Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարությունը դիտարկում է COVID-19 ախտորոշված, սակայն տնային պայմաններում բուժում ստացող պացիենտների թոքաբորբի բուժման համար սահմանված դեղերը տրամադրելու հնարավորությունը: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին՝ ինչ դեղորայք է հասանելի COVID-19 ախտորոշված, սակայն տնային պայմաններում բուժումն ստացող պացիենտներին:
«Տեղեկացնում եմ, որ Առողջապահության նախարարությունը ներկայումս դիտարկում է առողջության առաջնային պահպանման հաստատություններին ԱՆ 11.06.2020թ. թիվ 1856-Ա հրամանով հաստատված ուղեցույցով արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար սահմանված դեղեր տրամադրելու հնարավորությունը»,- պարզաբանեց Հակոբյանը:
Մեջբերում ԱՆ 11.06.2020թ. թիվ 1856-Ա հրամանից. մեծահասակներին, որոնք չունեն ուղեկցող հիվանդություններ կամ չունեն ռիսկ հակաբիոտիկակայունության առաջացման, ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տրվում առաջնային հասանելիության հակաբիոտիկ՝ Ամօքսիցիլին կամ Դօքսիցիկլին, կամ մշտադիտարկվող հակաբիոտիկ՝ մակրոլիդ Ազիթրոմիցին կամ կլարիթրոմիցին:
Մեծահասակներին, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, ճարպակալում, քրոնիկ շնչառական հիվանդություն, իմունոդեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ և քրոնիկ երիկամային անբավարարություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն, թերսնուցում, ասպլենիա) ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տրվում համակցված թերապիա կամ մոնոթերապիա: Համակցված թերապիան ներառում է առաջնային հասանելիության հակաբիոտիկ՝Ամօքսիցիլին+քլավուլանաթթու կամ ամոքսիցիլին+քլավուլանաթթու, կամ մակրոլիդ Ազիթրոմիցին, կլարիթրոմիցին, կամ Դօքսիցիկլին, կամ մոնոթերապիա շնչառական ֆտորխինոլոն լևոֆլոքսացին, մոքսիֆլոքսացին:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերով որոշ սիմպտոմներով, այդ թվում՝ երկկողմանի թոքաբորբով անձինք կան, որոնք չեն հոսպիտալացվում և բուժում են ստանում տանը։ Նրանք դեղերը գնում են իրենք, որոշներն անգամ ախտորոշվում են վճարովի լաբորատորիաներում։
«Պատրաստվում է արդյոք պետությունն ինչ-որ չափով հատուցել այդ անձանց ախտորոշման և բուժման համար վճարված գումարները, որոնք որոշ դեպքերում 4-5 հոգանոց ընտանիքի համար կազմում են 200 հազար դրամից ավելի» հարցին ի պատասխան Հակոբյանը պատասխանեց, որ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված COVID-19 պացիենտների և պացիենտների հետ սերտ շփվածների տնային պայմաններում բժշկական հսկողությունն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից` ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով: Վերջինների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ պացիենտի հետ սերտ շփվածի (կոնտակտավորի) առողջական վիճակը:
«Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում` պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծավալների շրջանակներում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզա, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն»,-նշեց նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը: