կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-10 20:37
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը խաղալիքներ է նվիրել Աբովյանի ԲԿ-ում բուժվող երեխաներին

Հովիկ Աբրահամյանը խաղալիքներ է նվիրել Աբովյանի ԲԿ-ում բուժվող երեխաներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին: Պոլիկլինիկայի մասնաշենքի վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է շուրջ 150 մլն դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան սպասարկում է մոտ 42 հազար բնակչի, ապահովում է նաև Աբովյանի տարածաշրջանի գյուղական համայնքների 67 հազար 298 բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Պոլիկլինիկայում գործում են առողջության առաջնային պահպանման, նեղ մասնագիտական խորհրդատվական, ախտորոշման, դիսպանսերային, իմունականխարգելման, վերականգնողական բուժման բաժիններ, մասնագիտական կաբինետներ: Պոլիկլինիկայում աշխատում է 63 բժիշկ, 95 բուժքույր, 11 կրտսեր բուժաշխատող:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ արտադրող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մեխանիկական գործարան: Վարչապետը շրջել է 150 աշխատատեղ ունեցող գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրվող բազալտեպլաստիկե կոմպոզիտային ամրանները, որոնց մեջ օգտագործվում է նաև հատուկ մանրաթել, իրենց ամրությամբ 2,5 անգամ գերազանցում են սովորական մետաղե ամրաններին, իսկ խտությամբ 4 անգամ թեթև են: Նշվել է, որ արտադրանքն առայժմ իրացվում է միայն Հայաստանում: Առաջիկայում այն պետք է անցնի նաև միջազգային լիցենզավորում՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Գործարանն արտադրում է նաև հրակայուն գործվածք, որը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ արտակարգ իրավիճակների, առողջապահության, ռազմարդյունաբերության և այլն: 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքների համաչափ զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ նշել է, որ կառավարությունը լրջորեն զբաղված է հանրապետության բոլոր մարզերում նոր ձեռնարկությունների ստեղծման աշխատանքներով: Վարչապետը նշել է, որ այժմ ուսումնասիրվում են ներկրվող բոլոր այն ապրանքատեսակները, որոնք հնարավոր կլինի արտադրել Հայաստանում և ավելացրել, որ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են կոնկրետ քայլեր: 
Խոսելով Աբովյանի հիմնանորոգված պոլիկլինակայի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ հանրային առողջությունը իշխանությունների, այդ թվում կառավարության համար գերակայություն է և ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքացիների համար նվազագույնը տարին մեկ անգամ հետազոտվելու հնարավորություն ստեղծվի: Աշխատանքներ են տարվելու նաև բոլոր առողջապահական կենտրոններն առցանց միմյանց կապելու ուղղությամբ, ինչը թույլ կտա փոխանակվել տեղեկատվությամբ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում կառավարությունը գնալու է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումների:
Անդրադառնալով «Արգել» գործարան այցին՝ վարչապետը նշել է, որ այն ունի զարգացման լուրջ ներուժ, որի նորագույն տեխնոլոգիայով արտադրած ամրանները կարող են օգտագործվել շինարարության մեջ, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: «Համոզված եմ, որ այս գործարանն ունենալու է մեծ ապագա: Ես՝ որպես կառավարության ղեկավար, ամեն ինչ անելու եմ, որպեսզի գործարանը հաջողությամբ աշխատի և վստահ եմ, որ այս ոլորտում արձանագրելու ենք լուրջ հաջողություններ»,- ասել է վարչապետը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության կողմից գործարանին օժանդակությանը, նրա հետագա զարգացմանը և առկա խնդիրներին առնչվող հարցեր: