կարևոր
2125 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-01 22:27
Քաղաքական

Հայաստանում այսօր իսկական դատաիրավական տեռոր է գնում․ իշխող ուժի անդամները ծպտուն չեն հանելու

Հայաստանում այսօր իսկական դատաիրավական տեռոր է գնում․ իշխող ուժի անդամները ծպտուն չեն հանելու

Եթե ես լինեի ընդդիմության որոշում կայացնողներից, ապա խստորեն կդատապարտեի երիտասարդ կանանց կալանքը։ Եվ հենց սրանով կտարբերվեի իշխող ուժից, որի անդամները ծպտուն չեն հանելու։ Սա կլիներ ուղերձ գիտակից հանրությանը, որ Հայաստանում այսօր իսկական դատաիրավական տեռոր է գնում։ Այս մասին իր հերթական հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Չկա որևէ իրավական և բարոյական հիմք՝ երիտասարդ կանանց կալանավորումը որպես խափան միջոց ընտրելու համար։ Թող լիներ քննություն, թող լիներ դատ, թող լիներ դատավճիռ, բայց ինչո՞ւ կալանավորել. որ մյուսները վախենա՞ն, որ ներքին հարցե՞ր լուծեն, որ էն գլխից պատժե՞ն, որ ի՞նչ անեն։

Ու երբ հասարակության «սրտի դատախազը» կալանք էր պահանջում նախկին նախագահի համար, մենք ասում էինք՝ մի հրճվեք, դատաիրավական տեռորն այդպիսի հատկություն ունի՝ մի պահից դառնում է անկառավարելի։ Բազմաթիվ երկրների փորձը դա է ցույց տալիս։ Նրա շարժիչը միայն արյունն է. որքան շատ, այնքան ուժեղ։ Մինչև մի օր պայթելը։

Հիմա նոր շերտեր կհասկանան, թե ինչ է նշանակում Արմեն Աշոտյանի ցուցադրական-ցինիկ կալանքը։  Գեներալ Խաչատուրովի, Նարեկ Մալյանի, արցախցի երիտասարդների և շատ-շատերի կալանքները խոսում են այն մասին, որ այս երկրում կա քաղաքացիական կյանքի ճգնաժամ։ Հասարակության ծույլ արձագանքը խոսում է այն մասին, որ սրանք արդեն «սովորական» քաղաքական հետապնդումներ չեն, այլ հասարակության ներքին քայքայմանն ուղղված քայլերի շղթայի մի մաս։ Կոտրել բոլոր օղակները՝ այնպես, որ բնական, մարդկային արձագանքը վերանա՝ մարդուն, քաղաքացուն պաշտպանելու։

Մարդ մնալու։ Սա նաև նշանակում է, որ Հայաստանի վերականգնումը պետք է սկսվի քաղաքացու վերականգնումից։ Բոլոր նրանք, անկախ իրենց քաղաքական նախընտրություններից, ովքեր այսօր ընդվզում են այս դրսևորումների դեմ, ովքեր իրենց ներսում պահպանել են բնական ընդվզման, քաղաքացիական դրսևորման այս ռեսուրսը, դաշնակիցներ են ու համախոհներ։ Հայաստանի վերականգնումը պահանջում է քաղաքացու, մարդու  վերականգնում, և այդ ճանապարհին ներքին համագործակցությունը խիստ կարևոր է»։