կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-09 19:05
Հասարակություն

Այս պահին զինհոսպիտալում բուժվող 38 տուժածներից ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը. ԱՆ

Այս պահին զինհոսպիտալում բուժվող 38 տուժածներից  ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

 Նախարարին տեղեկացրել են, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը` ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։

 Նախարարի նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է բաժանմունքի բոլոր հիվանդների բուժման ընթացքով, զրուցել նրանց։ Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնագետների խմբին` բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար։

 Վերակենդանացման բաժանմունքի մասնագետներն էլ իրենց հերթին նշել են, որ առողջապահության համակարգի ռիանիմատոլոգներն իրենց հետ մշտական կապի մեջ են և իրենց օգնությունն են առաջարկում։ Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ փաստել է, որ առողջապահության նախարարությունը շարունակում է սերտ համագործակցությունը և  անհրաժեշտության դեպքում մշտապես պատրաստ է աջակցելու։

 Նախարարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր իրենց բուժումն է շարունակում 4 վիրավոր (2-ը` պայմանագրային, 2-ը` ժամկետային  զինծառայող)։ Զինվորներին վնասվածքաբան Կարեն Պողոսյանը վիրահատել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այժմ Երևանում շարունակվում է նրանց նեղ մասնագիտական բուժումը։ Ընդհանուր առմամբ, բժիշկը Գորիսում 10 վիրահատություն է կատարել։

 Նախարարը հետաքրքրվել է բոլոր տուժածների վիճակով, զրուցել նրանց հետ։ Վնասվածքաբանները ներկայացրել են վիրավորների բուժման ընթացքը և արդյունքները։ Արմեն Մուրադյանը երկու տեղում էլ զրուցել է վիրավորների ծնողների և հարազատների հետ` վստահեցնելով, որ նրանց բուժումը մշտական ուշադրության ներքո է։ 

 Նախարարին նաև զեկուցվել է, որ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։