կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-14 15:46
Արցախ

Դաշնակցությանը տված քվեն երաշխավորված է. «Ապառաժ»-ի խմբագրական

Դաշնակցությանը տված քվեն երաշխավորված է. «Ապառաժ»-ի խմբագրական

Արցախի մթնոլորտը հագեցած է խոստումներով: Ընտրապայքարի այս օրերին ոչ մի թեկնածու չի խնայում իր մտքի թռիչքը, եւ ընտրողին մատուցում է այն վարդագույն ապագան, որը բաժին կընկնի յուրաքանչյուր արցախցու տվյալ թեկնածուի հաջողության պարագայում: Ինչ-որ տեղ այս երևույթը բնական է: Արդեն հանրության մոտ հեգնանքով շրջանառվում է գալիք տարվա բարեկեցիկ կյանքի տեսլականի իրականացման անխուսափելիությունը: Ամեն դեպքում, որ թեկնածուն էլ որ ընտրվի, Արցախի բնակիչը հաջորդ տարի, ըստ տրված խոստումների, ապրելու է շատ ավելի բարեկեցիկ կյանքով և համարյա բոլոր կենցաղային խնդիրները լուծած:

Վերը նշվածն այն պատկերն է, որին ականատես ենք լինում գրեթե բոլոր ընտրությունների նախաշեմին: Իսկ դրանից հետո, առավել ևս ընտրությունից մեկ տարի հետո, մեծամասնությունն իրեն խաբված է զգում, որի հետևանքով հուսախաբությունն ու բարեկեցիկ կյանքի համար հայրենիքը լքելու մտայնությունը տիրական են դառնում: Իսկ ի՞նչ պետք է անել այս իրավիճակին չմատնվելու համար:

Նախևառաջ, հանրային գիտակցության աստիճանի բարձրացումը թույլ կտա, որպեսզի հեշտությամբ կեղծ բանսարկություններն ու սուտ խոստումները արժանահավատ չդառնան: Վերջապես, քաղաքացիական գիտակցությունը հենց այն բանալին է, որով կարելի է ոչ միայն ընտրությունից ընտրություն լսել քաղաքական կուսակցությանն ու գործչին, այլ ընտրությունների միջանկյալ ժամանակահատվածում ևս պահանջատեր լինել ընտրյալից:

Միաժամանակ, օրենսդրական դաշտը հարկավոր է այնպիսի լծակներով օժտել, որի միջոցով հասարակությունը հնարավորություն կունենա պատասխանատվության ենթարկել սուտ խոստումներ տվողներին:

Այնուամենայնիվ, քաղաքական դաշտում աշխատող կուսակցությունները, ինչպես նաև քաղաքական գործիչները տարիների ընթացքում հասարակության մոտ թողնում են իրենց ինչպես դրական, այնպես էլ բացասական տպավորությունները: Հենց այդ տպավորությունների հիման վրա է, որ հանրությունը վստահում է տվյալ գործչին ու ուժին, կամ մերժում է նրան: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որպես Արցախյան ազատագրական շարժման առաջին օրերից Արցախում պետականաշինության և ազատագրական պայքարում մեծ դեր ունեցած կուսակցություն, ունի այն վաստակը, որի հիման վրա կարող է վայելել հանրության վստահությունը: Կան ոլորտներ, որոնց իրականացումն առանց Դաշնակցության մասնակցության պատկերացնել հնարավոր չէ: Այդ ոլորտների շարքից կարելի է հիշել համահայկական ներուժի նպատակաուղղումը Արցախի զարգացմանը և Արցախի՝ միջազգային բեմում ներկայության ապահովումը: Մյուս կողմից, գործող քաղաքական ուժերի մեջ Դաշնակցությունը սոցիալիստական գաղափարներ կրող միակ կուսակցությունն է: Ելնելով երկրում առկա սոցիալական խնդիրներից և այն կարևոր հանգամանքից, որ, ըստ ԱՀ Սահմանադրության, Արցախը սոցիալական պետություն է և այդ դրույթի հիման վրա որպես պետություն պարտավոր է հոգալ բնակչության սոցիալական հարցերը, Դաշնակցության մոտեցումներն ուղղակի անհրաժեշտ են սոցիալական պետություն ունենալու համար: Եվ ամենակարևոր հարցերից մեկը՝ Դաշնակցությունը երկրի ներքին ճակատում անցնցում զարգացման և կանխատեսելի ապագայի ջատագովն է: Իսկ ստեղծված ներքաղաքական հեղհեղուկ իրավիճակում՝ որպես համախմբող առանցքային ուժ՝ անհրաժեշտ է Դաշնակցության ներկայությունն Արցախի պետական համակարգում:

Կարևոր է մեկ անգամ ևս շեշտել, որ ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով կրում է հավաքական պատասխանատվություն: Այդ առումով՝ Դաշնակցությանը վստահված քվեն ամբողջությամբ երաշխավորվում է համահայկական կազմակերպության և յուրաքանչյուր դաշնակցականի կողմից՝ լինի ԱՄՆ-ում, թե Ավստրալիայում, Հայաստանում, թե Միջին Արևելքում: