Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր հարցերից մեկը եղել է Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին Ստրասբուրգում ԵԽԽՎ գլխավոր ամբիոնից այս հարցին չանդրադարձավ, ինչը չի եղել ՀՀ նախկին ղեկավարների դեպքում: Այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ապրիլին ելույթ ունենային ԵԽԽՎ գլխավոր ամբիոնից` Ստրասբուրգում, և որևէ ստորակետ Հայոց ցեղասպանության դատապարտման մասին չասեին: Սրանից այն կողմ խայտառակությունն էլ ո՞րն է: Ցեղասպանություն վերապրած ազգի վարչապետը գնա ապրիլին Ստրասբուրգ ու իր «դըմփ-դըմփ-հու»-ից խոսի՞, և Ցեղասպանության միջազգային ճանաչումից ոչ մի ծպտուն չհանի՞: Դա աննորմալություն է»,- ասաց նա:
Շարմազանովը շեշտեց, թե ՀՀ այսօրվա իշխանության կողմից չի տեսնում որևէ ջանք համահայկական հարցերում շարունակելու նախկին իշխանությունների քաղաքականությունը: «Երբ ես ԱԺ փոխնախագահ էի, Վիեննայում, Բրատիսլավայում, Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, Տալլինում, Վիլնյուսում, Աթենքում կազմակերպել եմ Հայոց ցեղասպանության դատապարտման ցուցահանդեսներ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմակերպում է «դըմփ-դըմփ-հու»-ի հեղաշրջմանը նվիրված ցուցահանդեսներ: Մարդկանց համար իրենց իշխանազավթումն ավելի կարևոր է, քան համազգային խնդիրները, և ես սրանով եմ բացատրում Ցեղասպանության մասին նրա լռությունը: Ելույթի առյուծի բաժինը հեղաշրջմանն էր նվիրված, բա մեր համահայկական խնդիրնե՞րը»,- տարակուսեց Շարմազանովը:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին և բանակցային գործընթաց Արցախի վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի խոստմանը՝ նա նշեց. «Արցախյան հարցով Փաշինյանը գնաց բացահայտ պոպուլիզմի. մայիսի 9-ին նա Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքն անելու է ամեն ինչ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջը: Վերջերս Վիեննայում լրատվամիջոցներով հետևում էի հանդիպմանը և տեսա` գալիս է Փաշինյանը, Ալիևը, ամբողջ ազգով սպասում էինք, որ հեսա Բակո Սահակյանն է գալու, էն էլ չկա: Ա'յ Փաշինյան ջան, բա դու ես ասել, որ Բակո Սահակյանը պիտի մասնակցի, բա ո՞ւր է, ինչո՞ւ չկա: Բա ինչո՞ւ մեկ տարվա մեջ չես կարողացել այնպես աշխատել, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց: Որովհետև նոր իշխանության մեջ ամեն ինչը ձև է և զրո բովանդակություն»:
Շարմազանովը հիշեցրեց, որ թեև Փաշինյանը հայտարարել է, թե ԼՂՀ հարցում նախկինների ժառանգորդը չէ, բայց փաստացի ոչ մի նոր հայեցակարգ չի ներկայացրել, և բանակցությունների սեղանին դեռ հների ժամանակվա փաստաթուղթն է: