կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 23:06
Սփյուռք

Զգույշ խոսիր Հայաստանում. «Ապառաժ»-ի խմբագրական

Զգույշ խոսիր Հայաստանում. «Ապառաժ»-ի խմբագրական

Դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից արևմտյան աշխարհում մեծ ուշադրության արժանացան տեղեկատվության հնարքները: Այդ ժամանակահատվածում տեղեկատվություն փոխանցելու համար մշակվեցին հանրության վրա ազդելու զանազան միջոցներ: Նախնական շրջանում դրանք օգտագործվում էին գովազդային նպատակներով՝ առևտրային այս կամ այն ապրանքը գովազդելու համար: Հետագայում այդ հնարքներն օգտագործվեցին նաև քաղաքականության մեջ: Հանրության վրա ուղղակի կամ անուղղակի տեղեկատվությամբ ազդելու գործիքակազմը լուրջ ուշադրության արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ: Շատերի համար մատչելի դարձավ տեղեկատվության հասանելիությունը, և նրանց վրա ազդելու միջոցը ևս կատարելագործվեց:

21-րդ դարում, հատկապես վերջին տասնամյակում հանրությանը տեղեկատվություն մատուցելու հետ նրան ուղղորդելու համակարգը համարվում էր ազդեցիկ զենք քաղաքական նպատակներ իրականացնելու համար: Յուրաքանչյուրս մեր առօրյայում ընդունում և տարածում ենք տեղեկություններ, որն ազդում է թե մեր վարքագծի վրա, թե հանրագումարում մեր շրջապատի, և, վերջին հաշվով, հանրության հակազդեցությունների և կողմնորոշումների վրա:

Բայց ինչ է տեղեկատվությունն ինքնին: Կարճ ասած՝ խոսք, որն արտահայտում է դիրքորոշում, տեսակետ և փորձում է ազդել դիմացինի վրա, ինչու չէ՝ նաև ապակողմնորոշում կամ ստի միջոցով խոսքն ընդունող ենթակային ուղղորդում դեպի այլ իրականություն:

Քաղաքականության մեջ լրատվության միջոցով վերը նշված խոսքի ազդեցությունը ամեն պահ օգտագործվում է: Որևէ թեմայի շուրջ կանոնավոր կերպով լրատվական տարափի տակ է հայտնվում ունկնդիրը՝ լինի դա սոցցանցերի, հեռուստատեսության կամ օդում շրջանառվող բամբասանքի բնույթ կրող տեղեկատվության փոխանցման միջոցով: Այսպիսով, քաղաքականության մեջ տեղեկատվության այս համակարգն օգտագործվում է որպես փափուկ զենք, իսկ զենք օգտագործողը նախ և առաջ պետք է ունենա հարկ եղած հմտությունը: Հակառակ պարագայում, զենքը դառնում է վտանգավոր հենց օգտագործողի համար, և որի միջոցով կարող է վնասվել թե՛ օգտագործողը և թե՛ նույն դիրքում կանգնած նրա զինակիցը:

Համաշխարհային տեղեկատվական հևքին զուգահեռ՝ հայ իրականության մեջ ևս, հատկապես Հայաստանի Հանրապետության պետական այրերի՝ տեղեկատվական միջոցների անխնա օգտագործման արդյունքում մեծ տարածում է գտնում համացանցի օգտագործմամբ պետական այրերի ուղղակի կամ միջնորդավորված խոսքի փոխանցման միջոցները: Օրվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում ենք լուրերի հաստատման, հերքման, նախորդ տեղեկատվության մերժման, կամ այլ անձանց խոսքի հակազդման: Եվ այսպես ուղղորդվում է միտքն ու զգացողությունը: Մի պահ սթափվելով՝ հանկարծ գտնվում ենք այնտեղ, որտեղ ո՛չ կուզեինք գտնվել և ո՛չ էլ կպատկերացնեինք: Այնուամենայնիվ, խոսքի արժեքը մեզ մոտ միշտ էլ գնահատվել և շատ դեպքերում լռությամբ է արժևորվել: Հիշենք՝ «լռությունը ոսկի է» իմաստուն խոսքը: Իսկ Հայաստանում խոսելուց՝ հիշենք Գևորգ Էմինին.

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, —

Այստեղ ամեն գագաթ ու ձոր,

Արձագա՛նք է տալիս հզոր

Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում…

Թե բարի են խոսքերը քո,

Հայոց լեռներն ակնածանքով

Կխոնարվե՜ն քո դեմ լռին`

Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են` լեռները մեր,

Հրաբխի բնե՛րն անմեռ,

Որ լռել են, բայց չե՛ն հանգել,

Քեզ լավայո՛վ կարձագանքեն,

Որ լեռնե՛ր է քշում-տանում…

«Ապառաժ»-ի խմբագրական
1 հուլիսի, 2020թ.