու արտասահմանյան կազմակերպությանխմբի ղեկավարը (SAFEGE/EPTISA, Bronislav Dmitrievich), նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ընդհանուր թվով 18 անձ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ, 6-ի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին:Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմված միջանկյալ վճարման վկայագրերում ներառվել են աշխատանքների ծավալների վերաբերյալ կեղծ՝ կրկնակի տվյալներ, կատարվել հավելագրումներ, և 2016 թվականի սեպտեմբերի 1-ին թողարկվել և պատվիրատուի վճարմանն են ներկայացվել ճանապարհահատվածի մի հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է շուրջ 1,9 մլն ԱՄՆ դոլար:

Ակներև է, որ այս բոլոր հանցագործությունները կատարվել են ԾԻԳ – ի տնօրենի թողությամբ և գիտությամբ։ Իհարկե, նա լուռ ու մունջ կատարել է Գագիկ Բեգլարյանի հրահանգները և դրա փոխարեն փոխհատուցվել բավականին մեծ գումարներով։ Արդյոք քննչական կոմիտեի կողմից երբևէ հարցաքննվել՞ է Արթուր Սարգսյանը։ Կամ էլ նա ուղղակի սուտ կամ իրական մատնություն է կատարել Գագիկ Բեգլարյանի և այլոց նկատմամբ և փոխարենը ստացել է «ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ» և նոր պաշտոն։

Սակայն, իրականում պարզ է, թէ քաղաքապետը ինչի համար է Ա.Ս.–ին նշանակել խորհրդականի պաշտոնին և ինչու քաղաքապետարանի կայքում չի նշվել նրա «կարկառուն» աշխատանքը «Հյուսիս – Հարավ» ԾԻԳ – ում՝ սկզբից որպես՝ գնումների ղեկավար, հետո որպես՝ գլխավոր գործադիր տնօրեն։

Ժամանակին սկսելով որպես գնումների մասնագետ՝ քաղաքապետարանում ուներ մականուն «Դոլար Արթուր», բոլոր, անգամ դրամային արտահայտությամբ մրցույթները «վաճառվում էին դոլարով»։

Լինելով հայաստանում ամենամեծ ֆինանսավորում ունեցող կառույցի ղեկավար, նա երբևիցե որոշումներ չի կայացրել, քանի որ լինելով ձայնազուրկ կարգավիճակում և կառավարվելով Բեգլարյանների կլանի կողմից, նրանք ուղղակի թելադրել են իր քայլերը, իսկ նա պարտաճանաչ կատարել է, առանց որևէ քննադատության։

Արդյունքում, տապալել է Ծրագիրը ամբողջությամբ։ Աշխատանքները ընդունվել են անորակ։ Ներկայումս գործող բոլոր աղմկահարույց չարաշահումները վերոհիշյալ Ծրագրի շրջանակում կատարվել են հենց իր ղեկավարած չորս տարվա ժամանակաընթացքում։

Եվ հիմա այս մարդը պետք է խորհուրդ տա թե ինչպես պետք է Զարգացման միջազգային ծրագրերը իրականացվեն քաղաքապետարանում, թե՞ արդյոք հին կուլտուրան պետք է վերականգնի և շարունակի զարգացնել կաշառակերությունը հին ավանդույթների ոգով։

Ու՞մ է նշանակել մեր նորընտիր քաղաքապետը․ նախկին կամակատարին, որը միայն կատարող է եղել և ոչ մի հարց ինքնուրույն չի որոշել։ Նրա, այսպես ասած «փորձը» հիմնված է միայն Բեգլարյանների և Սարգսյանների կարգադրությունների վրա։ Ինչպե՞ս են պատրաստվում նոր Երևան կառուցել։ Նախկին կաշառակեր մեթոդներո՞վ։ Այո շատ «հմուտ» խորհրդական է ընդունել մեր «սիրելի քաղաքապետը», որտե՞ղ են նրա աչքերը և ականջները։ Չար լեզուները ասում են, որ Ա.Ս. – ի կինը և քաղաքապետի կինը ընկերուհիներ են։

Արթուր Սարգսյանը ընգրկված է քաղաքապետարանի բոլոր կարևորագույն միջազգային  մրցութային հանձնաժողովներում (քաղաքային ավտոբուսներ,  Նուբարաշենի աղբավայր, Երևանի քղաքային լուսավորություն, Երևանի վերելակներ, և այլն․․․)։ Ինչպես տեսնում ենք բոլոր խոշորագույն ծրագրերում Սարգսյանը հանդես է գալիս առաջամարտիկի դերում և կարծես փորձում է իր վրա վերցնել նշանակալի, նոր կոռուպցիոն սխեմաների կազմակերպումը․․․

Իրականում անհասկանալի է քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրությունը․ կա՛մ ուզում է Արթուր Սարգսյանի միջոցով «ստվերային գումարներ» աշխատել, կա՛մ ուղղակի հերթական անգամ ընկել է իր կնոջ «կրունկի տակ», ենթադրելով որ, չնայած կոռումպացված լինելու փաստին, Ա.Ս.–ն փորձառու մասնագետ է և կարող է օգտակար լինել նոր քաղաքապետարանին։

Հետևանքը մեկն է․ բոլոր  այն Ծրագրերը որտեղ ընդգրկված է Սարգսյանը «հաստատուն քայլերով» գնում են դեպի տապալում, ինչպես ժամանակին տապալվեց «Հյուսիս – Հարավ» -ը։

Բերենք կոնկրետ օրինակներ։

     1.    Երեվանի արևմտյան շրջանցող ճանապարհի ճանապարհային հանգույցների կառուցում Արգավանդ–Շիրակի փողոց  ճանապարհահատված, աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր կամուրջի կառուցում և մոտ 1,3 կմ երկարությամբ երկկողմանի երթևեկությամբ նոր ճանապարհի կառուցում։ Պայմանագրի արժեքը՝ 26 միլիոն ԱՄՆ դոլար։ Տևողությունը 21 ամիս։ Պայմանագիրը ստորագրվել է 16 Հուլիսի 2019 թ․։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2019 թվականի սեպտեմբերի 12 – ին։ Առ այսօր կատարվել են աշխատանքների ընդամենը 5% -ը, 32% - ի փոխարեն։ Այլևս ակնհայտ է, որ Ծրագիրը չի ավարտվի նախատեսված 21 ամսում։ Նշեմ նաև, որ Կորոնավիրուսի հետ կապված աշխատանքները պաշտոնապես դադարեցվել են միայն 15 օրով։ Պայմանագիրը շնորհվել է իսպանական LIC ընկերությանը, որը բացարձակ որևէ փորձ չունի նմանատիպ կամուրջների կառուցման, և բոլոր մրցութային փաստաթղթերը կեղծվել են։ Գլխավոր կապալառուն՝ LIC – ը պայմանագրի 100% -ը փոխանցել է հայկական ենթակապալառուին՝ «Կապավոր» ՍՊԸ, որի իրավունքը չուներ։ Հայկական ենթակապալառուն, նամանավանդ, ևս չունի նմանատիպ կամրջի կառուցման որևէ փորձ։ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է։ ՑԱՆԿԱԼԻ Է ԾՐԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԱԾ ԵՎ «ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» - Ի ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՈՒՂՂԵԼ COVID – 19 – Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԵՂՄՄԱՆԸ։ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԵԼԻ է ՆՈՐԻՑ ՎԵՐՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ՓՈՓՈԽԵԼ ԿԱՄՐՋԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ԾԱԽՍԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ 12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՆԵՐԿԱՅԻՍ 26 ՄԻԼԻՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ։

     2.    Երեվանի քաղաքային լուսավորության ցանցի  վերականգնում ևարդիականացումԵրևանի 28 փողոցների քաղաքային լուսավորության ցանցի վերազինում, 80 կմ ստորգետնյա մալուխների անցկացում, առկա լուսատուների փոխարինում ժամանակակից, էներգաարդյունավետ տեխնոլոգիայով և ավտոմատացված վերահսկմամբ, ինչպես նաև էներգիայի մոնիթորինգով կենտրոնական լուսավորության կառավարման համակարգի տեղադրում: Պայմանագրի արժեքը․ 6 միլիոն եվրո։ Տևողությունը 24 ամիս։ Ստորագրվել է 2019 թվականի հունվարի 11 – ին։ Անցել է 17 ամիս։ Որևէ շինարարական աշխատանք դեռ չի սկսվել։ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է։ ՑԱՆԿԱԼԻ Է ԾՐԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԱԾ ԵՎ «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ» - ԻՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՈՒՂՂԵԼ COVID – 19 – Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԵՂՄՄԱՆԸ։

     3.    Նուբարաշենի նոր աղբավայրի նախագծում և վերակառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա նոր աղբավայրերի շահագործումֆինանսավորման գումարը 26 միլիոն եվրո։ Վարկատու՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ։ Մրցույթի հայտարարությունը հրապարակվել է 31.10.2018 թ․։ Մրցույթի առաջին փուլի փաթեթների բացումը երեք անգամ հետաձգելուց հետո, վերջապես 2019 թվականի մայիսի 31 – ին դրանք բացվել են։ Սովորաբար մրցույթի նախապատրաստական շրջանը տևում է 45 օր։ Տվյալ դեպքում տևել է 7 ամիս։ Սահմանված ժամկետում ներկայացվել է մրցութային 7 փաթեթ, այդ թվում՝ 3 այլընտրանքային առաջարկներով: Անցել է ուղիղ  12 ամիս և որևէ արդյունք տվյալ մրցույթի առաջին փուլի վերաբերյալ դեռևս հայտնի չէ․․․ Երևի թե, «հմուտ խորհրդականը» և իր «հզոր թիմը» դեռևս մտածում են, թե ում հաղթող ճանաչեն։ Որևէ հույս չկա մոտ ժամանակներս ակնկալել որևէ առաջխաղացում։ Երևանի Ավագանու անդամները նույնպես մոռացության են մատնել այդ Ծրագիրը և, ինչպես երևում է Երևանը դեռ երկար ժամանակ կմնա Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերի հույսին, մշտապես գտնվելով հսկա էկոլոգիական ռիսկերի գոտում։ Քաղապետարանի կողմից վերջերս ներկված «ԿԱՄԱԶ» մակնիշի աղբահան մեքենաները նորից ժամանակից շուտ շարքից դուրս կգան, ինչպես դա պատահեց ՍԱՆԻԹԵՔ – ի մեքենաների հետ։ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՄԱՆ ՌԻՍԿԻ ՏԱԿ Է։ ՍԱԿԱՅՆ ԱՂԲԱՎԱՅՐԸ ՕԴԻ ԵՎ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՔԱՂԱՔԻՆ։ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ։

     4. Երեվանի ավտոբուսային ծրագիրանգլիական WYG International Limited ընկերության կողմից մշակված Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին՝ 2018 թվականի հունվարի 18 – ին, որը պետք է մասնագիտական ուսումնասիրության  ենթարկվեր աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվեր 2 – 3 ամսվա ընթացքում։ Աշխատանքները նրանք սկսել էին 2017 թվականի հունվարի 12 – ից և մեկ տարվա ընթացքում կատարել են բավականին մեծ և արդյունավետ հետազոտություն ու նախագծում։ Երևանի քաղաքապետարանի, այսպես կոչված, «նոր թիմը», որի մասն էր կազմում նաև Արթուր Սարգսյանը, երկու տարուց ավել տևած դեգերումներից հետո որոշեց ընդունել WYG – ի նախագիծը և վճարել Բրիտանացիներին նախատեսվող գումարը ամբողջությամբ։ Իհարկե, հետագայում, կատարվեցին բազմաթիվ այլ փոփոխություններ Երևանի քաղաքապետարանի կողմից և 2019 թվականի ապրիլի 28 – ին վերջապես հայտարարվեց մրցույթ ( նախագծի ներկայացումից երկու տարի երեք ամիս հետո․․․): Մրցութային փաթեթի բացումը նախապես նախատեսված էր ս/թ հունիսի 12 – ին, բայց այն արդեն երկարացվել է մինչև ս/թ հուլիսի 3 –ը։ Թերևս հայտնի չէ, թե դեռ քանի անգամ այն կհետաձգվի՝ աղբավայրի մրցույթի նմանությամբ։

Ուսումնասիրելով հրապարակված մրցութային փաթեթը՝ ակներև է որ այն պատրաստված է անորակ, ոչ բավարար պրոֆեսիոնալ մակարդակով և կան բազմաթիվ հակասություններ։ Առաջացել են բազմապիսի հարցեր՝ տեխնիկա – տնտեսական պայմանների հետ կապված, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Կարծում ենք, որ գործող «թիմը»՝ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, ի վիճակի չի լինի  մեկնաբանել այդ հարցերը և տալ պարզաբանումներ, որովհետև նրանք ուղղակիորեն «տեղյակ չեն»  թե ինչի մասին է խոսքը։ Նրանց համար «ավտոբուսը ավտոբուս է»։

Հետաքրքիր է, որ այս ավտոբուսային մրցույթի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված է ևս մեկ «հայտի» ֆիգուրանտ՝ ոմն Վազգեն Հարությունյան՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ Տնօրեն։ Ինչպես գիտեք՝ Հարությունյանը ղեկավարել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն իր ստեղծման օրից ի վեր՝ 2012 թվականի սեպտեմբերի 27 – ից՝ մինչ այժմ։ Ապրիլի վերջերին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Խարդախության եղանակով Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 771.463.243 ՀՀ դրամինհամարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար։ Ընկերությունում փոխառությամբ ստացված, իրականում առանց տոկոսի 2․000.000 ԱՄՆ դոլարի դիմաց ընկերությունը ետ է վերադարձրել 3.598.490 ԱՄՆ դոլար: Դատարանի կողմից Հարությունյանի նկատմամբ որպես հիմնական խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 70.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ որպես կապակցված խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին: Սակայն դա չի խանգարում պարոն Հարությունյանին՝ շարունակել «բարեհաջող» խորհուրդներ տալ քաղաքապետարանի ղեկավար կազմին և գծել նորանոր կոռուպցիոն սխեմաներ․․․ Միթե՞ աշխատանքային գործունեության ընթացքում կատարած խարդախության մեղադրանքով քրեական հետապնդման տակ գտնվող անձի մասնագիտական գործունեությունը չպետք է կասեցվի։ Ընդհակառակը՝ առանց ամոթի որևէ նշույլ զգալու, նրա լուսանկարը տպագրվել է քաղաքապետարանի կայքում՝ մասնակցելով մրցույթի հայտատուների հետ ZOOM վիդեոհանդիպմանը։

Չենք կարող անգամ պատկերացնել, թե քաղաքապետարանին ի՞նչ խորհուրդ կարող է տալ մի մարդ, ով մեղադրվում է քաղաքապետարանից 1,6 Միլիոն ԱՄՆ դոլար խարդախությամբ հափշտակելու մեջ(տես հղումը)։

ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՄԱՆ ՌԻՍԿԻ ՏԱԿ Է։ Հնարավոր է որ եվրոպական խոշորագույն ավտոարտադրողները ընհանրապես չմասնակցեն այս մրցույթին՝բազմաթիվ սխալների, ինչպես նաև COVID – 19 –ի հետեվանքով արտադրական շղթայի ընդհատման ու մատակարարման ժամկետների խախտման պատճառով։ Ռուսական  եվ չինական արտադրողների համար այս Ծրագիրը փակ է, որովհետև նրանք չեն բավարարում մրցույթի՝ հատկապես խիստ եվրոպական պայմաններին։ Ակնհայտ է, որ մրցութային պայմանները գրվել են հատուկ մեկ եվրոպական ընկերության համար։ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՆԵՐԴՆՈՒՄԸ ՈՒՂՂԱԿԻ ՄԵԿ ՕՐ ՇՈՒՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ։

     5. Երեվանի բազմաբնակարան շենքերի համար վերելակներ մրցույթը հրապարակվել է ս/թ մայիսի 13 – ին, էլեկտրոնային գնումների armeps.am կայքում։ Միակ կազմակերպությունը, որը գնառաջարկ է ներկայացրել բոլոր 6 մասնաբաժինների համար, դա «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ –ն է, որը ըստ շշուկների պատկանում է Սամվել Ալեքսանյանին։ Վերելակների պայմանագիրը արդեն շնորհվել է «ՌԱՖԷԼԳՐԻԳ»  ընկերությանը։ «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ – ն 2019 թվականին մատակարարել է վերելակներ Քաջարանի և Երևանի կարիքների համար՝ «Ույուտ Վերելակ» ՍՊԸ – ի հետ համատեղ։  Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է, որպեսզի «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ –ն ձեոք բերի համապատասխան անհրաժեշտ որակավորման փորձ, հետագայում մրցույթներում միայնակ հանդես գալու համար։ Մրցութային առաջարկի գինը 4 084 830 420 ՀՀ դրամ է, այսինքն  1 վերելակի միջինացված գինը կազմում է մոտ 8 170 000 ՀՀ դրամ, կամ մոտ 17 000 ԱՄՆ դոլար։ Հայտնի է, որ Հայաստանում շատ սակավաթիվ են այն ընկերությունները, որոնք ի վիճակի են ներկայացնել բանկային երաշխիք 4,5 միլիարդ ՀՀ դրամի չափով։ Շահույթի նորման՝ ըստ ներկայացված մրցութային փաստաթղթերի, կազմում է 10%: Ներկայացնել 4,5 միլիարդ դրամի բանկային երաշխիք՝ 327 միլիոն դրամ զուտ շահույթ ստանալու համար՝ Հայաստանում կարող է միայն Սամվել Ալեքսանյանը։ Գնումների մասին ՀՀ նոր օրենքը խրախուսում է միայն խոշոր ֆինանսական օլիգարխիկ խմբերին և մրցակցությունից դուրս է թողնում մանր և միջին ձեռանկություններին։ Տվյալ դեպքում փաստացի օրինակը «Ույուտ Վերելակ» ՍՊԸ – ն է։ Կան արդյոք կոռուպցիոն ռիսկեր, թե չկան – դժվար է ապացուցել, բայց բոլորս էլ գիտենք թե ինչ նվիրատվություններ են կատարել Ալեքսանյանի հետ կապված ընկերությունները քաղաքին, այս ընթացքում։ Ինչևիցե, գոնե համոզված ենք, որ Ալեքսանյանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները և Երեւանը, վերջապես մասնակիորեն կթարմացնի իր վերելակների պարկը։ 2021 թվականի վերջում կունենանք Բելոռուսական «Могилевлифтмаш» և Թուրքական «LIVALIFT» մակնիշի 500 նոր վերելակներ։ Թուրքականները կգերակշռեն, որովհետև ավելի էժան են։

ԾՐԱԳԻՐԸ ԿԿԱՏԱՐՎԻ։ ԵՐԵՎԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐԵԼԱԿՆԵՐ, ԵԹԵ ԻՀԱՐԿԵ, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԳԵԼԱՓԱԿԻ ՏՎՅԱԼ ԳՈՐԾԱՐՔԸ, ՈՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ։

Մեզ համար տակավին անհայտ է մնում, թե արդյոք նորընտիր քաղաքապետը ինչո՞ւ  է իրեն շրջապատել նախկին ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ։ Արթուր Սարգսյան, Վազգեն Հարությունյան, Սամվել Ալեքսանյան և այլն։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ իրականացնում են իրենց սրտի ուզածը և քաղաքի զարգացումը տանում են բացառապես սխալ ուղով, հանուն սեփական շահերի և ցանկությունների։

Քաղաքապետը կամ էշի ականջին քնած է, կամ էլ այս ամբողջ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԽԱՌՆԱՇՓՈԹԸ իրականացվում է իր ցուցումով։ Երկու դեպքում էլ, այսպես թե այնպես ինքը հավասարաչափ մեղավոր է։

Ա.Մ․