կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 09:48
Առանց Կատեգորիա

«Ծպտուն հանողներին» լռեցնելու ճանապարհը. «Փաստ»

«Ծպտուն հանողներին» լռեցնելու ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «ոմանց նկատմամբ էնքան ուժ պիտի կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես»: Այստեղ «բանալի» բառը ոչ այնքան ուժ կիրառելն է, որքան «ծպտունները»: Ու նույնիսկ էական չէ՝ ինչ ասպեկտով է խոսքը: Մեսիջն ու ենթագիտակցականությունը շատ հստակ են: Այս մի նախադասությամբ Փաշինյանը խոստովանեց, որ պատրաստ է ցանկացած միջոցի դիմել իրեն ընդդիմացողների դեմ, իր դեմ խոսողների, «ծպտուն հանողների» դեմ, նրանց դեմ, ումից ինքը վախեր եւ անհանգստություններ ունի: 

Անցած երկու տարին ապացուցել է դա, հիմա այդ մասին պարզ խոսում է Փաշինյանը: 

Իսկ երբ ընդդիմադիր ուժերը սկսեցին պահանջել իր հրաժարականը, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ կոշտ քննադատության ենթարկեց, Փաշինյանը արագորեն փոխեց ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին, եւ արդեն իսկ պարզ էր, որ կիրառվելու են այս իշխանությունների համար հարազատ դարձած մեթոդները՝ քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ, բերման ենթարկելու դեպքեր՝ զուգորդված իշխանական պատգամավորների ու նախարարների կողմից ընդդիմադիրներին հերթով-շարքով-կարգով վարկաբեկման փորձերով: 

Այդպես էլ եղավ: Ու որքան էլ բարձրագոչ հայտարարություններ հնչեն, թե քրեական գործերի առումով կամ պատգամավորական անձեռնմխելիության հարցով չի կարող լինել քաղաքական որոշում, փաստացի գրեթե առանց բացառության բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ փորձագիտական սեգմենտը (դե, իշխանություններին սպասարկող մեկ-երկուսից զատ) հստակ հայտարարում են, որ ինչպես անցած երկու տարիներին, հիմա էլ իշխանությունները իրավական գործիքակազմը, կոմպրոմատներն ու շանտաժը կիրառում են քաղաքական նպատակներով՝ «ծպտուն հանողներին» լռեցնելու նպատակով: 

Ի վերջո, պետք է ուշադրություն դարձնել, որ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո մեկ օրում «հանկարծ» ի հայտ են գալիս մի քանի քրեական գործեր, առերեւույթ նախաքննական գաղտնիք պարունակող ինչ-որ թղթի կտոր է դրվում շրջանառության մեջ «քայլողների» կողմից, չնայած ստորագրություն ու կնիք չունեցող որեւէ թղթի կտոր հազիվ թե որեւէ արժեք ունենա: 

Ինչեւէ, եթե այս ամենին գումարենք անցած երկու տարիների նույնակերպ այլ գործողություններն ու շրջանառվող տեղեկությունները այլ ընդդիմադիրների հետ կապված «կոմպրոմատների» հավաքման մասին, ստացվում է, որ այս իշխանությունների գերագույն նպատակը ընդդիմություն չունենալն է կամ «գրպանային» ընդդիմություն ունենալը: Իսկ դա չափազանց հեռու է ժողովրդավարության նույնիսկ ամենապարզունակ պատկերացումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում