կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-05 11:45
Քաղաքական

Եթե ես նրան հարվածած լինեի, նա հիվանդանոցում կլիներ. Գեղամյանը հերքում է, որ հարձակվել է Փաշինյանի վրա

Եթե ես նրան հարվածած լինեի, նա հիվանդանոցում կլիներ. Գեղամյանը հերքում է, որ հարձակվել է Փաշինյանի վրա

Արդեն հայտնել ենք, որ ԱԺ նիստի ժամանակ վիճաբանություն եղավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև:

Վիճաբանությունն այդքանով չի ավարտվել: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Լրագրողները խորհրդարանում Արտաշես Գեղամյանից փորձեցին պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

«Մեկ րոպե, ե՞րբ ա եղել այդ հարձակումը: Կես ժամից ավելի մենք այստեղ քննարկում ենք անում»,- ասաց Գեղամյանն իր աշխատասենյակ այցելած լրագրողներին:

Դիտարկմանը` Փաշինյանի այտը կարմրած էր, նա պատասխանեց. «Դե ամոթից երևի կարմրել ա: Անհիմն հայտարարություններ որ անում է, մարդ է, խիղճը տանջում է, կարմրել է»:

Yerkir.am-ի հարցին` ստացվում է` բռունցքներով չի՞ հարվածել Փաշինյանին, Գեղամյանը պատասխանեց. «Եթե ես նրան բռունցքներով խփեի, նրան հիվանդանոց կտանեին, որովհետև ես 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը` «մի երկու անգամ կոշիկներս փայլեցրել է իրենով», Գեղամյանը, ցույց տալով հագուստը, հարցրեց` դուք որևէ փայլ տեսնո՞ւմ եք: Ապա, դիմելով լրագրողներին, ասաց. «Ես կռված մարդու տեսք ունե՞մ»:

Դիտարկմանը` նյարդային է, արձագանքեց. «Նյարդային եմ, որովհետև 10 հոգով հարձակվել եք վրաս, գործից կտրում եք: Բայց ինչի՞ պետք ա հարձակվեի: Եթե ես գիտեմ` ճշմարիտ եմ, բռունցքով ի՞նչ պետք է ապացուցեմ: Նորից եմ ասում` եթե բախում լիներ իմ և ձեր հիշատակած մարդու միջև, ապա նա հիվանդանոցում կլիներ»:

Հարցին` ինչո՞ւ անունը չի տալիս, Գեղամյանն արձագանքեց. «Ինձ տհաճ է անունը տալ, և եթե տղամարդկանց միջև վիճաբանություն է լինում, ապա համարժեք են պատասխանում, ոչ թե իսկույն ևեթ, «Ֆեյսբուք» եք հա՞ ասում, հայտարարում»:

Լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ նաև Նիկոլ Փաշինյանից: Հարցին` ինչպե՞ս է զգում, պատասխանեց. «Լավ եմ, ինչ պետք էր գրել եմ «Ֆեյսբուք»-ում»:

Yerkir.am-ի դիտարկմանը` Գեղամյանը նշել է, եթե բռունցքով հարձակված լիներ, ապա նա հիմա հիվանդանոցում կլիներ, արձագանքեց. «Դա նշանակում է որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյան է, էլ ի՞նչ ասես, առաջարկում է հրապարակային սպարի՞նգ կազմակերպենք»:

Ի դեպ, երբ լրագրողները գնացին Փաշինյանի աշխատասենյակը, այնտեղ էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Դիտարկմանը` Ձեր սենյակից Գագիկ Մելիքյանը դուրս եկավ, Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ ասեցի ձեզ, իրեն էլ եմ նույնը ասել»:

Նա նաև հավելեց` չգիտի` տեսախցիկներն արձանագրե՞լ են տեղի ունեցածը, թե՞ ոչ: