կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 11:39
Աշխարհ

ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անհուսալի են. Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անհուսալի են. Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Սոն Գվոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հարաբերություններ պահպանելուց որևէ օգուտ չեն ակնկալում. այս մասին հայտնում է The Guardian-ը՝ երկրի պետական լրատվամիջոցի հրապարակմանը հղումով։ 

Մասնավորապես, նշվում է՝ պաշտոնական Փհենյանն այսպիսի գնահատական է հնչեցրել Հյուսիսային Կորեա-ԱՄՆ առաջին գագաթնաժողովին հաջորդած երկու տարիներն ամփոփելու համատեքստում:

Արտգործնախարար Գվոնը հայտարարություն է տարածել առ այն, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն ապացուցում է, որ Վաշինգտոնը շարունակում է երկարաժամկետ սպառնալիք հանդիսանալ Հյուսիսիային Կորեայի, ինչպես նաև նրա ժողովրդի համար. «ԿԺԴՀ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հույսերը, որոնք ի հայտ էին եկել երկու տարի առաջ և համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել, այսօր կրկին վերածվել են անհուսալիության՝ վատթարացման դինամիկայով»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ 2018թ-ի հունիսին Սինգապուրում անցկացված երկկողմ առաջին գագաթնաժողովից հետո էական առաջընթաց չի գրանցվել։ Փհենյանը դեռևս սպասում է ամերիկյան պատժամիջոցների թուլացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություների կատարմանը, իսկ Վաշինգտոնը հայտարարում է այն մասին, որ գոհ չէ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զինաթափման ուղղությամբ կատարվող քայլերից: