կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 14:29
Հասարակություն

Ծրագրավորողներ կան՝ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են գյուղից աշխատել ամերիկյան ընկերության համար. Քերոբյան

Ծրագրավորողներ կան՝ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են գյուղից աշխատել ամերիկյան ընկերության համար. Քերոբյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց համայնքներում սուբվենցիոն ծրագրերում նոր ուղղություններ ավելացնել, որոնցից մեկը գերարագ ինտերնետի օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցումն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ուղղության դեպքում պայմանագիրը պետք է եռակողմ լինի, քանի որ կարող է կառավարությունն ու համայնքը կառուցեն այդ ցանցը, սակայն դրանում ինտերնետ չլինի։ «Իմ ասածն այն է, որ ներդրում արվի, հետո պարզվի՝ դա ոչ մեկին հետաքրքիր չէ, նոր աերացիաներ չունենանք, որ ստեղծել ենք, հետո չենք հասկանում՝ էդ փողն ինչի համար ենք ծախսել: Պիտի գնանք համոզենք, խնդրենք, որ կատարված ներդրումը փրկենք»,- ասաց նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ ասաց, որ ինտերնետի մասով պարտադիր է, որ պայմանագիրը եռակողմ լինի։ «Որովհետև դա լիցենզավորող գործունեություն է, ու մասնավոր ընկերությունը, որը կլինի երրորդ կողմը, պետք է դիմի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ստանալու համար»,- ասաց նա:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ եթե ի սկզբանե ինտերնետ ծառայություն մատուցողներից միայն մեկին դարձնենք խաղի մասնակից՝ նրա հետ կնքելով պայմանագիր, պետք է պարտավորվենք, որ հենց նա է լինելու այդ ծառայություն մատուցողը, այստեղ մրցակցության գործոնը դուրս  գալիս:

Գարեգին Բաղրամյանն առաջարկեց, որ ցանցը կառուցվի, հետո աճուրդի դրվի, եւ պրովայդերներից մեկը հաղթի այդ մրցույթում ու կարողանա օգտվել այդ ցանցից:

Փաշինյանը նշեց, որ այսօր ՀՀ մարզերում  IT ոլորտի ոչ մի ընկերություն չկա, եւ պատճառը ինտերնետի բացակայությունն է։ «Մարզերում ինտերնետի հասանելիությունն ապահովելով՝ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ մարզերում եւս բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձեւավորվի»,- ընդգծեց նա։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե շատ ծրագրավորողներ կան, որ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են ապրել մի հանգիստ գյուղում ու այնտեղից աշխատել ամերիկյան կամ անգլիական ընկերության համար։ «Դա հնարավոր չի լինում վատ որակի ինտերնետի պատճառով: Լավ ինտենետը ոչ պակաս կարեւոր է, որքան լավ ճանապարհի առկայությունը»,- կարծիք հայտնեց նա։