Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր տիպի կորոնավիրուսը նենգ է, ախտահարում է ոչ միայն թոքերը, այլ նաև ուղեղը, սիրտը, անոթները: Մինչ ոմանք ընդհանրապես չեն նկատում, որ վարակվել են, մյուսները մահանում են: Գերմանացի մասնագետների կարծիքով` գաղտնիքը իմունային համակարգի ֆունկցիայի խանգարումն է. ըստ yerkir.am-ի` գրում է Der Spiegel-ը:
«Թե ինչո՞ւ է այդպես, առայժմ մեծ հանելուկ է կամ միլիոնի արժանի հարց»,- ասում է Ռեգենսբուրգի համալսարանական հիվանդանոցի վարակաբան Բերնդ Զալցբերգերը:
Sars-Cov-2-ի առանձնահատկությունն այն է, որ ուժեղ բորբոքումներ է առաջացնում: Բանն այն է, որ որոշ պացիենտների իմունային համակարգն ակտիվացնում է բջիջներ, որոնք շրջանառվում են արյան միջոցով ու առաջացնում, այսպես կոչված, մակրոֆագներ, երբ հայտնվում են վարակված հյուսվածքներում: Եթե դրանք ճանաչում են հիվանդության հարուցիչը կամ վնասված բջիջները, ուղղվում են դրանց կողմը, շրջապատում ու կլանում: Այդ պատճառով դրանք հաճախ կոչվում են «խժռող բջիջներ» կամ ֆագոցիտներ: Ընդհանուր առմամբ, օրգանիզմի մաքրումն այդ «աղբից» լավ է, բայց բջիջները վիրուսներին հաճախ չեն կարողանում դիմակայել: Այն, որ իմունային համակարգը վարակիչ հիվանդությունների ժամանակ ակտիվացնում է «խժռող բջիջները», անսովոր բան է և կարող է հանգեցնել խնդիրների:
Օրգանիզմը չի հասկանում, որ վատը հետևում է մնացել
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի դեպքում իմունային համակարգը, ըստ ամենայնի, ազդանշաններ է ուղարկում, որոնք առաջացնում են բորբոքումներ` հարուցիչից ազատվելու և նոր ֆագոցիտներ մոբիլիզացնելու համար, թեև վարակը վաղուց ճնշվել է, և հակամարմիններն արգելափակում են վիրուսները: Այդ պահին օրգանիզմը չի հասկանում, որ վատը մնացել է հետևում, և շարունակում է բոլոր ուժերով պայքարել վիրուսի դեմ` կյանքի համար վտանգավոր հետևանքներով:
Այդ երևույթը հայտնի է նաև MERS-ի` Sars-CoV-2-ի «ազգականի» հարուցիչի պարագայում, ընդ որում` մերձավորարևելյան շնչառական համախտանիշի ժամանակ օրգանիզմի այդպիսի հավելուրդային արձագանքն ավելի հաճախ էր դիտարկվում, և այդ պատճառով MERS-ից մահացությունն ավելի մեծ էր` նոր կորոնավիրուսի հետ համեմատած:
Թե կոնկրետ ի՞նչն է բորբոքային ռեակցիա առաջացնում, անհասկանալի է: «Պետք է լինի ինչ-որ անջատիչ,- ասում է Զալցբերգերը:- Մենք դեռ հաստատ չգիտենք, թե ինչ գործոններ են դեր կատարում»:
Առաջին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշակի պարամետրեր նպաստում են հիվանդության ծանր ընթացքին: Դրանցից են տարիքը, ճարպակալումը, բարձր ճնշումը, շաքարախտը: Թե ո՞ր գործոններն են ավելի մեծ ազդեցություն ունենում, ոչ միշտ է հնարավոր հստակորեն ասել: «Տարեց մարդկանց իմունային համակարգը ավելի է հակված բորբոքային ռեակցիաներին»,- նշում է Իմունաբանության գերմանական ընկերակցության նախագահ Թոմաս Կամրադտը:
Տարեցները նաև ավելի հաճախ են տառապում բարձր ճնշումից ու ճարպակալումից: Նյու Յորքի` կորոնավիրուսով վարակված պացիենտներից 4,1 հազարի տվյալները ցույց են տվել, որ ճարպակալում ունեցողները հիմնականում հիվանդանոց են ընկել: Հիվանդանոցում հայտնվելու կամ նույնիսկ մահանալու ռիսկը 4 անգամ մեծանում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 30 է, իսկ 40-ից ավելիի դեպքում ռիսկը մեծանում է 6 անգամ:
Հայտնի է, որ ճարպային հյուսվածքները կարող են նպաստել բորբոքային պրոցեսներին: Տեսության կա, ըստ որի` եթե «ճարպային բարձը» շատ արագ աճում է, այն բավարար չի հագենում թթվածնով, և մոբիլիզացվում են «խժռող բջիջները»: Մեծանում է քրոնիկական բորբոքումների և քաղցկեղի ռիսկը: Արդյո՞ք կորոնավիրուսի ժամանակ այդ պրոցեսները դեր ունեն, դեռ ոչ ոք չի կարող ասել հաստատապես:
Հավանորեն, հիվանդության ընթացքի համար նշանակություն ունեն նաև գենետիկական գործոնները: Որոշակի գենային մուտացիաներ կարող են նպաստել իմունային համակարգի չափազանց մեծ արձագանքին: Այսպես կոչված` հեմոֆագոցիտար համախտանիշի պարագայում իմունային համակարգի որոշ բնական քիլլերներ դեֆեկտային են: Դրանք թեև ճանաչում են վարակված հյուսվածքը և ուղարկում ազդանշանային նյութեր, որոնք կկանչեն իմունային համակարգի այլ օգնականների, կարողանում «անջատել» վնասակար բջիջները: Դա կարող է առաջացնել կյանքի համար վտանգավոր շղթայական ռեակցիա, որի արդյունքում իմունային համակարգը հարձակում կգործի նաև առողջ բջիջների վրա:
Այլ հիվանդությունների դեպքում էլ հայտնի է, որ պացիենտների որոշակի խմբերում դրանք ավելի ծանր են ընթանում, ընդ որում ` ոչ միայն տարեցների մոտ: 2009-ի խոզի գրիպի համավարակի ժամանակ ծանր հիվանդացան բազմաթիվ երիտասարդներ: «Ի՞նչ գործոններ էին այն ժամանակ ազդում, պարզել չկարողացանք»,- խոստովանում է Զալցբերգերը` նշելով, որ պացիենտներից վերցված փորձանմուշների քանակը բավարար չէր:
Ինչու են ավելի հաճախ հիվանդանում տղամարդիկ
Կորոնավիրուսի պարագայում բավականաչափ տվյալներ ու փորձանմուշներ են հավաքվել, և ներկայումս դրանք ուսումնասիրվում են: Ըստ Զալցբերգերի` առաջին արդյունքները, հավանորեն, կստացվեն հաջորդ տարի, հնարավոր է` և ավելի վաղ:
Հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հաճախ հիվանդանում ծանր ձևով, քան կանայք: Զալցբերգերի կարծիքով` խնդիրը գենետիկական փոփոխությունն է: Կանայք երկու X քրոմոսոմ ունեն: Եթե դրանցից մեկում սխալ կա, մյուսը կարող է հավասարակշռել: Տղամարդիկ միայն մեկ X քրոմոսոմ ունեն:
«Ինչքան լավ հասկանանք իմունային պատասխանը, այնքան հուսալի կլինեն պոտենցիալ պատվաստանյութերը»,- նշում է գերմանացի մասնագետը:
Հազվադեպ, բայց պատահում է, որ ակտիվ իմունացմանը, երբ հարուցիչի թույլ ձև է ներմուծվում օրգանիզմ, իմունային համակարգը կարող է ուժեղ կամ սխալ արձագանքել:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմշակվի՞ և ե՞րբ, դեռևս պարզ չէ: Ամբողջ աշխարհում համապատասխան հետազոտություններ են իրականացվում:
Վերջին հետազոտությունների համաձայն, որոնց արդյունքները ներկայացված են Cell-ում, կորոնավիրուսն օրգանիզմ է մտնում քթով: Սակայն տարբեր հիվանդների մոտ հիվանդությունը տարբեր ընթացք է ունենում: Շատերի մոտ նախ ախտահարվում է քիթ-ըմպանը, ի հայտ է գալիս հազ, ցավում է կոկորդը, ոմանց ջերմաստիճանն է բարձրանում: Այնուհետև վարակը կարող է իջնել թոքերը: Այդ դեպքում պացիենտի վիճակը կտրուկ վատանում է: Այդպիսին էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հիվանդության ընթացքը:
