կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 16:05
Հասարակություն

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սևան Դավթյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սևան Դավթյանը

Սույն թվականի հունիսի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից  հեռացավ միջազգային ճանաչում ունեցող գիտնական,  վաստակաշատ մանկավարժ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սևան Պարույրի Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրությունից։

Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սևան Դավթյանը

Սույն թվականի հունիսի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից  հեռացավ միջազգային ճանաչում ունեցող գիտնական,  վաստակաշատ մանկավարժ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սևան Պարույրի Դավթյանը:

Սևան Դավթյանը մեծ ներդրում է ունեցել պոլիմերային քիմիայում նոր ուղղությունների ստեղծման և զարգացման գործում: Հիմնադրել է գիտական նոր ուղղություն` «Պոլիմերացում ոչ իզոթերմ՝ ադիաբատ և ֆրոնտալ պայմաններում», որի հիման վրա իրականացվել են պոլիմերների և պոլիմերային կոմպոզիտների ստացման բարձր արտադրողականությամբ, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներ: Նա գիտական հետազոտություններ է իրականացրել պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման, պոլիմերային նանոտեխնոլոգիաների, գերհաղորդիչ պոլիմեր-կերամիկական նանոկոմպոզիտների սինթեզ և հատկությունների ուսումնասիրություն, հիդրոգելերի սինթեզ ֆրոնտալ պայմաններում, պոլիմերային գրադիենտային նյութերի սինթեզ բնագավառներում:

Սևան Դավթյանն ավելի քան 4 մենագրության, 3 ուսումնական ձեռնարկի, շուրջ 430 գիտական աշխատության հեղինակ է, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Նա հեղինակ է 30-ից ավելի արտոնագրի, 15 գլուխ գիտական նյութերի:

Սևան Դավթյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 22-ին՝ Ախալքալաքում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև 1968թ.՝ Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1970թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1979թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի   ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել Քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1988թ.  ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր:

Սևան Դավթյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1986թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում՝ որպես «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» լաբորատորիայի վարիչ: 1990-1994թթ. աշխատել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես «Էլեկտրաքիմիա և ֆիզիկական քիմիա» ամբիոնի վարիչ, 1994-2003թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 2003-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006-2017թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» ֆակուլտետի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի վարիչ: 2018թ-ից եղել է ՀԱՊՀ-ի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, որի գիտական ուղղությունն է պոլիմերացման պրոցեսների ջերմային ռեժիմների ուսումնասիրությունը, պոլիմերային կոմպոզիտային նյութերի և նանոկոմպոզիտների սինթեզը և հատկությունների հետազոտումը, պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորումը և այլն:

Սևան Դավթյանը 2008թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման: 2013թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե հուշամեդալի: 2015թ.  արժանացել է   ՀՀ Նախագահի մրցանակի` С. П. Давтян, А. О. Тоноян. // Теория и практика адиабатической и фронтальной поли­ме­ризации.  Palmarium Academic Publishing, 2014, 660 стр. մենագրության համար: 2016թ., 2018թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից արժանացել է «Արդյունավետ գիտաշխատող» պարգևի:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին բաժանմունքը սգում է Սևան Դավթյանի կորուստը: Անվանի  գիտնականի և հայրենասեր քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում»: