կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 16:49
Սփյուռք

«Ապառաժ»-ի խմբագրական․ Պետության գաղափարական հիմքը

«Ապառաժ»-ի խմբագրական․ Պետության գաղափարական հիմքը

Երկրի կայուն զարգացումն ապահովելու գլխավոր նախապայմանը ամուր հիմքերի վրա կառուցված պետական համակարգն է:

Պետական համակարգն իր մեջ ներառում է բոլոր այն մասնիկները, որոնց միջոցով կառավարվում է երկիրը: Անշուշտ, երկրի կառավարման գործում կարևոր դեր ունի իշխանությունը, սակայն իշխանությունն ըստ էության կատարում է կառավարման միայն տեխնիկական կողմը:

Յուրաքանչյուր երկրի լինելիության համար անհրաժեշտ է իշխանության գոյություն: Սակայն, ֆորմալ առումով իշխանության գոյությունը դեռևս բավարար չէ բովանդակային իմաստով պետության լինելիության իմաստն ընկալելու համար: Խոսքը նրա մասին է, թե ինչպես է ընկալվում տվյալ պետությունը իր պատմության, ներքին կառավարման տրամաբանությամբ, ավանդույթներով, տեսլականներով և փոխհարաբերությունների առումով: Պետականության հասկացողությունն անբովանդակ է առանց գաղափարական հիմքերի, որը շունչ ու հոգի է տալիս պետության էությանը:

Վերը նշվածը հիմնավորելու համար անդրադառնանք մեր շրջակայքում տեղի ունեցող իրողություններին 10-15 տարի է, որ ականատես ենք լինում մեր տարածաշրջանի հարևանությամբ՝ արաբական աշխարհում եռացող կաթսայի նմանությամբ տեղի ունեցող անկայունությանը: Արաբական աշխարհի պատմությանը ծանոթ լինելով՝ գիտենք, որ արաբական երկրները ձևավորվել են անցյալ 60-70 տարիների ընթացքում և չունեն պետական գաղափարախոսությամբ ձևավորված կառավարման համակարգ՝ ի համեմատություն եվրոպական երկրների, որոնց պետությունների կառուցվածքը և գաղափարախոսությունը հիմնված է պատմության, ազգային գաղափարախոսության և պետական ավանդույթների վրա: Ահա նման պարագայում է, որ ստեղծվում է անհրաժեշտ պայմաններ կայուն զարգացում ապահովելու և պահի տակ ձևավորվող վայրիվերումներից երկիրը զերծ պահելու համար:

Անդրադառնանք մեր իրականությանը. հայկական պետությունն ունի պատմություն, սակայն 11-րդ դարից հայրենիքում պետություն չունենալու իրողությունը մեր մեջ անկախ պետության արժեքն իջեցրել է բավականին ցածր մակարդակի:

1918թ. Հայաստանի անկախացումը, հայկական պետականության կերտումն այն հիմքն է, որի վրա ձևավորվել է հայկական պետության գաղափարախոսությունը և որը հարատևում է մինչ այժմ: Հայկական պետության գաղափարական հենքը ազգային ազատագրական պայքարն է:

Արցախում պետական կառավարման համակարգը գերկենտրոնացված է: Իշխանությունը ձևավորվում է գերկենտրոնացված համակարգում, որի գլուխն է հանդիսանում երկրի նախագահը: Այս առումով՝ բնական է, որ յուրաքանչյուր նախագահական ընտրություններից հետո տեղի է ունենում իշխանափոխություն: Ինչքան էլ որ այդ իշխանափոխությունը գունազարդվի նոր դեմքերով ու քաղաքական նոր բաժանումներով, իշխանությունը պարտավոր է իր գործունեության գաղափարական առանցքը դարձնել պետության գաղափարական հիմքը՝ ազգային ազատագրական պայքարը:

Պետության գաղափարը և նրա պատմական հոլովույթը յուրաքանչյուր իշխանության ժառանգությունը պետք է դառնա, և չընդհատելով այդ ժառանգության շղթան, նախկինի փորձից, դրական ու բացասական քայլերից օգտվելով՝ միայն ու միայն կհարստանա պետության կապիտալը:

Նորը կառուցելու համար ոչ թե պետք է քանդել, ավերել նախկինը, այլ ամրապնդել այն և հենց նախկին հիմքի վրա կառուցել ավելի ամուրն ու առաջադիմականը: Պետությունը պատմությունից զրկելը, նորի ստեղծման ենթադրյալ խոստումները համահավասար են ազգային համախմբման շաղախը մսխելուն:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 հունիսի, 2020թ.