Ոմանք էլ ընդհանրապես չեն նկատում, որ հիվանդացել են: Հետազոտությունների տվյալներով` վարակվածների համարյա կեսը ախտանշաններ չի ունեցել: Սակայն միշտ չէ, որ պարզ է` նրանք միայն հետազոտման ժամանա՞կ են առանց ախտանշանների եղել, իսկ հետո դրանք ի հայտ են եկել, թե՞ ընդհանրապես ախտանշաններ չեն եղել:
Առանց ախտանշանների ընթացքի դեպքում վիրուսը, ամենայն հավանականությամբ, քիթ-ըմպանում տարածվում է նույնքան, որքան մյուս դեպքերում: Մեծ է հավանականությունը, որ վարակակիրները երկար ժամանակ կարող են վարակիչ լինել` նույնիսկ երկու շաբաթից ավելի:
Իմունային համակարգն արձագանքում է նաև առանց ախտանշանների վարակվածության ժամանակ
Խնդիրն այն է, որ առանց ախտանշանների վարակակիրները հազվադեպ են ախտորոշվում, որովհետև հիմնականում թեստավորում են տիպիկ գանգատներով մարդկանց: Ովքեր ախտանշաններ չունեն, հաճախ իմանում են, որ վարակվել են, պատահաբար, օրինակ` երբ թեստավորում են հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին կամ զբոսանավի բոլոր ուղևորներին:
«Հավանորեն, իմունային համակարգն արձագանքում է նաև առանց ախտանշանների ընթացքի ժամանակ, պարզապես վարակակիրները դա չեն զգում»,- ենթադրում է իմունաբան Կամրադտը:
Այնպիսի գանգատներ, ինչպիսիք են հազը, բարձր ջերմաստիճանը և բորբոքումը օրգանիզմի` հարուցիչից ազատվելու փորձ են:
Տեսություններից մեկի համաձայն` իմունային համակարգի արձագանքը կարող է կախված կինել այն բանից, թե քանի վիրուս է միաժամանակ հարձակվում օրգանիզմի վրա: Վիրուսի առավել մեծ չափաբաժնի հետ շփումից հետո, օրինակ` երբ ինչ-որ մեկը փռշտացել է անմիջապես ձեր դեմքին, օրգանիզմը կարող է ավելի ակտիվորեն պաշտպանվել, և ծանր ընթացքի ռիսկը մեծանում է:
Նույնիսկ չնկատելով վարակը` ոմանք կարող են ժամանակավոր իմունիտետ ձեռք բերել: Այլ հիվանդությունների պարագայում հայտնի է, որ օրգանիզմը ձևավորում է հակամարմիններ, նույնիսկ` առանց ախտանշանների ընթացքի ժամանակ: Ինչքա՞ն է տևում իմունիտետը Covid-19-ի դեպքում, դեռևս պարզ չէ: «Ես կզարմանամ, եթե իմունիտետ ընդհանրապես չլինի»,- ասում է Կամրադտը:
Թեև արդեն հայտարարվել է կրկնվող վարակման հնարավորության մասին, հավանականություն կա, որ մարդիկ դեռևս լրիվ առողջացած չեն եղել, երբ նոր թեստ են հանձնել: «Ես ոչ մի դեպք չգիտեմ, որ ինչ-որ մեկը հիվանդացած լինի մի քանի ամիս անց»,- ասում է իմունաբանը:
Ատիպիկ թոքաբորբի պարագայում հակամարմինների քանակը, որն ունակ էր չեզոքացնել վիրուսը, հետզհետե նվազել է երկու տարի անց: Հնարավոր է` նոր կորոնավիրուսի դեպքում էլ իմունիտետն այդ ժամկետով լինի:
Դեռևս պարզ չէ նաև` առանց ախտանշանների ընթացքի դեպքում օրգանիզմն ինչ-որ հետևանքներ կրո՞ւմ է: Diamond Princess զբոսանավի` դրական թեստով, բայց ախտանշաններ չունեցող ուղևորների թոքերում հայտնաբերվել են Covid-19-ին բնորոշ փոփոխություններ: Սակայն վերջնական պարզ չէ` արդյո՞ք կորոնավիրուսն է այդ փոփոխությունների պատճառը:
Չնայած անորոշություններին` մի բան հստակ է` նոր կորոնավիրուսը կարող է մահացու լինել: