կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 09:40
Քաղաքական

Ի՞նչ կլիներ Փաշինյանի հետ, եթե ԱԺ-ի առջև կանգնած Ռ. Մելիքյանի իրավապաշտպանների խումբը հանգիստ կանգներ և գնար տուն. Դ. Վանյան

Ի՞նչ կլիներ Փաշինյանի հետ, եթե ԱԺ-ի առջև կանգնած Ռ. Մելիքյանի իրավապաշտպանների խումբը հանգիստ կանգներ և գնար տուն. Դ. Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի՞նչ կլիներ Փաշինյանի հետ, եթե Ազգային ժողովի առջև կանգնած Ռուբեն Մելիքյանի իրավապաշտպանների խումբը հանգիստ կանգներ ու գնային տուն։ Պետությունը մեծահոգություն ցուցաբերած կլիներ, իրավապաշտպանները իրենց գործը արած կլինեին, Փաշինյանի կառավարության որևէ պաշտոնյա մեկնաբանություն տված կլիներ, հասարակությունն էլ իր առօրյա կյանքը սովորականի նման ապրած կլիներ։

Բայց դա կլիներ այն դեպքում, երբ պետությունն ինքնավստահ է, նրա պաշտոնյաները ինքնաբավ ու հզոր պետական այրեր են։ Իսկ երբ պետությունը ներկայացնող մարդիկ այն են, ինչ կան, իրավապաշտպաններին բերման են ենթարկում ու մատից ծծված մի հարց կախվում է օդում՝ Ու՞մ է սա ձեռնտու։

Ինչու՞ է պետությունը գնում սեփական Երկրի ապագայով մտահոգված իրավապաշտպանների հետ առճակատման ճանապարհով։ Մի՞թե նախկին երեսփոխան, խմբագիր և ընդդիմախոս Փաշինյանը չգիտի քաղաքացիական ազատությունների արժեքը։ Մի՞թե քաղաքացիական ազատությունների ու դրանց իրականցաման շնորհիվ չէր, որ նա եկավ անարյուն իշխանափոխության, որը հիմա հեղափոխություն է կոչվում։ Մի՞թե այդ նույն հասարակության անդամներն ու կուսակցություններն ու նրանց առաջնորդները չէին կանգնած նրա կողքին և, ովքեր, առայսօր պատրաստ էին համագործակցության՝ հանուն հայրենիքի։ Ես երբեմն կարդում եմ իմ հին հոդվածները և տեսնում, որ նա իմ մեջ սպանեց մեր ապագայի հանդեպ հավատը։ Իսկ ես երիտասրդ չեմ, ու թերևս, այլևս չտեսնեմ համազգային այնպիսի մի փոռթկում, որի ականատեսն էի ընդամենը երկու տարի առաջ։ Ի՞նչ է, եթե Ռուբեն Մելիքյանն ու իր ընկերները հրավիրվեին քաղաքակիրթ հարցազրույցի, ավելի լավ չէ՞ր լինի։

Պետականության հաստատման ու ներքին խաղաղության համար, իհարկե, լավ կլիներ, սակայն իշխանությունն ուրիշ խնդիրներ է լուծում՝ այն է․ Բևեռացում և ինքնաոչնչացում։ Եւ, այլևս, կապ չունի, թե ինչպիսին էին հները։ Քանզի պատմության համար հինն ու նորը ժամանակավոր հասկացություններ են։ Հարյուր տարի հետո ետ նայողը ասելու է, որ այսինչ այսինչյան վարչապետը սեփական ժողովրդին մասերի բաժանեց ու ավելորդ ինքնասիրությամբ, ինքնավստահությամբ տոգորված, օրվա նախագահի հանցավոր համաձայնության ներքո, միանձնյա գերղեկավարությամբ օժտված, կործանեց սեփական Երկիրը, այն հասցնելով, իր իսկ որակումով՝ դժոխքի։

Հիմա, անդրադառնամ այսօրվա խնդիրներին․ Մի՞թե երեք - չորս ամիս առաջ այս Ծառուկյանը նույն Ծառուկյանը չէր։ Ի՞նչ է, ընդդիմությունը քննադատելու իրավու՞նք չունի, թե, այսուհետ, բոլոր քննադատողներն են բերման ենթարկվելու։ Այսօրվա ետխորհրդային աշխարհում կա՞ մեկը, ով առանց օրենքը խախտելու է դարձել մեծահարուստ, և մի՞թե թավշյա ու սիրո հորջորջված հեղափոխության նպատակը ոչ թե մարդկանց բարօրությունն է, այլ հերթով՝ սրան ու նրան պատերին ծեփելը։ Եթե հարստության բռնագրավման ու վերաբաժանման ճանապարհով գնանք, ապա սա բոլշևիզմ է, եթե Ծառուկյանը հանցանք է գործել, ապա դրա համար երկու երկար տարիներ կային։ Թե չէ ի՞նչ է ստացվում, յուրաքանչյուր ընդդիմախոսի ու նրանց պաշտպանող հայուհի կանանց փռելու՞ եք մայթերին։

Քաղաքականությունը հնարավորի և համաձայնության նուրբ արվեստն է։ մենք էլ պատերազմող ու համավարակ ապրող ժողովուրդ ենք։ Արդյո՞ք հաշվեհարդարի ժամն է այսօր։ Կամ արդյո՞ք դա արդար է, երբ Դուք օգտագործում եք Ձեր իսկ պատճառով երկարացված կարանտինը, նրա սահմանափակումները՝ կասկածելի օրենքներ ընդունելու և ձերբակալումների համար, երբ մարդիկ զրկված են անգամ բողոքելու իրավունքից։

Հիմա Դիմում եմ Ձեզ, սիրելի ճերմակներ։ Դուք գիտե՞ք, որ այդ Դուք չեք որոշում՝ սև եք Դուք, թե՞ սպիտակ։ Դա որոշում է Ձեր սրտի տիրակալն ու խմորվող բռնապետ Փաշինյանը։ Իսկ նա դա անում է՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Երեկ Ծառուկյանն էլ էր սպիտակ։ Վաղը Ձեր տուն են մտնելու կամ Ձեր եղբոր տուն, ու նրանց են հայտարարելու սև։ Թե՞ կարծում եք ետխորհրդային Հայաստանում սպիտակ մարդիկ շատ են։ Հավատացած եղեք, որ գրեթե չկան։ Մի ծափահարեք այս օրինազանց վակխանալիային, որովհետև այս քամին Ձեր բակի ծառերի սաղարթն էլ է թռցնելու, հավատացած եղեք։ Թե՞ կարծում եք Չարենցը "Լենինն ու Ալին" գրելիս, մտածում էր, որ կմեռնի մեծամասնական բանտախցում։

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին, Աշնան քամին...
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին...

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով...

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արնամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք...

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին...

Եղիշե ՉԱՐԵՆՑ

Ձեզ բարի վաղվա օր եմ ցանկանում»։